Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՇԱԿԻ ՕՐԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ

Նոյեմբեր 25,2005 00:00

«Խնայբանկից»
թոշակ կարելի է ստանալ ոչ թե մեկ ամսում, այլ՝ 12 օրում «Ես
թոշակս ստանում եմ մի քանի ամիսը մեկ՝ խնայդրամարկղից: Օրերս դրամարկղի աշխատողն
ինձ զգուշացրեց, թե սրանից հետո թոշակառուն պետք է ամեն ամիս պարտադիր ստանա թոշակը,
այլապես՝ հետ կուղարկեն կենտրոն: Իսկ թե ի՞նչ է դա նշանակում՝ գիտեմ, մի անգամ արդեն
ստացել եմ: Բացի այնտեղ գնալ-գալու լրացուցիչ ծախսերից, մի քանի հարյուր դրամ էլ
աշխատողներն են պահում: Մի՞թե երկիրը պարտավոր չէ մեր թոշակը տալ՝ առանց լրացուցիչ
ու նվաստացուցիչ սահմանափակումներ դնելու»,- «Առավոտին» է բողոքել 70-ամյա Ալեքսանդր
Գեւորգյանը: «Փոփոխությունն արվել է ֆինանսների արդյունավետ օգտագործման նպատակով:
Չստացված թոշակի գումարը հենց այնպես դրամարկղում պահելու փոխարեն կարելի է օգտագործել
մարզերի թոշակառուների գումարն ավելի շուտ փոխանցելու կամ թաղման նպաստները շուտ
հատկացնելու նպատակով: Ինչ վերաբերում է չստացած թոշակը կենտրոն ուղարկելուն եւ լրացուցիչ
թղթարարությանը, ապա դրա կարիքը կառաջանա միայն 6 ամիս անց: Իսկ մինչ այդ, յուրաքանչյուր
ամսվա չվճարված թոշակը կգումարվի հաջորդ ամսվա գումարին՝ մինչեւ 6 ամիսը լրանալը:
Դրանից հետո էլ գումարը չի կորչում՝ թոշակառուից պահանջվում է ընդամենը հիմնադրամի
տարածքային կենտրոնում մի դիմում գրել եւ վերջ»,- խնդիրը պարզաբանեց Կենսաթոշակային
հիմնադրամի գլխավոր աուդիտոր Եղիշե Սարգսյանը: Թոշակների վճարումով զբաղվում
են «Հայփոստը» եւ «Հայխնայբանկը»: Ընդ որում, «Հայփոստը» բաշխումը պարտավոր է կատարել
7 աշխատանքային օրվա ընթացքում, այնուհետեւ մնացած գումարը վերադարձնել հիմնադրամին:
Այս կազմակերպության ծառայությունից օգտվում են նաեւ այն թոշակառուները, ովքեր գերադասում
են գումարը ստանալ տանը՝ փոստատարի մատուցմամբ: Իսկ «Հայխնայբանկից» օգտվողներին,
որոնք բանկում ունեն հատուկ հաշվեհամար, հնարավորություն էր տրված ստանալ 30 օրացուցային
օրվա ընթացքում, այսինքն՝ մինչեւ մյուս թոշակի օրը: Այսպիսով, հիմնադրամը չէր կարողանում
հստակ պատկերացում ունենալ՝ ո՞ր համայնքում ինչքա՞ն գումար է բաշխվել, ինչքա՞նը՝
մնացել: Այսինքն՝ չէր կարողանում իրականացնել ֆինանսական ոլորտի լիարժեք կառավարում:
Բացի այդ, մնացած-չբաշխված գումարներից օգտվում էր բանկը՝ շրջանառելով եւ եկամուտ
ունենալով դրանից: Նոր փոփոխությունից հետո 30 օրը դարձել է 12 օրացուցային
օր, որից հետո «Հայխնայբանկը» նույնպես պետք է վերադարձնի հիմնադրամի գումարը, եւ
հաշվարկներ ու ամփոփում անելն արդեն հնարավոր կդառնա: Սակայն կրկին 5 օրվա անհամապատասխանություն
է առաջանում փոստից ու բանկից ստացողների համար սահմանված օրերի միջեւ: «Ճիշտ է,
բայց չուզեցինք միանգամից կրճատել ու հավասարեցնել բաշխման օրերի թիվը, որ բանկից
ստացողներն աստիճանաբար վարժվեն բաշխման օրերի կրճատմանը: Հետագայում հնարավոր է
նաեւ այդ տարբերության վերացում»,- ասաց մեր զրուցակիցը: Մեկ այլ խնդիր էլ կա՝ մարդիկ
կան, որոնց ձեռնտու է միանգամից ստանալ մի քանի ամսվա թոշակը, կամ էլ նախընտրել են
բանկային միջոցը, որ ազատ տեղաշարժման հնարավորություն ունենան, եւ պարտավորված չլինեն
թոշակի օրերին անպայման տանը մնալ ու սպասել փոստատարին: «Ես համաձայն եմ, որ թոշակառուն
իր թոշակի լիիրավ տերն է եւ ճիշտ մոտեցումն այն է, որ երբ ուզի՝ այն ժամանակ էլ ստանա
գումարը: Բայց դեռեւս պետությունն այնքան միջոցներ չունի, որ անցնի կուտակային համակարգին:
Դրա համար նաեւ պետք է մշակել անհրաժեշտ մեխանիզմներ, եւ հիմնադրամն այժմ պատրաստվում
է լուրջ բարեփոխումների»,- պարզաբանեց Ե. Սարգսյանը: Փոփոխության մասին տպագիր
զգուշացումներ դեռեւս փակցված չկան, գուցե՝ չփակցնեն էլ: «Բանկն է վճարողը, ինքն
էլ պետք է մտածի այդ մասին»,- հիմնադրամին ապահովագրեց գլխավոր աուդիտորը: ՌՈՒԶԱՆ
ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել