«ԱՅՈ»-Ն
ՄԵԶ ՁԵՌՔ Է ՏԱԼԻՍ» Երեկ նախագահի խորհրդական, ՀԺԱՄ նախագահ
Սեյրան Ավագյանը Մոսկվայի սերվիսի պետական համալսարանի Երեւանի մասնաճյուղում ամփոփեց
սահմանադրական «այո»-ի քարոզը:Բուհի ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպման ժամանակ
նա հանուն արդարության նշեց, որ առաջարկվող փոփոխությունները թերի կողմեր ունեն:
Բայց մեր կյանքը հենց նրանով գեղեցիկ համարեց, որ փոփոխություններն անընդհատ են անհրաժեշտ,
ու հիմնավորեց այս փոփոխությունների օրհասականությունը: «Որ կյանքի որակը պետք է
փոխվի՝ Հայաստանում բանավեճ չկա: Խնդիրը մոտեցումներն են: Մենք գտնում ենք, որ դա
պետք է լինի հիմնարար, խորքից՝ Սահմանադրությունից»,- ասաց նախագահի խորհրդականը
եւ տարակուսեց այս համոզմունքի հիմնավոր լինելու հարցում. «1990-ից առայսօր ԱԺ 6
նախագահ ենք ունեցել, 10 վարչապետ է փոխվել եւ 3 առաջին դեմք (քանի որ առաջին Հայաստանն
առավել պառլամենտական երկիր էր՝ նկատի է առնվում նաեւ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը-
Ն. Գ.): Որեւէ պետության կյանքում 15 տարում այսքան փոփոխություն եղե՞լ է: Հիմա չե՞ն
ասի՝ էս հայերը 15 տարում երեք առաջին դեմք են փոխել, չորրորդը փոխելու համար հեղափոխությո՞ւն
են անում»: Քարոզի իր հատվածը բուհի ռեկտոր Մուշեղ Ասոյանը այսպես իրականացրեց.
«Նախագծում առկա երկքաղաքացիության արգելքի հանումը բերում է նրան, որ Հայաստանում
մեծ քանակությամբ կապիտալ կներդրվի, դա կբերի սերվիսի ոլորտի, արտադրության զարգացում,
բնակչության կենսամակարդակի բարձրացում: Մենք կողմնակի՞ց ենք դրան. իհարկե` կողմնակից
ենք»: Այսպիսի ոգով 20 րոպեանոց ելույթից հետո ռեկտորը իր դասախոս-ուսանող ունկնդիրներին
բացատրեց, որ «Այո»-ն մեզ ձեռք է տալիս», ու հարցրեց՝ «Ընդունո՞ւմ եք»: Դահլիճից
հնչեց ցանկալի «այո»-ն: Ն. Գ.