Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմությունն ապավինում է ժողովրդին

Նոյեմբեր 25,2005 00:00

Ժողովրդից է կախված՝ Վ. Մանուկյանը կոնյակ
կխմի՞, թե՞ ոչ «Բոյկոտը բողոքի եւ հանրաքվեից դուրս գալու նշան
չէ, այլ պայքարի ամենաազդեցիկ միջոցը: Սա բոյկոտ է այն խաղերին, որոնք շատ հեռու
են մեր պետության ու ժողովրդի շահերից»,- երեկ հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց
ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը: Իսկ հանձնաժողովներից անդամներին ետ կանչելու ընդդիմության
որոշման առիթով էլ հիմնավորեց. «Փորձը ցույց է տալիս, որ փոքրաքանակ հանձնաժողովի
անդամներով հնարավոր չէ վերահսկել, որպեսզի «ոչ»-ն «այո» չդառնա: Բացառիկ հնարավորություն
է ուղղակի հաշվել, թե քանի հոգի է մտնում ընտրատեղամաս»: Նորմալ վերահսկողության
դեպքում պարոն Մանուկյանը կասկած չունի, որ կկարողանան ապացուցել իշխանական կեղծիքները:
Ամփոփելով հանրաքվեի քարոզարշավային գործընթացը, ԱԺՄ նախագահը մեկ անգամ եւս հստակեցնում
է ընդդիմադիրների պայքարի հիմնական պատճառը. «Պետությունում իշխանությունը ժողովրդից
հափշտակված է: Մարդկանց մի խումբ կեղծ ընտրությունների միջոցով իշխանությունը վերցրել
է իր ձեռքը եւ իշխանության ցանկացած վերաբաշխումները ոչինչ չեն տալու մեր պետությանն
ու ժողովրդին»: Սակայն, եթե անգամ Հայաստանը լիներ դեմոկրատական երկիր՝ լեգիտիմ
իշխանությամբ, ԱԺՄ-ն դարձյալ կողմ չէր լինի առաջարկվող սահմանադրական փոփոխություններին.
«Ես այստեղ ոչ մի քայլ առաջ չեմ տեսնում: Այս փոփոխություններով իշխանության վերաբաշխումը
պետության ներսում կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծում»: Առարկայական դարձնելու համար
ասվածը, պարոն Մանուկյանը վերհիշեց, որ 1990-91 թվականներին իր եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի
անհամաձայնության մեջ կային եւ քաղաքական, եւ անձնական բնույթի հարցեր: Քանի որ այն
ժամանակվա սահմանադրությունն ու օրենքները հնարավորություն չէին տալիս քաղաքական
տարաձայնությունները լուծելու, ուստի դրանք վերաճում էին զուտ անձնականի: Նմանատիպ
իրավիճակ ԱԺՄ նախագահը մատնանշում է գործող Սահմանադրության պարագայում, երբ Վազգեն
Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը ԱԺ-ում վերցրին իշխանությունը, իսկ Ռոբերտ Քոչարյանը
մնաց նախագահ: «Այժմ այդ կոնֆլիկտը գծագրված է փոփոխություններում՝ նախագահ-կառավարություն-ԱԺ,-
ասում է ԱԺՄ նախագահն ու այսպիսի ելք առաջարկում,- պետք է գնալ կամ դեպի նախագահական
պետություն, կամ՝ պառլամենտական»: Որ հանրաքվեն կեղծվելու է՝ Վազգեն Մանուկյանն
այլընտրանք չի տեսնում, ուստի տարակուսում է, թե՝ էլ ինչպե՞ս կարելի է շարունակել
ապրել նման երկրում. «Մենք կվերահսկենք: Իսկ ժողովուրդը կկանգնի՞ իր իրավունքները
պաշտպանելու, կհավատա՞ իր ուժերին, դուրս կգա՞ն փողոց եւ կպայքարե՞ն կեղծիքի դեմ՝
կախված է ժողովրդից: Եթե ժողովուրդն ուզում է՝ մենք առաջին շարքերում կլինենք, հարվածը
մեր վրա կվերցնենք եւ կփոխենք իրավիճակը: Այստեղ հերոսների խումբ պետք չէ, այլ ժողովրդի
ցանկություն»: «Արդյո՞ք այս «թե»-ականությունը պատասխանատվությունից խուսափելու ձեւ
է»,- «Առավոտի» հարցի պատասխանը եղավ. «Իմ եւ մեր կուսակցության սկզբունքը եղել է՝
միշտ ժողովրդին համոզել, թե ինչն է ճիշտ եւ առաջնորդել այդ համոզմունքն իրականացնելու
համար, ոչ թե մեզ դնել ժողովրդին երջանկացնողների տեղ: Փորձը ցույց է տալիս, որ մարդկանց
այն խումբը, ովքեր իրենց դնում են ժողովրդին երջանկացնողների տեղ՝ առանց ժողովրդին
իրենց ետեւում ունենալու, չարիք են դառնում պետության համար»: 2004-ի ապրիլյան
դեպքերի հիման վրա դատողություններ անողներին Վ. Մանուկյանը խորհուրդ չի տալիս «անցյալից
ելնելով ապագայի մասին դատողություններ անել», քանզի դա կնշանակի «երբեք ոչինչ չանել,
որովհետեւ ամեն ինչ կկրկնվի»: Մինչդեռ՝ «Ամեն անգամ կրկնվում է ուրիշ ձեւով, եւ միշտ
հնարավորություն կա այդ վիճակը փոխելու»: «Մի քանի օրից կհանդիպենք՝ տարբեր
տեղերում»,- լրագրողներին բազմանշանակ հրաժեշտ տվեց ԱԺՄ նախագահը: «Շամպայն կխմե՞նք»
հարցին պատասխանեց, որ ինքը շամպայն չի սիրում, ուստի կոնյակ կխմի: ՆԵԼԼԻ
ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել