ՄԱՐԶԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ Նոյեմբերին 110-րդն ենք Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը (ՖԻՖԱ) երեկ հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման նոյեմբեր ամսվա ցուցակը, որը նախավերջինն է 2005 թվականի մրցաշրջանում: Ավանդաբար այն շարունակում է վստահորեն գլխավորել աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիան: Ըստ հերթականության՝ առաջատարների եռյակում են Չեխիան եւ Հոլանդիան: Իսկ լավագույն տասնյակը կազմել են. 4. Արգենտինա, 5. Ֆրանսիա, 6. Իսպանիա, 7. Մեքսիկա, 8. ԱՄՆ, 9. Անգլիա, 10. Պորտուգալիա: Հոկտեմբեր ամսվա համեմատ Հայաստանը նահանջել է մեկ հորիզոնականով եւ այժմ զբաղեցնում է 110-րդ տեղը: Նախկին ԽՍՀՄ հանրապետությունները հանգրվանել են հետեւյալ հորիզոնականներում. 34. Ռուսաստան, 40. Ուկրաինա, 58. Ուզբեկստան, 59. Բելառուս, 70. Լատվիա, 77. Էստոնիա, 98. Լիտվա, 100. Վրաստան, 108. Մոլդովա, 112. Թուրքմենստան, 113. Ադրբեջան, 139. Ղազախստան, 141. Տաջիկստան, 153. Ղրղըզստան: Առանց օրհներգի՞ ՖԻՖԱ-ի նախագահ շվեյցարացի Զեպպ Բլատթերը հանդես է եկել ազգային հավաքականների հանդիպումներից առաջ երկրների օրհներգերը չհնչեցնելու անսպասելի առաջարկով: Նա այդ մասին ասել է «Շվայցեր Իլյուետրիտե» հանդեսին: Բլատթերի կարծիքով միանգամայն բավարար է հանդիպումներից հետո ֆուտբոլիստների ավանդական ձեռքսեղմումը: Համաշխարհային ֆուտբոլի ղեկավարի համար այսպիսի առաջարկություն անելու պատճառ են դարձել նոյեմբերի 16-ին Ստամբուլում աշխարհի 2006 թվականի առաջնության ընտրական մրցաշարի Թուրքիա-Շվեյցարիա պատասխան հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպերը: Այդ օրը խաղի ժամանակ եւ հետո թուրք ֆուտբոլասերները տարբեր իրերով «գնդակոծել» էին շվեյցարացի ֆուտբոլիստներին, որին հաջորդել էր տրիբունաների ծեծկռտուքը: Ընդ որում, անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ թուրք վայ-ֆուտբոլասերները Շվեյցարիայի օրհներգը հնչելու ժամանակ սուլել են: Առաջին տասնյակում հարեւան են Պրոֆեսիոնալ թենիսիստների համաշխարհային ասոցիացիան հրապարակեց ATP-ի վարկանիշային դասակարգման ամփոփիչ աղյուսակը՝ 52 շաբաթների արդյունքով: Ուրախալի է, որ մեր հայրենակիցներ՝ արգենտինացի Դավիթ Նալբանդյանը եւ ամերիկացի Անդրե Աղասին որպես հարեւաններ տեղ են զբաղեցնում առաջին տասնյակում: 1. Ֆեդերեր (Շվեյցարիա), 2. Նադալ (Իսպանիա), 3. Ռոդիկ (ԱՄՆ), 4. Հյուիթ (Ավստրալիա). 5. Դավիդենկո (Ռուսաստան), 6. Նալբանդյան (Արգենտինա), 7. Աղասի (ԱՄՆ), 8. Կորիա (Արգենտինա), 9. Լյուբիչիչ (Խորվաթիա), 10. Գաուդիո (Արգենտինա):