Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վտանգավոր»

Նոյեմբեր 24,2005 00:00

«Վտանգավոր» կոմպոզիտորի փառատոնը Այսօր Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահում կմեկնարկի Վահրամ Բաբայանի երաժշտության երկրորդ փառատոնը՝ նվիրված կոմպոզիտորի ստեղծագործական գործունեության 50-ամյակին: Փառատոնի կազմակերպմանն աջակցել են Հայկական երաժշտական համաժողովը, Երաժշտագիտական գրադարանը, «Նարեկացի» արվեստի միությունը: Ստեղծված է փառատոնի կազմկոմիտե, որտեղ ընդգրկված են արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Արաքսի Սարյանը, Երաժշտագիտական գրադարանի տնօրեն Գուլո Նահատակյանը, «Գանձասար» արական երգչախմբի գեղարվեստական ղեկավար Առնո Բարխուդարյանը եւ այլք: Մինչ կոմպոզիտորի հետ հանդիպումը՝ երաժշտագետ Ա. Սարյանին խնդրեցինք երկու խոսքով բնութագրել Վ. Բաբայան կոմպոզիտորին: Ըստ նրա՝ կոմպոզիտորի ստեղծագործական վաղ շրջանին հատուկ է ավանգարդիստական կողմնորոշումը, միջին շրջանում հակվել է դեպի նեոռոմանտիզմը, հասուն շրջանում՝ դեպի էքսպրեսիոնիզմը: Ստեղծագործում է բոլոր ժանրերում՝ 6 օպերա, 4 բալետ, 8 սիմֆոնիա, 2 օրատորիա, բազմաթիվ վոկալ, գործիքային, անսամբլային ստեղծագործություններ: Մեր հարցին՝ ստեղծագործական վաղ շրջանից մինչեւ այսօր, չգիտես ինչու, ձեր կոլեգաների շրջանում համարվում եք «վտանգավոր» մարդ, ի՞նչ կասեք այս առիթով, կոմպոզիտորը հայտնեց, որ իր «անհաջողությունների» շրջանը սկսվել է 1970-ից, երբ Դմիտրի Շոստակովիչը ընդամենը երկու տող է գրել իր մասին. «Այս հայ կոմպոզիտորը տաղանդավոր է: Ես քիչ ստեղծագործություններ եմ լսել ու կցանկանայի ծանոթանալ նրա մյուս ստեղծագործություններին: Համոզված եմ՝ նա կդառնա հայտնի կոմպոզիտոր»: Վ. Բաբայանը հայտնեց, որ ինքը 70-ականներին արգելված հեղինակ էր եւ ներկայացրեց այս դիպվածը. «1977-ին Ֆիլհարմոնիկ նվագախումբը, Դավիթ Խանջյանի ղեկավարությամբ, փորձում էր իմ «Պիգմալիոն» բալետի սյուիտը: Հանկարծ դադարեցվեց փորձը, նրան կանչեցին հեռախոսի մոտ, վերադարձավ ու ասաց՝ ստեղծագործությունդ չի հնչելու»: Միայն ժամանակ անց է կոմպոզիտորին հաջողվել պարզել, որ դա եղել է կենտկոմի հրահանգ, զանգահարողն էլ՝ կուլտուրայի բաժնի վարիչ Գուրգեն Առաքելյանը: Հետաքրքրվեցինք, թե ի՞նչն էր պատճառը: Կոմպոզիտորի փոխանցմամբ, պատճառը, ըստ վերեւների, իր բուրժուական մտածողությունն ու ավանգարդիստական մոտեցումն էր: Ավելին, Շոստակովիչի՝ վերը հիշատակված խոսքից հետո կոմպոզիտորի հետ հարաբերությունները խզել է նաեւ այն տարիներին Կոմպոզիտորների միության նախագահը. «Իմ ստեղծագործությունները հանվում էին ծրագրերից, արտերկրից հրավերներն էլ՝ թաքցվում»: Այս ամենին զուգահեռ, կոմպոզիտորը հայտնեց նաեւ, որ անգամ իր պրոֆեսորը՝ ճանաչված կոմպոզիտոր Գրիգոր Եղիազարյանն է թշնամացել իր հետ: Հետաքրքրությանը՝ ինչպե՞ս են վերաբերվում ձեզ նոր ժամանակներում, Վ. Բաբայանը պատասխանեց. «Նոր ժամանակներում, օրինակ՝ մշակույթի նախարարությունը, ինձ հետ կապված՝ լռում է: Դե, նրանք ուրիշ երաժշտություն են սիրում… Շարքը կարող եմ շարունակել, բայց ավելի լավ է նշեմ, որ իմ երկերը հնչել են աշխարհի 35 երկրում, բազմաթիվ հեղինակային փառատոներում, համերգներում, մեծ կտավի գործերս բեմադրվել են՝ դարձյալ արտերկրում, օրինակ՝ «Բալթիմորում» բալետի պրեմիերան կայացավ 1995-ին, ԱՄՆ-ում»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել