«Կլեկչյանը հրաժարվել է բնակարանից» Պնդում են սեփականատերերը Երեւանի Ամիրյան փողոցի թիվ 14 տանը գրանցված Սամվել Կլեկչյանը դեռեւս հացադուլ չի սկսել, բայց պատրաստվում է, եւ՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի շենքի մոտ: Օրերս, երբ եղանք տեղում, նրան էին սպասում ազատամարտիկ ընկերները, իսկ ինքն անձամբ գնացել էր ինչ-որ թղթերի հետեւից: Խնդիրն այն է, որ Ս. Կլեկչյանը իր մոր՝ Գոհար Սարգսյանի հետ 1976 թվից գրանցված է հիշյալ՝ իրացման ենթակա հասցեում, ավելի շուտ՝ գոյություն չունեցող 4/14 հասցեում: Որպես փոխհատուցում նրան առաջարկվել է 2600 դոլար՝ կառավարության սահմանած 6600 դոլարի փոխարեն: Կլեկչյանը փոխհատուցումից հրաժարվել է, ավելին՝ նրան արդեն վտարել են գրանցման, ինչպես նաեւ՝ բնակության վայր հանդիսացող 21,85 քմ տարածքով սենյակից: Ավելի վաղ մենք տեղեկացրել էինք, որ նրան գումար չեն հատկացրել տարածքի համասեփականատերեր Էլեոնորա եւ Ներսիկ Ներսիսյանները: Երեկ խմբագրություն եկավ տիկին Էլեոնորան՝ խիստ վրդովված իր հասցեին հնչած մեղադրանքից: Նա ցույց տվեց փաստաթղթեր, ըստ որի՝ Ս. Կլեկչյանի դեմ իրենց ընտանիքը դատական գործընթաց է սկսել դեռեւս 2003-ից, երբ իրացման մասին խոսք չկար: «Սամվելը մեր տան առանձին տեղակայված սենյակներից մեկի դուռը ջարդել-մտել է 1994-ին, երբ ընկերներից տեղեկացել է, որ այդտեղ ապրող մեր բարեկամը գնացել է Ռուսաստան եւ չի վերադառնալու: Մենք փորձեցինք վտարել, բայց նա խոստացավ, որ կապրի այնքան, մինչեւ տարածքը վաճառելու խնդիր կառաջանա: 2003-ին նման խնդիր առաջացավ, բայց նա դուրս չեկավ սենյակից, առաջարկեցինք 3000 դոլար՝ հրաժարվեց, մենք էլ դատարանի միջոցով հասանք վտարմանը: Այդ ընթացքում՝ մի քանի ամիս առաջ, նույնիսկ վաճառվող 30 հատ մեկսենյականոց բնակարանների ցուցակ ենք ներկայացրել դատարանին, որ ինքն ընտրի՝ մենք կվճարենք, կրկին հրաժարվել է, ավելին է ուզում: Այդ 2600 դոլարն էլ էլի մենք ենք տվել, իսկ դրանից ավելին այլեւս ոչինչ չունենք առաջարկելու»,- ասաց տիկին Էլեոնորան: Նկատենք, որ ոչ միայն այս գործարքում, այլեւ իրացվող մյուս տների սեփականատերերի հետ բանակցությունների ընդունված ձեւը բանավորն է, առաջարկները հիմնականում գրավոր տեսք են ստանում միայն վերջնական փուլում՝ համաձայնության կամ գումարը վճարելու եւ ստացականներ տալու ժամանակ: Բնականաբար, տիկին Էլեոնորան նույնպես չկարողացավ ապացուցել իր «բնակարանային» առաջարկը, ուստի խմբագրությունը ձեռնպահ է մնում որեւէ մեկնաբանությունից: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ