Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՃԳՆԱԺԱՄԱՀԱՐՈՒՅՑ Է

Նոյեմբեր 24,2005 00:00
zurabyan

Գնահատում է քաղաքագետ Լեւոն Զուրաբյանը, որը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղարն էր, իսկ այժմ համագործակցում է «Միջազգային ճգնաժամային խումբ» կազմակերպության հետ:

Մեր դիտարկմանը, թե չի կարող մերժել սահմանադրական փոփոխությունների մի առավելություն՝ ի տարբերություն գործող Սահմանադրության, այս նախագիծն ապահովում է առավել հավասարակշռվածություն իշխանության ճյուղերի միջեւ, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Եկեք վերլուծենք՝ արդյոք այդպե՞ս է:

Նախ, իմ կարծիքով, Սահմանադրության կարեւորագույն գործառույթներից մեկն այն է, որ հասարակությանը եւ քաղաքական համակարգին հեռու պահի հնարավոր լրջագույն ճգնաժամերից: Ուստի հիմնական օրենքը պետք է նախատեսի ճգնաժամերի հանգուցալուծման ուղիներ: Այս առումով՝ գործող Սահմանադրությունն այնուամենայնիվ նախատեսում է ելքեր ամենալուրջ ճգնաժամերից, որն էլ ապացուցվեց ե՛ւ 1998-ին, ե՛ւ 1999-ին, այսինքն՝ նաեւ այն դեպքում, երբ անգամ թվում էր, թե մահացու հարված է հասցված մեր պետությանը:

Հասկանալու համար, թե արդյոք այս նախագիծը նույնպե՞ս նախատեսում է նման լուծումներ՝ տեսնենք, թե ինչպիսին է վարչապետի նշանակման մեխանիզմը: Գործող Սահմանադրության մեջ այս առումով ամեն ինչ հստակ է՝ նախագահն է նշանակում վարչապետին, եւ եթե կառավարության ծրագրին խորհրդարանն անվստահություն չի հայտնում սահմանված ժամկետում, ապա կառավարությունը համարվում է հաստատված: Իսկ նախագծով վարչապետի նշանակման մեխանիզմը շատ անորոշ է: 55 հոդվածի համաձայն՝ նախագահն ԱԺ-ում «պատգամավորական տեղերի բաշխման եւ պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին»: Ի՞նչ մեխանիզմի հիման վրա է նա որոշելու, թե արդյոք թեկնածուն վայելում է կամ չի վայելում մեծամասնության վստահությունը, եթե չի լինելու քվեարկություն: Նշվա՛ծ չէ այդ մեխանիզմը: Իրականում սա նախագահի համար բացում է կամայականությունների դուռը, ու, ըստ էության, որեւէ կերպ չի սահմանափակում նրա իրավունքը՝ վարվելու այնպես, ինչպես վարվում է 1995-ին ընդունված Սահմանադրության շրջանակում: Ընդ որում, նախագահի կամայականության ազատությունը այնքան մեծ կլինի, ինչքան տրոհված լինի Ազգային ժողովը, պարտադրելով խորհրդարանի բազմաթիվ խմբակցություններին առաջին հերթին բանակցել նախագահի, այլ ոչ միմյանց հետ: (Պատահական չէ սահմանադրական բարեփոխմանը զուգահեռ՝ վերջերս թափ առած նորանոր կուսակցությունների վերեւից ստեղծումը):

Ավելի՛ն: Հակասությունները նախագահի եւ Ազգային ժողովի միջեւ հիմնականում ծագում են կառավարության ձեւավորման եւ փոփոխման հարցում:

Նախ, համեմատենք Սահմանադրությունը եւ առաջարկվող նախագիծը կառավարության ձեւավորման հարցում: Նախագծով այս հարցում նախագահն ունի ավելի մեծ իրավունքներ եւ իր թեկնածուի նշանակման ավելի մեծ լծակներ, քան գործող Սահմանադրությամբ: Ըստ գործող Սահմանադրության՝ նորընտիր ԱԺ-ն կարող է չընդունել որեւէ վարչապետի թեկնածություն, անվստահություն հայտնելով կառավարության ծրագրին, եւ նախագահը չի կարող արձակել խորհրդարանն ԱԺ-ի ընտրությունից հետո 1 տարվա ընթացքում (հոդված 63), ինչպես նաեւ նախագահի պաշտոնավարության վերջին 6 ամիսներին (հոդված 55): Սա մի մեխանիզմ է, որը հնարավորություն է տալիս, որ վարչապետ նշանակվի նորընտիր խորհրդարանի վստահությունը վայելող թեկնածուն: Մինչդեռ փոփոխությունների նախագծում հանված է այս կարեւոր արգելքը: Եվ բավական է, որ 2 ամսվա ընթացքում 2 անգամ չանցնի նախագահի ուզած թեկնածուն՝ նա կարող է արձակել խորհրդարանը (հոդված 74.1):

Այնպես որ, կառավարության ձեւավորման առումով անգամ ուժեղացված են նախագահի լիազորությունները: Այն հանգամանքը, որ անվստահության քվեն փոխարինվել է վստահություն ստանալու սկզբունքով՝ համարժեք փոխհատուցում չէ, քանի որ խորհրդարանի արձակման իրավունքի շնորհիվ վերջին խոսքը, միեւնույն է, նախագահինն է: Գործող կառավարության փոփոխման պարագայում իրավիճակը, ըստ նախագծի, իհարկե, այլ է՝ նախագահն արդեն չի կարող հեշտությամբ այն իրականացնել. նման դեպքերում չունի ԱԺ-ն արձակելու իրավունք (եթե այն իհարկե մատնված չէ անգործության) եւ չի կարող ազատել վարչապետին: Մի կողմից՝ սա խորհրդարանի լիազորությունների հզորացում է ի հաշիվ նախագահի, բայց մյուս կողմից՝ սա ստեղծում է շատ լուրջ խնդիր:

Նախագիծը չի առաջարկում ճգնաժամի լուծում այն դեպքի համար, երբ վարչապետի եւ նախագահի միջեւ ծագում են քաղաքական անհաղթահարելի հակասություններ, ավելին՝ նպաստում է դրանց խորացմանը: Ահա թե ինչու: Նախագիծը նախագահին տալիս է բազմաթիվ նոր լիազորություններ: Օրինակ՝ ըստ նախագծի 55 հոդվածի՝ նա «համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում»: Բացի այդ, գործող Սահմանադրության համեմատ, նախագահը ստանում է լրացուցիչ իրավունք՝ նշանակելու բարձրագույն հրամանատարական կազմը ոչ միայն զինված ուժերում, որի գերագույն գլխավոր հրամանատարն է, այլ նաեւ բոլոր այլ զորքերում: Ըստ էության՝ նախագահը դառնում է գլխավոր հրամանատարը բոլո՛ր ուժային կառույցների, այդ թվում՝ նրանց, որոնք ապահովում են ներքին կարգուկանոնը:

Սա վտանգավոր իրավիճակ է պետության մեջ, երբ ստեղծվում է իշխանության 2 կենտրոն՝ յուրաքանչյուրն իր հզոր լիազորություններով եւ բացակայում է նրանց միջեւ հակասությունների լուծման որեւէ մեխանիզմ: Գործող Սահմանադրությամբ նախագահը կա՛մ արձակում է անհնազանդ Ազգային ժողովը, կա՛մ հանդուրժում իշխանության փոխանցումը վարչապետին: Նախագծի պարագայում, որեւէ նման հանգուցալուծում հնարավոր չէ, ինչը հղի է ապակայունացմամբ եւ հեղաշրջումներով:

Նախագծի մեջ տեղ են գտել նաեւ այլ դրույթներ, որոնք նույնպես ունեն ճգնաժամեր ստեղծելու ներուժ: Ասենք, փոփոխությունների նախագծի 51 եւ 52 հոդվածները չեն կարգավորում, թե երբ պիտի նշանակվեն նախագահի նոր ընտրություններն այն դեպքերում, եթե քվեարկությունը չի ավարտվում որեւէ թեկնածուի հաղթանակով կամ թեկնածուներից մեկի մահվան դեպքում: Սա հնարավորություն է տալիս իշխանություններին անորոշ ժամանակով հետաձգել ընտրությունները եւ շեղել երկիրը ժողովրդավարական ուղուց: Մի բան, որ գործող Սահմանադրության մեջ բացառվում է, քանի որ շատ հստակ նշված է, թե բոլոր դեպքերում երբ եւ ինչպես են ձեւավորվում իշխանությունները:

Գործող Սահմանադրության համեմատ՝ այս նախագիծն ունի ճգնաժամեր հաղթահարելու շատ ավելի ցածր ունակություն, եւ ընդունվելու դեպքում՝ մեր քաղաքական համակարգում կարող է պատճառ դառնալ լուրջ ցնցումների»:

Պատրաստեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930