Լրահոս
Օրվա լրահոսը

Էս

Նոյեմբեր 24,2005 00:00

Էս ո՞ւր ենք ընկել Արդեն տեղեկացրել ենք, որ երեքշաբթի օրը Վրաստանի խորհրդարանը որոշում էր ընդունել օրենսդիր մարմնի մշտական հանձնաժողովներում Վրաստանի՝ ԱՊՀ կազմում մնալու հետագա նպատակահարմարության շուրջ քննարկումներ սկսելու մասին: Այս որոշումը, ինչպես եւ կարելի էր սպասել, Մոսկվայում աննկատ չի մնացել: Ընդ որում, Պետդումայի որոշ պատգամավորներ, գուցեեւ մինչեւ վերջ չգիտակցելով իրենց վարքագծի զավեշտականությունը, այնքան բուռն են արձագանքել դրան, որ միանգամայն ակնհայտ է դարձել, թե ինչպես էին նրանք ցայժմ ընկալում ԱՊՀ կոչված անորոշությունը: Եթե անգամ մի պահ համարենք, որ ԱՊՀ-ից հեռանալը վիրավորական է այդ կառույցի համար, ապա առողջ տրամաբանությունը հուշում է, որ Վրաստանից պետք է նեղանային ԱՊՀ բոլոր անդամները: Մինչդեռ, «չգիտես ինչու», Թբիլիսիի այդ մտադրությունը, գոնե արտաքուստ, խոցել է միայն ռուսներին: Ավելին, ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի կոմիտեի ղեկավար Անդրեյ Կոկոշինի եւ ՌԼԴԿ-ն ներկայացնող սկանդալային պատգամավոր Ալեքսեյ Միտրոֆանովի գնահատականներից տպավորություն է ստեղծվում, թե ԱՊՀ-ն մշտապես եղել ու այժմ էլ հանդիսանում է Մոսկվայի անձնական սեփականությունը: Այսինքն՝ ստացվում է, որ նման պահվածքով իրականում հենց ռուսներն են վիրավորում ԱՊՀ մնացած բոլոր անդամներին: Հետեւենք այդ վայ-գործիչների մտավոր «թռիչքներին»: Կոկոշինի խոսքերով՝ արդեն երեկ ՌԴ Պետդուման պետք է հանձնարարականներ տար համապատասխան պրոֆիլային ենթակոմիտեներին՝ կապված տնտեսական, միգրացիոն, վիզային, ֆինանսական եւ մի շարք այլ ոլորտներում Վրաստանի նկատմամբ որոշակի օրենսդրական վերաբերմունք մշակելու հետ: Ուշադրություն դարձնենք, որ վերը թվարկված առանց բացառության բոլոր ոլորտներում էլ հնարավոր փոխհարաբերությունները կարող են կարգավորվել միջպետական երկկողմ համաձայնագրերով: Այսինքն՝ ԱՊՀ-ին անդամակցելու հանգամանքն այստեղ որեւէ դերակատարություն չունի: Եվ առհասարակ, ինչպես հայտնի է, ԱՊՀ անդամները միմյանց նկատմամբ ինչ-ինչ իրավական պարտավորություններ չունեն, իսկ ԱՊՀ-ի ներկայիս կարգավիճակն ու իմաստը լավագույնս բնորոշել է հենց ինքը՝ ՌԴ նախագահ Պուտինը՝ Երեւան կատարած իր վերջին այցի ժամանակ: «ԱՊՀ-ն ընդամենը ակումբ է միմյանցից հնարավորինս խաղաղ բաժանվելու համար»,- այն ժամանակ ասել էր նա: Թերեւս ավելորդ չէր լինի, որ Պուտինն իր այս խոսքերը մեկ անգամ էլ հատուկ կրկներ Դումայի պատգամավոր՝ արդեն իրեն լրիվ կորցրած Միտրոֆանովի համար: Վերջինս առաջարկել է, ոչ ավել, ոչ պակաս, կանխարգելիչ ռմբահարվածներ հասցնել Թբիլիսիին, որն, իբր, ԱՊՀ-ից դուրս գալով՝ նպատակադրվել է «զենքի ուժով լուծել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հարցերը»: Ո՞ւր ենք գնում այսպիսի գործընկերների հետ: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել