Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վտանգավոր» կոմպոզիտորի փառատոնը

Նոյեմբեր 24,2005 00:00

Այսօր
Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահում կմեկնարկի Վահրամ Բաբայանի երաժշտության
երկրորդ փառատոնը՝ նվիրված կոմպոզիտորի ստեղծագործական գործունեության 50-ամյակին:
Փառատոնի կազմակերպմանն աջակցել են Հայկական երաժշտական համաժողովը,
Երաժշտագիտական գրադարանը, «Նարեկացի» արվեստի միությունը: Ստեղծված է փառատոնի
կազմկոմիտե, որտեղ ընդգրկված են արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Արաքսի Սարյանը,
Երաժշտագիտական գրադարանի տնօրեն Գուլո Նահատակյանը, «Գանձասար» արական երգչախմբի
գեղարվեստական ղեկավար Առնո Բարխուդարյանը եւ այլք: Մինչ կոմպոզիտորի հետ հանդիպումը՝
երաժշտագետ Ա. Սարյանին խնդրեցինք երկու խոսքով բնութագրել Վ. Բաբայան կոմպոզիտորին:
Ըստ նրա՝ կոմպոզիտորի ստեղծագործական վաղ շրջանին հատուկ է ավանգարդիստական կողմնորոշումը,
միջին շրջանում հակվել է դեպի նեոռոմանտիզմը, հասուն շրջանում՝ դեպի էքսպրեսիոնիզմը:
Ստեղծագործում է բոլոր ժանրերում՝ 6 օպերա, 4 բալետ, 8 սիմֆոնիա, 2 օրատորիա, բազմաթիվ
վոկալ, գործիքային, անսամբլային ստեղծագործություններ: Մեր հարցին՝ ստեղծագործական
վաղ շրջանից մինչեւ այսօր, չգիտես ինչու, ձեր կոլեգաների շրջանում համարվում եք «վտանգավոր»
մարդ, ի՞նչ կասեք այս առիթով, կոմպոզիտորը հայտնեց, որ իր «անհաջողությունների» շրջանը
սկսվել է 1970-ից, երբ Դմիտրի Շոստակովիչը ընդամենը երկու տող է գրել իր մասին. «Այս
հայ կոմպոզիտորը տաղանդավոր է: Ես քիչ ստեղծագործություններ եմ լսել ու կցանկանայի
ծանոթանալ նրա մյուս ստեղծագործություններին: Համոզված եմ՝ նա կդառնա հայտնի կոմպոզիտոր»:
Վ. Բաբայանը հայտնեց, որ ինքը 70-ականներին արգելված հեղինակ էր եւ ներկայացրեց այս
դիպվածը. «1977-ին Ֆիլհարմոնիկ նվագախումբը, Դավիթ Խանջյանի ղեկավարությամբ, փորձում
էր իմ «Պիգմալիոն» բալետի սյուիտը: Հանկարծ դադարեցվեց փորձը, նրան կանչեցին հեռախոսի
մոտ, վերադարձավ ու ասաց՝ ստեղծագործությունդ չի հնչելու»: Միայն ժամանակ անց է կոմպոզիտորին
հաջողվել պարզել, որ դա եղել է կենտկոմի հրահանգ, զանգահարողն էլ՝ կուլտուրայի բաժնի
վարիչ Գուրգեն Առաքելյանը: Հետաքրքրվեցինք, թե ի՞նչն էր պատճառը: Կոմպոզիտորի փոխանցմամբ,
պատճառը, ըստ վերեւների, իր բուրժուական մտածողությունն ու ավանգարդիստական մոտեցումն
էր: Ավելին, Շոստակովիչի՝ վերը հիշատակված խոսքից հետո կոմպոզիտորի հետ հարաբերությունները
խզել է նաեւ այն տարիներին Կոմպոզիտորների միության նախագահը. «Իմ ստեղծագործությունները
հանվում էին ծրագրերից, արտերկրից հրավերներն էլ՝ թաքցվում»: Այս ամենին զուգահեռ,
կոմպոզիտորը հայտնեց նաեւ, որ անգամ իր պրոֆեսորը՝ ճանաչված կոմպոզիտոր Գրիգոր Եղիազարյանն
է թշնամացել իր հետ: Հետաքրքրությանը՝ ինչպե՞ս են վերաբերվում ձեզ նոր ժամանակներում,
Վ. Բաբայանը պատասխանեց. «Նոր ժամանակներում, օրինակ՝ մշակույթի նախարարությունը,
ինձ հետ կապված՝ լռում է: Դե, նրանք ուրիշ երաժշտություն են սիրում… Շարքը կարող
եմ շարունակել, բայց ավելի լավ է նշեմ, որ իմ երկերը հնչել են աշխարհի 35 երկրում,
բազմաթիվ հեղինակային փառատոներում, համերգներում, մեծ կտավի գործերս բեմադրվել են՝
դարձյալ արտերկրում, օրինակ՝ «Բալթիմորում» բալետի պրեմիերան կայացավ 1995-ին, ԱՄՆ-ում»:
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել