Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ ՉԻ ՀԵՌԱՆԱ

Նոյեմբեր 24,2005 00:00

Եվ
չի բեմադրի պրիմիտիվ դաստիարակչական պիեսներ Հայաստանի թատերական
գործիչների միության հերթական համագումարում Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական
ղեկավար, ԹԳՄ քարտուղար Հակոբ Ղազանչյանը հայտարարել էր, թե հիասթափված է եւ գուցե
հեռանա միությունից: Այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով հանդիպեցինք
պրն Ղազանչյանին: – Այժմ, երբ ձեր հայրը՝ Երվանդ Ղազանչյանը վերընտրվել է
ԹԳՄ նախագահի պաշտոնում, դարձյա՞լ մտածում եք միությունից հեռանալու մասին: –
Ես դա ասացի, երբ համագումարը դեռ չէր ավարտվել: Այն մթնոլորտը, որ տիրում էր այնտեղ,
ինձ իսկապես հիասթափեցրել էր: Ինքս այն մարդկանցից չեմ, որ գտնում է, թե ԹԳՄ-ում
ամեն ինչ իդեալական է: Այդպես մտածողների ուղեղը հաստատ չի գործում եւ երեւակայությունն
այլեւս սպառված է: Դառնանք միությանը, ուր բոլորս պետք է անընդհատ մտնենք ու մեր
առաջարկներն անենք, հուզող խնդիրները ներկայացնենք, թերությունները նշենք: Ինձ ուղղակի
հիասթափեցրեց այն, որ համագումարից ընդամենը 2 օր առաջ ոմանք հիշեցին միության մասին:
– Այնուամենայնիվ, եթե Երվանդ Ղազանչյանը չվերընտրվեր, դուք շարունակելո՞ւ
էիք նույնքան մտահոգ խոսել ԹԳՄ-ի ներքին պրոբլեմների մասին: – Այո, առանց
խոսքի… Գուցե ղեկավար կառույցներում չուզենայի ընդգրկվել եւ արենան թողնեի այն
մարդկանց, ովքեր կգային իշխանության: Ընդհանրապես համագումարները չպետք է առիթ դառնան,
որ որոշ մարդիկ ազգային հերոս դառնալու իրենց ձիրքը դրսեւորեն: Բեմադրությունները
պետք է արվեն թատրոններում եւ ոչ թե համագումարներում: – Համագումարում հնչող
դժգոհություններից մեկն էլ այն էր, որի ԹԳՄ գործիչները քիչ են լսվում, իրենց խնդիրներին
ղեկավարությունը անհաղորդ է մնում: – Եթե որեւէ մեկին ինչ-որ հարց չի բավարարում,
լավ կլինի դիմի նախագահին, պնդի, որ հավաքվենք-քննարկենք: Մենք պետք է ցույց տանք,
որ այնուամենայնիվ քաղաքակիրթ միություն ենք, ուր բոլորս հավասար իրավունքներ ունենք:
– Համագումարում հնչեց կարծիք, որ նոր թատրոն 10 տարվա ընթացքում չի ստեղծվել,
ուրեմն միությունն իր տեղում չէ, ուրեմն ինչ-որ բան այն չէ… – Աբսուրդ է
միությանը մեղադրել նոր թատրոններ չստեղծելու մեջ, դա նույնն է, որ Կոմպոզիտորների
միությանը մեղադրես, թե ինչու նոր սիմֆոնիաներ չեն գրվում: Ով որ մեղադրում էր (հավանաբար
նկատի ունի Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, թատերական ինստիտուտի դասախոս
Ռուբեն Բաբայանին- Գ. Հ.), թող մի քիչ «ուշադիր նայի հայելու մեջ»: Եթե օբյեկտիվ
լինի, հաստատ պատասխանը կգտնի: Ես չեմ ուզում սրել իրավիճակը, բայց խորհուրդ եմ տալիս
«տրամաբանական» ելույթներ ունեցողներին հիշել, որ դիմացինն էլ տրամաբանություն ունի,
եւ տեղն եկած դեպքում կարող է շատ բան ասել ու ավելի խիստ խոսել: – Այսօր
շատերը թատրոն հաճախելու կուլտուրա չունեն, գալիս են պոպկորնով, սննդամթերքով «զինված»,
օրերս էլ տհաճ միջադեպ է գրանցվել ձեր թատրոնում… – Ես երբեք չեմ բեմադրում
դպրոցների ակնկալած ծրագրային նյութերը, որովհետեւ չեմ կարող բեմադրել այնպես, ինչպես
գրված է դասագրքերում: Շատ դեպքերում ներկայացում բոյկոտողներն ու խանգարիչները ուսուցիչներն
են, նրանք սիրում են մտածել աշակերտների փոխարեն: Նույն ուսուցիչները ամենայն ջանասիրությամբ
ամենաապուշ հումորիստների տոմսերը սաղացնում են երեխաների վրա ու երբեք չեն ընդվզում
թեկուզ այն բանի համար, թե ինչու է 10:30-ին հոմոսեքսուալիստների մասին ֆիլմ ցուցադրվում
որեւէ հեռուստաալիքով: Ինչ վերաբերում է օրերս «Սիլվիան» բոյկոտելուն, ասեմ, որ հրաշալի
պիես է՝ բարության մասին, հերոսն իր տուն է բերում անտուն շանը եւ խնամում: Ներկայացման
կեսից ուսուցիչները սկսել են աղմկել, թե հակաբարոյական պիես է, իսկ գլխավոր դերակատարին՝
երիտասարդ մի աղջկա ամենավերջին հայհոյանքն են տվել: Հետո ինչ-որ ուսուցչուհի եկել
է կուլիսներ ու այնտեղ էլ շարունակել քաշքշել… հո չե՞նք շարունակի մնալ այն պրիմիտիվ
դաստիարակչական թատրոնը, որն իր դարը վաղուց ապրել է: Զրուցեց
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել