Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հ2»-ը «Հ1»-ԻՑ ԷԼ «ԿԱԹՈԼԻԿ» Է

Նոյեմբեր 24,2005 00:00

Երեւանի մամուլի ակումբի փորձագետները
շարունակում են իրենց մոնիտորինգը՝ կապված նոյեմբերի 27-ի հանրաքվեի հետ: ԶԼՄ-ներում
սահմանադրության փոփոխություններին առնչվող տեղեկատվության վերլուծության հիման վրա
երեկ ԵՄԱ փորձագետներ Մեսրոպ Հարությունյանն ու Աշոտ Մելիքյանը ներկայացրեցին նոյեմբերի
13-19-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան լրատվամիջոցների առաջարկած լրատվության
մոնիտորինգի արդյունքները: Դիտարկվող շաբաթվա ընթացքում ստախանովյան արդյունքներ
է գրանցել հատկապես «Հ2»-ը: Այնպես որ, զարմանալի չէ, որ երբ Աշոտ Մելիքյանը ներկայացնում
էր «Հ2»-ի տվյալները, «Հայլուրի» թղթակիցը արձանագրեց՝ «Փաստորեն, «Հ2»-ը «Հ1»-ից
ավելի կաթոլիկ է»: «Հ2»-ի «Լրաբեր» ծրագրում սահմանադրական բարեփոխումների մասին
են եղել 140 նյութերից 40-ը, որոնցից 26-ը բացառապես դրական է գնահատել այդ փոփոխությունները,
2-ը՝ բացասական, 12-ը՝ չեզոք: Նույն հեռուստաալիքով հեռարձակվող Արամ Սաֆարյանի հեղինակային
«Խոսքի իրավունք» հաղորդաշարը նախորդ շաբաթ եթեր է գնացել մեկ անգամ եւ նվիրված է
եղել դիտարկվող թեմային: Հաղորդումը ունեցել է բացառապես դրական ուղղվածություն,
քանի որ հյուրերը եղել են ոչ թե ընդդիմախոսներ, այլ նույն «այո»-ի ճամբարի «ջոկատավարներից»՝
Տիգրան Թորոսյանն ու Վահան Հովհաննիսյանը: Արամ Սաֆարյանի հեղինակած «Չորրորդ ստուդիա»
հաղորդաշարը նախորդ շաբաթ եթեր է գնացել չորս անգամ, չորս հաղորդումն էլ նվիրված
է եղել սահմանադրական փոփոխություններին, եւ չորսն էլ «դրական» ուղղվածություն են
ունեցել: «Հ1»-ի «Հայլուրը» նախորդ շաբաթվա իր 167 սյուժեներից 34-ը նվիրել
է դիտարկվող թեմային: Դրանցից 14-ը եղել են դրական ուղղվածության, 2-ը՝ բացասական
եւ 18-ը՝ չեզոք: «Խաչմերուկ» հաղորդաշարը այս շաբաթ 1 դրական եւ 2 բացասական ուղղվածության
հաղորդում է պատրաստել: «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագիրը
7 հաղորդման ընթացքում 64 նյութ է եթեր հեռարձակել, որոնցից 17-ը՝ սահմանադրական
փոփոխությունների մասին, դրանցից 12-ը՝ դրական, 0՝ բացասական եւ 5՝ չեզոք: Նույն
ալիքի «Իրականում» հաղորդումը եթեր է գնացել 5 անգամ, եւ բոլորն էլ նվիրված են եղել
այդ թեմային եւ ունեցել են միայն դրական ուղղվածություն: «ԱԼՄ»-ի «Օրեցօր» լրատվականի
100 սյուժեներից 16-ը նվիրված է եղել փոփոխություններին, դրանցից 5-ը դրական է եղել,
0՝ բացասական եւ 11-ը՝ չեզոք: Ինչ վերաբերում է տպագիր մամուլում տիրող իրավիճակին,
ապա այստեղ, ըստ Մ. Հարությունյանի, սուր բեւեռացում կա՝ որոշ թերթեր միայն դրականն
են ասում, որոշները՝ ճիշտ հակառակը, եւ կան թերթեր, որոնք փորձում են մնալ անկողմնակալ
եւ անաչառ: Վերջիններիս թվում առանձնացվեց հատկապես «Առավոտը», որը նախորդ շաբաթ
հրապարակած իր 229 նյութերից 61-ը նվիրել է դիտարկվող թեմային: Դրանցից 2-ը դրական
է եղել, 15-ը՝ բացասական եւ 44-ը՝ չեզոք: Չեզոքության կողմնակից է նաեւ «Ազգը», որը,
սակայն, շարունակում է քիչ տեղ հատկացնել սահմանադրական փոփոխություններին: Այսպես,
նախորդ շաբաթ «Ազգի» հրապարակած 182 նյութերից միայն 12-ն է վերաբերել այդ թեմային,
դրանցից 2-ը՝ դրական, 1-ը՝ բացասական եւ 9-ը՝ չեզոք: «Հայաստանի Հանրապետության»
հրապարակած 227 նյութերից 39-ը վերաբերել են փոփոխություններին, դրանցից 19-ը՝ դրական,
0՝ բացասական եւ 27-ը՝ չեզոք: «Հայկական ժամանակում» հրապարակված 161 նյութերից 47-ն
է առնչվել դիտարկվող թեմային, դրանցից 2-ն ունեցել են դրական ուղղվածություն, 25-ը՝
բացասական եւ 20-ը՝ չեզոք: «Ռեսպուբլիկա Արմենիի» թերթի 44 նյութերից 11-ը վերաբերել
են թեմային, դրանցից 6-ը՝ դրական, 0՝ բացասական եւ 5-ը չեզոք միտումներ են ունեցել:
«Գոլոս Արմենիի» թերթի 173 նյութերից 15-ը հետաքրքրել է մոնիտորինգն իրականացնողներին,
դրանցից 7-ը՝ դրական, 0՝ բացասական եւ 8-ը՝ չեզոք: «Հայոց աշխարհի» թվերն ունեն հետեւյալ
տեսքը. հրապարակվել է 186 նյութ, թեմային առնչվել է 51-ը, դրական՝ 25-ը, բացասական՝
2-ը եւ չեզոք՝ 24-ը: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել