Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՃԳՆԱԺԱՄԱՀԱՐՈՒՅՑ Է

Նոյեմբեր 24,2005 00:00

Գնահատում
է քաղաքագետ Լեւոն Զուրաբյանը, որը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի
քարտուղարն էր, իսկ այժմ համագործակցում է «Միջազգային ճգնաժամային խումբ» կազմակերպության
հետ: Մեր դիտարկմանը, թե չի կարող մերժել սահմանադրական փոփոխությունների
մի առավելություն՝ ի տարբերություն գործող Սահմանադրության, այս նախագիծն ապահովում
է առավել հավասարակշռվածություն իշխանության ճյուղերի միջեւ, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց.
«Եկեք վերլուծենք՝ արդյոք այդպե՞ս է: Նախ, իմ կարծիքով, Սահմանադրության կարեւորագույն
գործառույթներից մեկն այն է, որ հասարակությանը եւ քաղաքական համակարգին հեռու պահի
հնարավոր լրջագույն ճգնաժամերից: Ուստի հիմնական օրենքը պետք է նախատեսի ճգնաժամերի
հանգուցալուծման ուղիներ: Այս առումով՝ գործող Սահմանադրությունն այնուամենայնիվ
նախատեսում է ելքեր ամենալուրջ ճգնաժամերից, որն էլ ապացուցվեց ե՛ւ 1998-ին, ե՛ւ
1999-ին, այսինքն՝ նաեւ այն դեպքում, երբ անգամ թվում էր, թե մահացու հարված է հասցված
մեր պետությանը: Հասկանալու համար, թե արդյոք այս նախագիծը նույնպե՞ս նախատեսում
է նման լուծումներ՝ տեսնենք, թե ինչպիսին է վարչապետի նշանակման մեխանիզմը: Գործող
Սահմանադրության մեջ այս առումով ամեն ինչ հստակ է՝ նախագահն է նշանակում վարչապետին,
եւ եթե կառավարության ծրագրին խորհրդարանն անվստահություն չի հայտնում սահմանված
ժամկետում, ապա կառավարությունը համարվում է հաստատված: Իսկ նախագծով վարչապետի նշանակման
մեխանիզմը շատ անորոշ է: 55 հոդվածի համաձայն՝ նախագահն ԱԺ-ում «պատգամավորական տեղերի
բաշխման եւ պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա
վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին,
իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին»:
Ի՞նչ մեխանիզմի հիման վրա է նա որոշելու, թե արդյոք թեկնածուն վայելում է կամ չի
վայելում մեծամասնության վստահությունը, եթե չի լինելու քվեարկություն: Նշվա՛ծ չէ
այդ մեխանիզմը: Իրականում սա նախագահի համար բացում է կամայականությունների դուռը,
ու, ըստ էության, որեւէ կերպ չի սահմանափակում նրա իրավունքը՝ վարվելու այնպես, ինչպես
վարվում է 1995-ին ընդունված Սահմանադրության շրջանակում: Ընդ որում, նախագահի կամայականության
ազատությունը այնքան մեծ կլինի, ինչքան տրոհված լինի Ազգային ժողովը, պարտադրելով
խորհրդարանի բազմաթիվ խմբակցություններին առաջին հերթին բանակցել նախագահի, այլ ոչ
միմյանց հետ: (Պատահական չէ սահմանադրական բարեփոխմանը զուգահեռ՝ վերջերս թափ առած
նորանոր կուսակցությունների վերեւից ստեղծումը): Ավելի՛ն: Հակասությունները
նախագահի եւ Ազգային ժողովի միջեւ հիմնականում ծագում են կառավարության ձեւավորման
եւ փոփոխման հարցում: Նախ, համեմատենք Սահմանադրությունը եւ առաջարկվող նախագիծը
կառավարության ձեւավորման հարցում: Նախագծով այս հարցում նախագահն ունի ավելի մեծ
իրավունքներ եւ իր թեկնածուի նշանակման ավելի մեծ լծակներ, քան գործող Սահմանադրությամբ:
Ըստ գործող Սահմանադրության՝ նորընտիր ԱԺ-ն կարող է չընդունել որեւէ վարչապետի թեկնածություն,
անվստահություն հայտնելով կառավարության ծրագրին, եւ նախագահը չի կարող արձակել խորհրդարանն
ԱԺ-ի ընտրությունից հետո 1 տարվա ընթացքում (հոդված 63), ինչպես նաեւ նախագահի պաշտոնավարության
վերջին 6 ամիսներին (հոդված 55): Սա մի մեխանիզմ է, որը հնարավորություն է տալիս,
որ վարչապետ նշանակվի նորընտիր խորհրդարանի վստահությունը վայելող թեկնածուն: Մինչդեռ
փոփոխությունների նախագծում հանված է այս կարեւոր արգելքը: Եվ բավական է, որ 2 ամսվա
ընթացքում 2 անգամ չանցնի նախագահի ուզած թեկնածուն՝ նա կարող է արձակել խորհրդարանը
(հոդված 74.1): Այնպես որ, կառավարության ձեւավորման առումով անգամ ուժեղացված են
նախագահի լիազորությունները: Այն հանգամանքը, որ անվստահության քվեն փոխարինվել է
վստահություն ստանալու սկզբունքով՝ համարժեք փոխհատուցում չէ, քանի որ խորհրդարանի
արձակման իրավունքի շնորհիվ վերջին խոսքը, միեւնույն է, նախագահինն է: Գործող
կառավարության փոփոխման պարագայում իրավիճակը, ըստ նախագծի, իհարկե, այլ է՝ նախագահն
արդեն չի կարող հեշտությամբ այն իրականացնել. նման դեպքերում չունի ԱԺ-ն արձակելու
իրավունք (եթե այն իհարկե մատնված չէ անգործության) եւ չի կարող ազատել վարչապետին:
Մի կողմից՝ սա խորհրդարանի լիազորությունների հզորացում է ի հաշիվ նախագահի, բայց
մյուս կողմից՝ սա ստեղծում է շատ լուրջ խնդիր: Նախագիծը չի առաջարկում ճգնաժամի լուծում
այն դեպքի համար, երբ վարչապետի եւ նախագահի միջեւ ծագում են քաղաքական անհաղթահարելի
հակասություններ, ավելին՝ նպաստում է դրանց խորացմանը: Ահա թե ինչու: Նախագիծը
նախագահին տալիս է բազմաթիվ նոր լիազորություններ: Օրինակ՝ ըստ նախագծի 55 հոդվածի՝
նա «համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում»:
Բացի այդ, գործող Սահմանադրության համեմատ, նախագահը ստանում է լրացուցիչ իրավունք՝
նշանակելու բարձրագույն հրամանատարական կազմը ոչ միայն զինված ուժերում, որի գերագույն
գլխավոր հրամանատարն է, այլ նաեւ բոլոր այլ զորքերում: Ըստ էության՝ նախագահը դառնում
է գլխավոր հրամանատարը բոլո՛ր ուժային կառույցների, այդ թվում՝ նրանց, որոնք ապահովում
են ներքին կարգուկանոնը: Սա վտանգավոր իրավիճակ է պետության մեջ, երբ ստեղծվում
է իշխանության 2 կենտրոն՝ յուրաքանչյուրն իր հզոր լիազորություններով եւ բացակայում
է նրանց միջեւ հակասությունների լուծման որեւէ մեխանիզմ: Գործող Սահմանադրությամբ
նախագահը կա՛մ արձակում է անհնազանդ Ազգային ժողովը, կա՛մ հանդուրժում իշխանության
փոխանցումը վարչապետին: Նախագծի պարագայում, որեւէ նման հանգուցալուծում հնարավոր
չէ, ինչը հղի է ապակայունացմամբ եւ հեղաշրջումներով: Նախագծի մեջ տեղ են գտել
նաեւ այլ դրույթներ, որոնք նույնպես ունեն ճգնաժամեր ստեղծելու ներուժ: Ասենք, փոփոխությունների
նախագծի 51 եւ 52 հոդվածները չեն կարգավորում, թե երբ պիտի նշանակվեն նախագահի նոր
ընտրություններն այն դեպքերում, եթե քվեարկությունը չի ավարտվում որեւէ թեկնածուի
հաղթանակով կամ թեկնածուներից մեկի մահվան դեպքում: Սա հնարավորություն է տալիս իշխանություններին
անորոշ ժամանակով հետաձգել ընտրությունները եւ շեղել երկիրը ժողովրդավարական ուղուց:
Մի բան, որ գործող Սահմանադրության մեջ բացառվում է, քանի որ շատ հստակ նշված է,
թե բոլոր դեպքերում երբ եւ ինչպես են ձեւավորվում իշխանությունները: Գործող
Սահմանադրության համեմատ՝ այս նախագիծն ունի ճգնաժամեր հաղթահարելու շատ ավելի ցածր
ունակություն, եւ ընդունվելու դեպքում՝ մեր քաղաքական համակարգում կարող է պատճառ
դառնալ լուրջ ցնցումների»: Պատրաստեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել