Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էս ո՞ւր ենք ընկել

Նոյեմբեր 24,2005 00:00

Էս
ո՞ւր ենք ընկել Արդեն տեղեկացրել ենք, որ երեքշաբթի օրը Վրաստանի
խորհրդարանը որոշում էր ընդունել օրենսդիր մարմնի մշտական հանձնաժողովներում Վրաստանի՝
ԱՊՀ կազմում մնալու հետագա նպատակահարմարության շուրջ քննարկումներ սկսելու մասին:
Այս որոշումը, ինչպես եւ կարելի էր սպասել, Մոսկվայում աննկատ չի մնացել: Ընդ որում,
Պետդումայի որոշ պատգամավորներ, գուցեեւ մինչեւ վերջ չգիտակցելով իրենց վարքագծի
զավեշտականությունը, այնքան բուռն են արձագանքել դրան, որ միանգամայն ակնհայտ է դարձել,
թե ինչպես էին նրանք ցայժմ ընկալում ԱՊՀ կոչված անորոշությունը: Եթե անգամ
մի պահ համարենք, որ ԱՊՀ-ից հեռանալը վիրավորական է այդ կառույցի համար, ապա առողջ
տրամաբանությունը հուշում է, որ Վրաստանից պետք է նեղանային ԱՊՀ բոլոր անդամները:
Մինչդեռ, «չգիտես ինչու», Թբիլիսիի այդ մտադրությունը, գոնե արտաքուստ, խոցել է միայն
ռուսներին: Ավելին, ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի կոմիտեի ղեկավար Անդրեյ Կոկոշինի եւ
ՌԼԴԿ-ն ներկայացնող սկանդալային պատգամավոր Ալեքսեյ Միտրոֆանովի գնահատականներից
տպավորություն է ստեղծվում, թե ԱՊՀ-ն մշտապես եղել ու այժմ էլ հանդիսանում է Մոսկվայի
անձնական սեփականությունը: Այսինքն՝ ստացվում է, որ նման պահվածքով իրականում հենց
ռուսներն են վիրավորում ԱՊՀ մնացած բոլոր անդամներին: Հետեւենք այդ վայ-գործիչների
մտավոր «թռիչքներին»: Կոկոշինի խոսքերով՝ արդեն երեկ ՌԴ Պետդուման պետք է
հանձնարարականներ տար համապատասխան պրոֆիլային ենթակոմիտեներին՝ կապված տնտեսական,
միգրացիոն, վիզային, ֆինանսական եւ մի շարք այլ ոլորտներում Վրաստանի նկատմամբ որոշակի
օրենսդրական վերաբերմունք մշակելու հետ: Ուշադրություն դարձնենք, որ վերը թվարկված
առանց բացառության բոլոր ոլորտներում էլ հնարավոր փոխհարաբերությունները կարող են
կարգավորվել միջպետական երկկողմ համաձայնագրերով: Այսինքն՝ ԱՊՀ-ին անդամակցելու հանգամանքն
այստեղ որեւէ դերակատարություն չունի: Եվ առհասարակ, ինչպես հայտնի է, ԱՊՀ անդամները
միմյանց նկատմամբ ինչ-ինչ իրավական պարտավորություններ չունեն, իսկ ԱՊՀ-ի ներկայիս
կարգավիճակն ու իմաստը լավագույնս բնորոշել է հենց ինքը՝ ՌԴ նախագահ Պուտինը՝ Երեւան
կատարած իր վերջին այցի ժամանակ: «ԱՊՀ-ն ընդամենը ակումբ է միմյանցից հնարավորինս
խաղաղ բաժանվելու համար»,- այն ժամանակ ասել էր նա: Թերեւս ավելորդ չէր լինի,
որ Պուտինն իր այս խոսքերը մեկ անգամ էլ հատուկ կրկներ Դումայի պատգամավոր՝ արդեն
իրեն լրիվ կորցրած Միտրոֆանովի համար: Վերջինս առաջարկել է, ոչ ավել, ոչ պակաս, կանխարգելիչ
ռմբահարվածներ հասցնել Թբիլիսիին, որն, իբր, ԱՊՀ-ից դուրս գալով՝ նպատակադրվել է
«զենքի ուժով լուծել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հարցերը»: Ո՞ւր ենք գնում այսպիսի
գործընկերների հետ: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել