Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աշխարհը գուցեթե փուլ գա

Նոյեմբեր 24,2005 00:00

Համենայնդեպս՝ հայերիս համար, եթե սահմանադրական
բարեփոխումները չանցնեն. կարծում է Տիգրան Թորոսյանը: Եթե սահմանադրական
բարեփոխումները տապալվեն, ապա, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի կարծիքով, որը նա
արտահայտեց «Հայելի» ակումբի երեկվա բանավեճում, հաջորդ բարեփոխումները հանրաքվեի
կդրվեն չորս տարուց ոչ շուտ: Նախ՝ նոր փաստաթուղթը պետք է անցնի բոլոր ընթացակարգերը,
ապա՝ առաջիկայում ԱԺ եւ նախագահական ընտրություններն են, որոնք ետին պլան են մղելու
բարեփոխումների բուն գործընթացը եւ այլն: Իսկ այդ ընթացքում, պարոն Թորոսյանի համոզմամբ,
բացի այն, որ մեր երկիրը ժողովրդավարական նահանջ կունենա՝ կորցնելով նաեւ այս տարիների
ձեռքբերումները, կբարդանա մուտքը միջազգային հանրություն եւ «ԼՂՀ հարցի հետ կապված
մեզ հետ այլ կերպ կխոսեն»: Նրա ընդդիմախոս, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը
կեսկատակ- կեսլուրջ առաջարկեց «լիկվիդացնել» ընդդիմությանը եւ ապահովել երկրի առաջընթացը:
«Այսպիսի գնահատականներից հետո ակնհայտ է, որ իշխանությունն ամեն կերպ փորձելու է
անցկացնել հանրաքվեն»,- արձանագրեց պարոն Բազեյանը: Ի հակադրություն պարոն
Թորոսյանի տպավորությունների, որ ժողովուրդն «այո» է ասելու, նրա ընդդիմախոսի տպավորությամբ՝
«Հասարակությունն անտարբեր է սահմանադրական փոփոխությունների այս գործընթացի նկատմամբ
եւ չի վստահում ՀՀ-ում որեւէ ընտրական գործընթացի»: Եթե բարեփոխումները չանցնեն,
Տ. Թորոսյանը գտնում է, որ որեւէ իշխանավոր կամ քաղաքական գործիչ որեւէ խնդիր չի
ունենալու՝ «Ապրելու են նույն ձեւով, ինչպես ապրել են: Էլի խնդիրներ ու դժվարություններ
ունենալու է ժողովուրդը»: Տ. Թորոսյանը թեեւ չուզելով, բայց վերհիշեց Արշակ
Սադոյանի՝ «դասալիքների մասին հարցադրումը» եւ «անհասկանալի ու անտրամաբանական» որակեց
ընդդիմադիրների որոշումը՝ հանձնաժողովի անդամներին ետ կանչելու մասին. «Անգամ մեկ
հանձնաժողովի գրագետ անդամ ունենալու դեպքում կարելի էր լիարժեք վերահսկել գործընթացը»:
Իսկ ընդդիմության բոյկոտի մարտավարությունում Տ. Թորոսյանը միտում է տեսնում՝ «ընդհանրապես
ընտրությունների չգնացողների թիվը վերագրել իրենց կողմնակիցներին», ուստի խորհուրդ
է տալիս «առնվազն 45 տոկոսը հանել, հետո որոշել, թե քանիսն են իրենց աջակցել»: Բոյկոտը
Տ. Թորոսյանը որակում է իբրեւ «առարկայական հիմնավորման բացակայություն», ուստի այդ
է համարում պատճառը, որ «շաբաթը մեկ ընդդիմադիրները կարծիք են փոխում նման կարեւոր
հարցի մասին»: Թորոսյանը բացահայտեց, որ իբր մի ընդդիմադիր քաղաքական ուժ, որի անվանումը
չբարձրաձայնեց, առաջարկել է «կողմ» քվեարկել, եթե իշխանությունը համաձայնվի արտահերթ
ընտրություններ կազմակերպել: Այդ ուժը նման խնդրանքով դիմել է նաեւ Քոնդոլիզա Ռայսի
տեղակալին՝ նրա Հայաստանում եղած ժամանակ, նաեւ մի քանի օր առաջ Վանաձորում է նման
բան ասվել: (Ըստ ամենայնի, պրն Թորոսյանը ակնարկում էր «Ազգային միաբանությանը».-
Ն. Գ.)։ Իրեն ընդդիմության մի մաս համարելով՝ Ա. Բազեյանը նկատեց. «Կարեւորն
այն է, որ ընդդիմությունը միասնական է, որ այս կարգի փոփոխությունները այս իրավիճակում,
այսպիսի մեթոդներով եւ այսպիսի մթնոլորտում չի կարելի իրականացնել: Մնացած խնդիրները
մարտավարական են, որոնք կախված են նաեւ տվյալ պահի քաղաքական իրավիճակից: Բոյկոտն
ընտրվեց որպես մարտավարություն, որովհետեւ ընդդիմությունը տեսավ, որ գործընթացն ապօրինի
է: Ստանում ենք տեղեկություններ, թե ինչպիսի հրահանգներ են տրված համայնքների, կրթական
օջախների եւ մշակութային հաստատությունների ղեկավարներին, պետական մարմիններին՝ թե
ով ինչքան մարդ պիտի բերի հանրաքվեի: Պետական պաշտոնյաները քարոզով են զբաղված, իսկ
ընդդիմության առաջ բոլոր հաստատությունների դռները փակվում են»: ՆԵԼԼԻ
ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել