Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵՐԿՐԻ ՈՒՂԵԳԻԾԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՉԷ, ՈՐ ՇՏԿՈՒՄ ԵՆ

Նոյեմբեր 24,2005 00:00

ՀՅԴ խմբակցության
կազմակերպած «Սահմանադրական փոփոխություններ. ազգային համաձայնություն» խորհրդաժողովը,
որ անցկացվեց երեկ ԱԺ-ում՝ ողջ քարոզարշավի ընթացքում միակն էր, ուր տեղի ունեցավ
տեսակետների բախում: Այն կարող էր դառնալ հերթական «միագիծ»
քննարկումը, մանավանդ որ՝ մասնակիցները գերազանցապես մարդիկ էին, ովքեր իրենց բուհերում
կամ ստեղծագործական միություններում արդեն իսկ «այո» էին ասել նախագծին: Սակայն այն
բանից հետո, երբ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը կոչ արեց «քարոզչական
սովորական շրջանակներից» դուրս գալով գնահատել, թե որքանո՞վ է քարոզչությունը նպաստել
փոփոխությունների հարցում ժողովրդի ինքնուրույն, գիտակցված որոշման կայացմանը, առաջինը
ելույթ ունեցավ «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ, ՀԴԿ անդամ Կարինե
Դանիելյանը, որի եւ Սլավոնական համալսարանի ռեկտոր, «Արժանապատիվ ապագա» կուսակցության
ղեկավար Արմեն Դարբինյանի ելույթներն էլ, որոշ իմաստով, կանխորոշեցին քննարկման հետագա
ընթացքը: Կարինե Դանիելյանը նշեց, թե հիմքեր կան ինչպես «այո»-ի, այնպես էլ՝ «ոչ»-ի
համար: Մասնավորապես անդրադարձավ բնապահպանությանը վերաբերող 10-րդ հոդվածին եւ տեղեկացրեց,
որ չեն ընդունվել բնապահպան կազմակերպությունների առաջարկները: Խոսեց նաեւ Սահմանադրության
կիրառման մասին, եւ այս առիթով հիշեցրեց, որ իր ուսանողների հետ մոտ 3000 քմ տարածք
է մաքրել Հրազդանի կիրճում, նստարաններ դրել եւ ստեղծել հանգստի գոտի, իսկ այսօր
այդ տարածքում կառուցված է ԱԺ պատգամավորի «Փարվանա» ռեստորանը: «Հիմա էլ երկրորդ
անգամ ինչպե՞ս իմ ուսանողների հետ նման գործ անեմ կամ խոսեմ բնապահպանությունից,-
հարցրեց Կարինե Դանիելյանը:- Ո՛չ օրենքներն են գործում, ո՛չ էլ Սահմանադրությունը:
Դրա համար էլ մարդիկ ուզում են «ոչ» ասել, որ հասկանան, թե իրենք դժգոհ են»: Արմեն
Դարբինյանը, որի կուսակցությունն օրեր առաջ դրական էր գնահատել փոփոխությունների
նախագիծը, այս քննարկման ընթացքում մատնանշեց, թե տեքստում կան լեզվական ու նաեւ
այլ թերություններ ու բացթողումներ: Սակայն նախ նկատեց, թե կա ազգային համաձայնության
խիստ պահանջ, որն առայժմ չի իրականացվել. իսկ քանի դեռ նման համաձայնություն չկա
խորհրդարանում՝ անհնար է, որ այն լինի հասարակության մեջ: «Ոչ մի փաստաթուղթ չի ընդունվել
փոխհամաձայնությամբ: Այդպես կարելի է ընդունել միայն ավտոմատների տակ, քանի որ ցանկացած
փաստաթուղթ միշտ եւ անպայման առաջացնելու է ինչ-որ խավերի, ժողովրդի մի մասի կամ
քաղաքական կուսակցության դժգոհությունը»,- ավելի ուշ առարկեց նրան ԱԺ փոխնախագահ
Վահան Հովհաննիսյանը: Արմեն Դարբինյանի երկրորդ դիտարկումն էր, թե չափազանցված
է նախագծի ընդունումը երկրի ուղեգիծը շտկելու հնարավորություն համարելը. «Երկրում
սոցիալական անարդարությունների, համատարած կոռուպցիայի երեւույթների եւ տնտեսական
բեկումնային զարգացման բացակայությունը, անկախ նրանից՝ հին Սահմանադրությունն է,
թե նորը, ցավոք, չեն վերացվում»: Արմեն Դարբինյանն ընդգծեց. «Հույս դնելը, թե ահա
նոր Սահմանադրությամբ նոր կյանք է սկսվելու՝ մոտավորապես հավասար է մոլի ծխողի ամենօրյա
խոստմանը, որ առավոտյան կարթնանա եւ կթողնի ծխելը»: «Արժանապատիվ ապագայի»
ղեկավարը նաեւ նշեց, թե սկզբունքային հարց չէ երկրի կառավարման համակարգի փոփոխումը՝
դեպի խորհրդարանական հանրապետություն անցումը. «Սկզբունքայինն այն է, որ երկրում,
ցավոք, չի ձեւավորվել խորհրդարանական մշակույթ, եւ բավական ստվար զանգվածի մոտ կարծիք
կա, թե մեր ԱԺ-ի որակը չի համապատասխանում մեր ժողովրդի որակին»: Վերջինս, նրա կարծիքով,
անհամեմատ բարձր է: Այս պնդմանն էլ առարկեց Վահան Հովհաննիսյանը. «Ցավոք, մեր այսօրվա
խորհրդարանը մեր այսօրվա հասարակության ուղիղ՝ հայելու մեջ պատկերն է. ինչ որ ենք,
դա էլ ընտրել ենք»: Արմեն Դարբինյանը հակադարձեց, թե նման գնահատականները կործանարար
ազդեցություն կարող են ունենալ երկրի զարգացման համար. «Սա նշանակում է, թե մենք
պատրաստ ենք վերարտադրել նույնատիպ խորհրդարաններ առաջիկա տասնամյակներին եւս»: Առարկության
արժանացավ Արմեն Դարբինյանի նաեւ հետեւյալ պնդումը. «Քարոզարշավի ժամանակ շեշտվում
է, որ եթե դեմ եք այս նախագծին, ուրեմն՝ կողմ եք գործող Սահմանադրությանը: Սա փաստա՛րկ
չէ՝ գործող Սահմանադրությունն օրենք է, որով մենք ապրել ենք: Եվ այն խնդիրները, որ
արձանագրվել են մեր հասարակության ու պետության մեջ՝ բացարձա՛կ կապված չեն գործող
Սահմանադրության լավ կամ վատ լինելու հետ»: Վահան Հովհաննիսյանն այս անգամ նրան հակադրվելով՝
քար նետեց ՀՀԿ-ի բոստանը, անհամաձայնություն հայտնելով նրանց այն պնդումներին, թե
գործող Սահմանադրությունը վատը չէ եւ կատարել է իր դերը: «Ո՛չ, կատարել է՝ բացասական
հետեւանքներ է թողել մեր քաղաքական ու տնտեսական միջավայրի ձեւավորման համար»,- ասաց
պրն Հովհաննիսյանը: Այս անգամ առարկողը անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր
Սեւան Դավթյանն էր, որը հայտարարեց. «Այն խնդիրները, որ այսօր երկրում առկա են՝ ստեղծվել
են ոչ թե Սահմանադրության, այլ դրա չգործելո՛ւ պատճառով»: Այս քննարկման ընթացքում
բազմաթիվ քննադատական խոսքեր լսեցին կոալիցիոն գործիչները: ԵՊՀ հայոց պատմության
ամբիոնի դոցենտ Յուրի Հովսեփյանն, օրինակ, անհրաժեշտ համարեց, որ սահմանադրության
երաշխավորը՝ ՀՀ նախագահը, ուղերձով դիմի ժողովրդին. «Նոր տարուց-Նոր տարի է հանդես
գալիս, շնորհավորում եւ դրանով պրծնում»: ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ
Ղազինյանը հիշեցրեց, որ այսօրվա քարոզիչները նույն ջանասիրությամբ գովերգում էին
1-ին ընթերցմամբ ընդունված նախագիծը: Նաեւ նկատեց, որ թեեւ այս խորհրդաժողովի գաղափարը
լավն է, սակայն ակնարկեց, թե այն ուշացած է: Հնչած դժգոհություններին ի պատասխան՝
Վահան Հովհաննիսյանը կոչ արեց Սահմանադրության հետ չկապել դժգոհությունն իշխանությունից:
Նաեւ կարեւորեց ժողովրդին թե՛ «այո»-ի եւ թե՛ «ոչ»-ի համար պատասխանատու դարձնելու
անհրաժեշտությունը, քանզի վերջինիս, ըստ նրա՝ «փչացրել են ընտրությունների ժամանակ,
սովորեցրել ընտրակաշառքի, ճնշման տակ ընտրություն կատարելուն: Բնական է, հիմա էլ
սպասում են այդպիսի բանի՝ ճնշում կամ կաշառք, որը չկա՝ դրա համար շվարել են»: ԱՆՆԱ
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել