Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՅԴ Ե՞ՐԲ Է ՍՏԵՂԾՎԵԼ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏԸ

Նոյեմբեր 24,2005 00:00

Ընդդիմության ասելով՝
«կա ազգային համաձայնության մթնոլորտ» ԵԽԽՎ նախագահ Ռենե վան
դեր Լինդենը, ով վերջերս դարձյալ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հնարավոր
տապալումը հակադրեց Հայաստանի առաջընթացին ու հայտարարեց, թե դա «մեծ խոչընդոտ կհանդիսանա
Հայաստանի՝ ԵԽ-ին միանալիս ստանձնած ամենակարեւոր պարտավորությունների իրականացման
ճանապարհին», դեռ այս տարվա օգոստոսի 19-ին Երեւանում մեկ այլ հայտարարություն էլ
էր արել: Այդ օրը ՀՀ խորհրդարանում լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նա
հիշեցրել էր ԵԽԽՎ-ի կոչը՝ ուղղված ՀՀ իշխանություններին, եւ կրկնել էր, որ հանրաքվեի
նախապատրաստման փուլում վստահության մթնոլորտի ձեւավորման համար որպես անհրաժեշտ
քայլ պետք է ճշգրտել ընտրացուցակները եւ «անպատճառ ապահովել նախորդ ընտրություններում
ընտրակեղծիքների դեպքերի քրեական գործերի հարուցումն ու հետաքննումը»: Դժվար
թե որեւէ մեկը կարողանա մտաբերել, թե 2003թ.-ից այս կողմ, նույնիսկ ԵԽԽՎ նախագահի
հիշեցումից հետո էլ, իշխանությունները պատժած լինեն նախորդ ընտրությունների ընթացքում
ընտրակեղծիքների որեւէ կոնկրետ հեղինակի, իսկ ընտրացուցակների ճշգրտման մասին խոսելն
անգամ ավելորդ է՝ նկատի ունենալով հենց ՏԻՄ ընտրությունների փորձը: Հանրաքվեին մնացել
է ընդամենը երեք օր: Կարելի՞ է ասել, որ երկրում վստահության մթնոլորտ է ձեւավորվել,
եւ կարո՞ղ է արդյոք հայ հասարակությունը վստահել իշխանությունների խոսքին՝ հանրաքվեի
արդար, ազատ ու թափանցիկ անցկացնելու վերաբերյալ: Առաջադրված հարցադրման վերաբերյալ
Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովայի մեկնաբանությունը
ՀՀ-ում ԵԽ ներկայացուցչությունից «Առավոտին» խոստացան փոխանցել այսօր: Իսկ
մինչ այդ հիշյալ հարցադրումն ուղղենք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն բոյկոտող
ընդդիմադիրներին ու «այո» ասող գործիչներին: «Ժառանգություն» կուսակցության
ներկայացուցիչ, «Քաղաքացիական ազգային նախաձեռնության» համակարգող Հովսեփ Խուրշուդյանի
ասելով, երկրում վստահության մթնոլորտ ոչ միայն չկա, այլեւ ավելի վատթար մթնոլորտ
է ձեւավորվել: Նրա փոխանցմամբ, իշխանությունները շարունակում են խոչընդոտել կուսակցության
գործունեությանը: «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարել է, որ նոյեմբերի 25-ին
Երեւանում, Ազատության հրապարակում քաղաքացիական ժողով է հրավիրում: Արդեն երեկ տեղական
իշխանության ներկայացուցիչները զանգահարել են կուսակցության տեղական կառույցների
անդամներին ու «բարի խորհուրդներ» տվել՝ չգնալ-չմասնակցել այդ միջոցառմանը, թե չէ
վատ կլինի»,- հայտարարեց պարոն Խուրշուդյանը: Անդրադառնալով ԵԽԽՎ հիշյալ կոչին, նա
հիշեցրեց, որ 2003-ի ապրիլին ՀՀ Սահմանադրական դատարանի եզրակացության համաձայն,
ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ թվով 40 ընտրատեղամասերում տեղի ունեցած
ընտրախախտումներն ազդել էին ընտրությունների արդյունքների վրա. «Բայց մինչ օրս այդպիսի
խախտում թույլ տված ոչ մի քաղաքացի, ընտրական հանձնաժողովի ոչ մի անդամ պատասխանատվության
չի ենթարկվել: Ավելին, ընտրակեղծիք իրականացրած հանձնաժողովների անդամներից շատերն
էլ առաջիկայում կազմակերպելու են հանրաքվեի քվեարկության ու արդյունքների հաշվարկման
գործընթացը»: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանն
էլ նկատեց, որ «իշխանությունները ոչ մի կերպ չկարողացան, գուցե նաեւ չցանկացան, վստահության
մթնոլորտ ստեղծել, բայց դրա փոխարեն, կարծես թե, ստեղծվել է ազգային համաձայնության
մթնոլորտ՝ արդեն անկախ իշխանությունների կամքից: Նոյեմբերի 27-ին ժողովուրդն ինքն
է վստահության հանրաքվե անցկացնելու»: Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունների
հանրաքվեին «այո» քարոզողների դիտարկումներին, ապա եւ ՕԵԿ-ի ներկայացուցիչը, եւ «Այո»
շտաբի քարոզչության պատասխանատու Սպարտակ Սեյրանյանը մեզ խորհուրդ տվեցին դիմել ավելի
«պատասխանատու» անձանց: Ս. Սեյրանյանն ասաց, թե ինքն իրավասու չէ պատասխանել այդ
հարցին, որովհետեւ պատասխանատու է միայն «այո»-ի քարոզարշավի համար: «Այո»-ի շտաբում
«ամենապատասխանատուն» ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էր: Նա հրաշալի
հիշում էր ԵԽԽՎ նախագահի հայտարարությունը, բայց ասաց, թե այդ հայտարարությունն անելու
պահին «քաղաքական պայմաններն էին լրիվ տարբեր»: «Կարծում եմ, այսօր արդեն քարոզարշավի
վերջին օրերն են, եւ հանրաքվեի հետ կապված որոշակիորեն դիրքորոշումներ կան, որոնք
դրական եմ գնահատում»,- ասաց Գ. Սահակյանը: Իսկ ինչո՞վ են երեք ամիս առաջ եղած «քաղաքական
պայմանները» տարբերվում այսօրվա պայմաններից: Ըստ Գ. Սահակյանի՝ տարբերությունը «պայմանավորված
է ե՛ւ երկրի կայունությամբ, ե՛ւ տնտեսական զարգացումներով, ե՛ւ ընդհանուր այն դիրքորոշումներով,
որոնք ունեն երկրի քաղաքական ուժերի մեծ մասը»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել