Լրահոս
Օրվա լրահոսը

Վոլոչկովան

Նոյեմբեր 23,2005 00:00

Վոլոչկովան հարմար բալերոն չի գտնում«Սկանդալային» պարուհին այսօր բեմ կբարձրանա Երեւանի օպերային թատրոնում Երեկ «Առավոտը» չընդունեց հրավերը՝ մասնակցելու Ռուսաստանից ժամանած պարուհի Անաստասիա Վոլոչկովայի մամուլի ասուլիսին: Ինչպես մեզ տեղեկացրեց մենահամերգի կազմակերպիչներից «Գարանտ» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Դավթյանը, ասուլիսին հրավիրված էր մոտ 40 լրագրող, իսկ արտիստուհու հետ կնքած պայմանագրի համաձայն, այն տեւելու էր 30 րոպե: Բնականաբար, մենք որեւէ «գարանտ» չունեինք, որ այդ ընթացքում կստանանք մեզ հուզող հարցերի պատասխանները, անգամ այն դեպքում, երբ պարոն Դավթյանը հավաստիացրեց. «Հենց լսեմ «Առավոտ» անունը՝ ձայն կտամ»: Մեր պնդմանը՝ գոնե Օպերային թատրոնում կայանալիք փորձից առաջ կամ հետո հնարավորություն ստեղծել երկու հարց ուղղել արտիստուհուն, տնօրենը հրաժարվեց, ասելով, որ դա հնարավոր չէ՝ Վոլոչկովային հսկում են թիկնապահները: Հայաստանյան մշակութային կյանքում վերջին տարիներին հայտնված համաշխարհային դեմքերի հետ մենք հնարավորություն ենք ունեցել, բացի կայացած մամլո ասուլիսներից, առանձնազրույցներ ունենալ: Մեր ընթերցողի ներողամտությունը հայցենք եւ մեր հնարավորության սահմաններում ներկայացնենք Վոլոչկովային՝ առանց հնարավորություն տալու նրան ասել իր խոսքը: Նա ծնվել է Սանկտ Պետերբուրգում՝ 1976թ., ուսանել տեղի ռուսական բալետի ակադեմիայում: Ընդ որում, աշխարհահռչակ ռուսական բալետի դպրոցը առայսօր առաջնորդվում է հայազգի Ա. Վագանովայի մեթոդներով, որի անունն էլ կրում է հիշյալ ակադեմիան: 1994թ. պարուհու դիպլոմային աշխատանքից՝ Չայկովսկու «Կարապի լիճ» բալետից հետո նա ընդունվում է Մարիինյան թատրոն: 1998թ. սկսվում է նրա աշխատանքը Մոսկվայի Մեծ թատրոնում: Տարբեր խոսակցություններ են պտտվում ռուս պարուհու անվան շուրջ: Բավական է միայն այն, որ ռուսաստանյան մամուլը նրան անվանում է «սկանդալային»: Նշենք թեկուզ 90-ականների վերջին պարուհուն Մեծ թատրոնից հեռացնելը, որը մեծ աղմուկի պատճառ դարձավ: Միայն 2001-ին Ա. Վոլոչկովան դատարանի միջոցով վերականգնվեց աշխատանքում: Փորձեցինք պարուհու մասին տեղեկություններ ստանալ ՌԴ ժողովրդական արտիստ, այժմ Երեւանի պարարվեստի ուսումնարանի բալետմայստեր-կոնսուլտանտ Մաքսիմ Մարտիրոսյանից: Վերջինս 17 տարի ղեկավարել է Մոսկվայի բալետի ակադեմիան: Հարցին՝ անձամբ ճանաչո՞ւմ եք Մեծ թատրոնի պրիմա մենապարուհի Վոլոչկովային (այսպես է նա ներկայացվում հայաստանյան հայտագրերում) եւ ո՞րն է նրա անվան շուրջ անվերջ խոսակցությունների պատճառը, պարոն Մարտիրոսյանը Մեծ թատրոնի մենապարողների շարքում չմտաբերեց նման «պրիմա պարուհու» ու, բնականաբար, նրա մասին՝ որպես մասնագետ, ոչինչ չասաց: Սա տարօրինակ թվաց եւ մենք հեռախոսով կապվեցինք Մոսկվայի Մեծ թատրոնի փոխտնօրեն Հեթման Ալեքսանդրովիչի հետ: Վերջինս հրաժարվեց պատասխանել անգամ «Դուք նման անուն-ազգանունով մենապարուհի ունե՞ք» հարցին եւ խորհուրդ տվեց զանգել թատրոնի մամուլի պատասխանատուին: Կատյա Նովիկովան ի պատասխան մեր հարցերի՝ ասաց, որ ինքը չի հիշում, թե վերջին անգամ երբ է իրենց թատրոնի բեմում տեսել պարուհուն: «Վոլոչկովան կարգավիճակով մեր մենապարուհին է, բայց հրաժարվում է իրեն առաջարկված դերապարերից, պատճառաբանելով իր եւ կոլեգա բալերոնների պրոֆեսիոնալ անհամապատասխանությունը: Մենահամերգներից նա նույնպես հրաժարվում է»,- փոխանցեց Կ. Նովիկովան: Վոլոչկովայի հետ վերը ասվածի շուրջ էինք ուզում զրուցել: Թեպետ, ինչու չէ, հետաքրքիր կլիներ իմանալ անձնական բնույթի՝ «Ճի՞շտ է, որ մոսկովյան ձեր բնակարանը կալանքի տակ է, քանի որ ժամանակին չեք մուծել ապառիկ վերցրած հագուստեղենի համար» հարցի պատասխանը, ինչի մասին վերջերս գրում են ռուսաստանյան ԶԼՄ-ները: Նաեւ կուզեինք իմանալ պարուհու վերաբերմունքը ռուսաստանյան հեռուստատեսությունից մեզ հայտնի դարձած միջադեպի մասին, երբ ինքը հրաժարվել է վճարել իր մերձմոսկովյան առանձնատան շինարարությունն իրականացնող ֆիրմային, իսկ մայրն էլ գտնում է, որ շինարարների համար պատիվ է աշխատել Վոլոչկովայի նման մեծանուն պարուհու տանը: Ասենք նաեւ, որ գործը հասել է դատարան, որտեղ Վոլոչկովան չի ներկայանում, պատճառաբանելով զբաղվածությունը: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել