Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԺՈՂՈՎՈՒՐԴՆ

Նոյեմբեր 23,2005 00:00

ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՐԺԱՆԻ Է ԻՐ ՆԱԽԱԳԱՀԻՆ Իշխանություններին հաճոյանալու հերթը մասնավոր բուհերին էլ հասավ Երեկ «Այո»-ի կենտրոնական շտաբի՝ Գիտությունների ազգային ակադեմիայի մեծ դահլիճում հավաքված ոչ պետական բուհերի ուսանողները անտեղյակ էին՝ ուր են եկել եւ ինչու: Իսկ նրանք եկել էին լսելու իրենց բուհերի ղեկավարների կոչերը՝ քվեարկել հանուն պայծառ ապագայի, հանուն բարեկեցիկ ու ժողովրդավար կյանքի, այսինքն՝ հանրաքվեին գնալ ու «այո»-ի օգտին քվեարկել: Միջոցառման հիմնական կազմակերպիչները Հյուսիսային, Խորենացու, Մեհրաբյանի ու «Հայբուսակ» համալսարաններն էին: Իհարկե, կոչերը հնչում էին ոչ իբրեւ պարտադրանք, սակայն պարզ տեքստով ասվում էր, որ ով «ոչ» է ասում, ապա առնվազն մեր լավը չի ուզում: Մինչ հանդիպումն սկսելը, Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը միջանցքում հարցազրույցներ տալով՝ մեծ հույսեր էր հայտնում, որ իր եւ «Հայբուսակ» համալսարանն արդեն բավական լայն ընտրազանգված ունեն, այսինքն՝ պոտենցիալ «այո» ասողներ: Ռեկտորի տվյալներով, այդ 2 բուհերի ուսանողների թիվը ողջ մասնավոր բուհական համակարգի ուսանողների 25 տոկոսն է կազմում: Իսկ ընդհանուր թիվը, ըստ Լիցենզավորման վարչության տվյալների, հասնում է 25 հազարի: Հանդիպման հիմնական բանախոսը «Հայբուսակի» քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Լեւոն Մելիք-Շահնազարյանն էր, ում խոսքը լի էր պատմական ակնարկներով: Հետեւյալ ակնարկը բերվեց այն առիթով, որ սահմանադրության փոփոխված տարբերակում ներմուծված ժողովրդավարական արժեքները մոտ են մեր ազգային դավանանքին: Իսկ ակնարկն ասում էր, որ մ. թ. ա. 1-ին դարում հունական բանակը, պարտվելով պարսիկների հետ պատերազմում, նահանջում էր Հայաստանի տարածքով: Այդ բանակում գտնվում էր պատմաբան Քսենոֆոնտոսը, որը հետո իր գրքում շատ գրեց Հայաստանի մասին: Մասնավորապես այն մասին, որ հայկական գյուղերում ավագները՝ գյուղապետերը ընտրովի էին, ընտրվում էին ժողովրդի կողմից: «Այսինքն՝ ժողովրդավարությունը մեզնից հեռու չէ: Եվ դեռ դժվար է ասել՝ ժողովրդավարական հիմունքները Եվրոպայո՞ւմ, թե՞ Ասիայում են ծնվել»,- եզրակացրեց դոցենտը: Նա նաեւ համեմատեց գործող սահմանադրության որոշ դրույթներ՝ առաջարկվող նորի հետ՝ նորի մեջ արժեւորելով հատկապես այն, որ այլեւս մեկ անձից չեն կախված լինելու նշանակումները պետական ապարատում. «Ով նշանակում է, նա էլ պահանջում է: Չի լինի այդ մարդը, եթե մենք «այո» ասենք, չի լինի նաեւ այն մարմինը, որ միայնակ կարող է լուծել մեր ճակատագիրը»: Մի խոսքով, բավական համոզիչ կերպով ապացուցվեց, թե ինչ ողորմելի վիճակում ենք եղել մենք գործող սահմանադրության պայմաններում, երբ երկրում միապետություն է եղել, ամեն ինչ կախված է եղել մեկ անձից, եւ դեռ 2 տարի էլ այդպես է լինելու, որովհետեւ նոր սահմանադրության հիմնական դրույթները ուժի մեջ կմտնեն միայն 2 տարի հետո: Բանախոսը դիմեց դահլիճին. «Կոչ արեք ձեր ընկերներին, որ պետք է ասեք՝ գնում ենք եւ ասում ենք «այո»՝ մեր ապագային, մեր ազատ կյանքին, մեր խաղաղ կյանքին, «այո՛»՝ մեր պետությանը»: Լեւոն Մելիք-Շահնազարյանը նաեւ անդրադարձավ ընդդիմությանը՝ առանց կոնկրետ անուններ հնչեցնելու: Նա պարզապես իր զարմանքը հայտնեց առ այն, որ երբ գործող սահմանադրությունն ընդունվեց՝ մի խումբ մարդիկ դեմ էին դրան այն կետերի պատճառով (նախագահի գերլիազորություններ, ԱԺ փոքր լիազորություններ եւ այլն), որոնք հիմա շտկվել են: Եվ այդ մարդիկ հիմա նորից դեմ են նրան, ինչի համար այն ժամանակ պայքարում էին: Եվ պրն Մելիք-Շահնազարյանը եկավ եզրակացության, որ եթե հիմա «ոչ» ասողները դեմ են նախագահի լիազորությունների սահմանափակմանը, ուրեմն նրանք ուզում են նախագահ դառնալ. «Խոսքը մի քանի հոգու մասին է»: Բայց անուններ այդպես էլ չնշվեցին: Հարցերի առումով դահլիճը բավական պասիվ էր ու անտեղյակ: Մի քանի հարց հնչեց՝ նախագահի անձեռնմխելիության հետ կապված: Որոշ ուսանողների հետաքրքրում էր, թե ինչու, օրինակ, նախագահը պատասխանատվություն չի կրում ոչ ծանր հանցագործությունների համար: Պատասխանը հետեւյալն էր. «Մեր ազգի հավաքական ուղեղը չի ընտրի այնպիսի մարդու, ով աջուձախ հանցագործություններ կատարի: Իսկ եթե այդպես էլ լինի, ապա մենք արժանի կլինենք դրան: Եթե մենք կգնանք ընտրելու մի մարդու, ով ընդունակ է նման հանցագործությունների, ուրեմն մենք ենք առաջին հերթին դրան արժանի»: Նման «ընտրության» հնարավորություն մենք արդեն ունեցել ենք: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել