Սադոյանը դեմ է Այսուհանդերձ՝ «Արդարություն» խմբակցությունը երեկ որոշեց ընտրական հանձնաժողովներից հետ կանչել դաշինքի ներկայացուցիչներին: Որոշման նախաբանում այս քայլը հիմնավորված է այն փաստարկով, որ «1998-ի եւ 2003-ի ընտրությունները կեղծած, իշխանությունը բռնազավթած, ժողովրդի նկատմամբ բռնություններ իրականացրած վարչախումբը, հիմա էլ խախտելով Սահմանադրությունը, «Հանրաքվեի մասին» օրենքը, նույն անօրինական մեթոդներով փորձում է ապահովել հանրաքվեի իր համար ցանկալի արդյունքը»: Որոշմանը «կողմ» են քվեարկել դաշինքի անդամ բոլոր կուսակցությունները, բացառությամբ Արշակ Սադոյանի ԱԺԴ-ի: Վերջինս ավելի վաղ նման քայլը որակել էր «իշխանությունների քողարկված ուղղորդմամբ» կատարված «որդեգրված քաղաքականության դավաճանություն»: Մինչդեռ «Արդարության» այլ անդամների դիրքորոշումն է, թե՝ ո՛ր կուսակցության ներկայացուցիչները մնան հանձնաժողովներում՝ կբացահայտվի, թե նրանք կա՛մ չեն կարողացել դիմակայել գործադրվող ճնշումներին, կա՛մ էլ կաշառված են: Իսկ նման լուրեր տարածվում են պարբերաբար: Ասենք, վերջերս անգամ հայտնի դարձավ, թե Աբովյանի ՀԺԿ կառույցը պատրաստվում է հայտարարություն տարածել, որ վաճառվել են այդ տարածաշրջանում ընտրահանձնաժողովներում տեղերը, որոնք ներդաշինքային համաձայնությամբ տրամադրվել են ՀԴԿ-ին: Նման ասեկոսեներ կան նաեւ Արշակ Սադոյանի ԱԺԴ-ին Արտաշատում փոխանցված տեղերի կապակցությամբ: Սակայն «Արդարություն» դաշինքի լրատվական ծառայության ղեկավար Ռուզան Խաչատուրյանն այս լուրերի կապակցությամբ մեզ ասաց. «Ավելորդ եմ համարում պատասխանել շրջանառվող լուրերին, քանի որ դրանք շատ անգամ տարածվում են նաեւ միտումնավոր: Բայց իհարկե, բոլոր ընտրություններում էլ հանձնաժողովներին առնչվող խնդիրներ լինում են, հատկապես վերջին տարիներին: Հանձնաժողովների անդամները ե՛ւ շանտաժի են ենթարկվում, ե՛ւ ահաբեկվում, ե՛ւ արվում են կաշառելու փորձեր: Մինչ հանրաքվեն այս առնչությամբ գնահատականներ տալը բավական դժվար է: Քաղաքական որոշում է կայացված հետ կանչել դաշինքի ընտրական հանձնաժողովների անդամներին եւ բոլորը պարտավոր են ենթարկվել այդ որոշմանը: Ուստի եթե գտնվեն «Արդարություն» դաշինքի այնպիսի ներկայացուցիչներ, որոնք չեն ենթարկվի այդ որոշմանը՝ պարզ կլինի, թե արդյոք այս անգա՞մ էլ են գործադրվել ճնշումներ ու կաշառելու փորձեր, թե՞ ոչ: Միայն նոյեմբերի 27-ից հետո կարելի է անել այդ վերլուծությունը»: Նշենք, որ Արշակ Սադոյանն էլ, դեմ քվեարկելով հանդերձ, այսուհանդերձ չի պատրաստվում հակադրվել խմբակցության որոշմանը, եւ ԱԺԴ-ն էլ հետ կկանչի հանձնաժողովներում իր անդամներին: Սակայն նաեւ նշենք, որ որոշմանը չենթարկվելու դեպքում էլ որեւէ լծակ չկար նրան պատասխանատվության ենթարկելու կամ որոշումը պարտադրելու համար: Դաշինքը կամ խմբակցությունը չի կարող հեռացնել ընդհանրապես որեւէ մեկին: Ամենաշատը կարող են հայտարարել, թե տվյալ մարդը կամ կուսակցությունը չի արտահայտում դաշինքի մոտեցումները: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Երեկվա նիստում անդրադարձ չի եղել ո՛չ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությանը, որն ազդարարել էր, թե նոյեմբերի 25-ին Ազատության հրապարակում անցկացնելու է քաղաքացիական ժողով, ո՛չ էլ նոյեմբերի 27-ին «Հանրապետության» հրավիրած հանրահավաքին մասնակցության հարցերին: Սակայն ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը մեզ հայտնեց, թե ընդհանուր տրամադրությունն աջակցելն է: