ՏՈՏԱԼ ԲՈՅԿՈՏ Ընդդիմությունը վաղուց այնքան միասնական չի եղել, որքան հիմա՝ հանրաքվեն բոյկոտելու հարցում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ու քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը երեկ պաշտոնապես հայտարարեցին, որ նոյեմբերի 27-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին «Հանրապետությունը» տոտալ բոյկոտ է հայտարարել: Կուսակցության քաղաքական խորհուրդը նոյեմբերի 21-ին որոշում է ընդունել «Հանրապետության» կողմից նշանակված ընտրական հանձնաժողովների անդամներին ետ կանչել ընտրական հանձնաժողովներից: Ըստ Ս. Սուրենյանցի, տեղամասային ընտրական հանձնաժողովներում կուսակցության նշանակած անդամները, որոնք ներկայացված են թվով 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից 7-ում, չեն մասնակցի սահմանադրական փոփոխությունների նոյեմբերի 27-ի հանրաքվեի հետ կապված գործընթացներին: Ս. Սուրենյանցը կուսակցության այդպիսի որոշումը փաստարկեց ոչ միայն ելնելով այն հաստատ համոզմունքից, որ «արդեն իսկ տեղի ունեցած ընտրակեղծիքները ապացուցում են, որ հանրաքվեն լեգիտիմ լինել չի կարող, եւ կուսակցությունն էլ չի ցանկանում իր մասնակցությամբ լեգիտիմացնել այդ հանրաքվեն», այլեւ նրանով, որ այդ որոշումը պայմանավորված է ընդդիմության միասնական մարտավարությունից՝ բոյկոտել հանրաքվեն եւ չմասնակցել ընտրական հանձնաժողովների աշխատանքներին: «Հանրապետության» առաջնորդ Ա. Սարգսյանի դիտարկմամբ, եթե ընդդիմությունը բոյկոտում է ընտրությունները, ապա որեւէ մասնակցություն այդ հանրաքվեին չպետք է ունենա, այդ թվում՝ ընտրական հանձնաժողովների աշխատանքներին: Ա. Սարգսյանն իր այդ համոզմունքը փաստարկեց նրանով, որ ինչպես նախորդ՝ 2003թ. նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ժամանակ, այնպես էլ հանրաքվեի օրը ընդդիմությանը չի հաջողվելու կանխել հնարավոր ընտրախախտումները. «Ես համարում եմ, որ հանձնաժողովների արձանագրությունների տակ չստորագրելը, այս խաղին ընդդիմության չմասնակցելն ավելի ուժեղ քայլ է, քան մասնակցելն ու տեղերում պայքարել փորձելը»: Ա. Սարգսյանի ասելով, այս վերջին դեպքում ընդդիմության քայլերը՝ ընտրության արդար արդյունքների ապահովման ուղղությամբ, կարող էին արդյունավետ լինել, եթե ընդդիմությունն ունենար այն 3 հիմնական լծակները, որոնք ունեն իշխանությունները՝ դատական համակարգ, դատախազություն եւ ոստիկանություն: «Ընդդիմությունն այդ լծակները չունի, հետեւաբար՝ չի կարող տեղամասերում արդարություն ապահովել: 2003-ին մենք մեր ամբողջ ուժերը ներդրեցինք, որպեսզի կարողանանք ընտրության արդարությունն ապահովել: Կարողացա՞նք, իհարկե` ոչ, որովհետեւ ոստիկանությունը մտավ տեղամասեր, դուրս հանեց դիտորդներին ու հանձնաժողովների մեր անդամներին՝ երբեմն անգամ ծեծելով»,- հիշեցրեց կուսակցության նախագահն ու հավելեց, թե այս պարագայում ավելի ճիշտ է ուղղակի հավաքվել հրապարակում, քաղաքացիների ժողով անել ու հայտարարել, որ ընդդիմությունը չի ընդունում իշխանությունների անցկացրած ընտրությունները, որ այդ ընտրություններն իշխանություններն, ինչպես միշտ, կեղծել են, որ ընդդիմությունը զրկված է եղել իր տեսակետները ժողովրդական լայն զանգվածների շրջանում տարածելու իրավունքից, եւ որ ընդհանրապես հանրաքվեի է դրվել այնպիսի Սահմանադրություն, որը չի բխում մեր պետության շահերից: Անդրադառնալով հանրաքվեի բոյկոտին զուգահեռ ընդդիմության կողմից ձեռնարկվելիք քայլերին, Ա. Սարգսյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 27-28-ը «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում գործելու է միասնական ընդդիմության տեղեկատվական հատուկ կենտրոն, որը որոշակիորեն դառնալու է հանրաքվեն սպասարկող ԿԸՀ-ի այլընտրանքը: Ըստ նրա, կենտրոնում ամբողջացվելու է ընդդիմության բոլոր թեւերի շտաբներից պարբերաբար ստացվող տեղեկատվությունը՝ հանրաքվեին ընտրողների մասնակցության, ընթացիկ իրավիճակի ու այլնի վերաբերյալ, որոնք կհրապարակվեն պարբերաբար՝ մեկ կամ երկու ժամը մեկ: «Անհրաժեշտության դեպքում կկազմակերպվեն նաեւ քաղաքական գործիչների բրիֆինգներ, գործընթացին կմասնակցեն նաեւ լրագրողներ, ինչպես նաեւ ներկա կլինեն միջազգային կազմակերպությունների եւ ՀՀ-ում օտարերկրյա դեսպանատների մամուլի կամ քաղաքական գծով պատասխանատուներ: Տեղեկատվական կենտրոնը տեխնիկապես հագեցած է լինելու, ունենալու է համակարգչին միանալու հնարավորությամբ մեծ էկրան, որի վրա պարբերաբար ներկայացվելու են տվյալներ»,- մանրամասնեց Ա. Սարգսյանը: Վերադառնալով ընդդիմության համատեղ գործունեությանը՝ երեկ «Հանրապետություն» կուսակցության նախագահը ողջունեց «Ժառանգություն» կուսակցությանն ու նրա նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ նոյեմբերի 25-ին քաղաքացիական ժողով հրավիրելու նախաձեռնությունը: Արամ Սարգսյանը եւս կոչ արեց բոլոր հասարակական ու քաղաքական կազմակերպություններին մասնակցել այդ ակցիային, որն իր շարունակությունը կունենա արդեն նոյեմբերի 27-ին: «Այդ գործընթացը, այո, սկսվելու է նոյեմբերի 25-ից, իսկ նոյեմբերի 27-ը լինելու է կուլմինացիան: Ընդհանրապես, սա գործընթաց է, որը կարող է տեւել 5 կամ 10 օր, գուցե՝ մեկ ամիս: Ամսի 25-ը կարելի է համարել այդ գործընթացի սկիզբը, եւ այդ սկիզբը դրեց Ր. Հովհաննիսյանը»,- հայտարարեց Ա. Սարգսյանը՝ հավելելով, որ ինքն անձամբ Ր. Հովհաննիսյանի հետ միասին մասնակցելու է բոլոր միջոցառումներին: Նա միաժամանակ հիշեցրեց ընդդիմադիրների «18+1» ձեւաչափի շրջանակներում գործող ընդդիմության կոչն ուղղված ՀՀ քաղաքացիներին՝ նոյեմբերի 27-ին հավաքվել Երեւանում. «Ո՞ր հրապարակում, որտե՞ղ, ո՞ր ժամին՝ կասվի լրացուցիչ»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ