«ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆՆ» ԷԼ ԱՍԱՑ «ԱՅՈ» Երեկ տեղի ունեցավ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանի ղեկավարած «Համերաշխություն» կուսակցության երկրորդ համագումարը: Հիշեցնենք, որ կուսակցությունը հիմնադրվել է երկու տարի առաջ: Այս առիթով լրագրողների այն դիտարկմանը, թե ինչո՞վ էր պայմանավորված երկտարյա լռությունը, Անդրանիկ Մանուկյանը պատասխանեց. «Մենք միշտ էլ քաղաքական ակտիվ դիրքերում ենք եղել, պարզապես միտինգներ եւ ցույցեր չենք արել: Մենք մեր երկրի, պետության կայունությանը եւ հզորացմանը նպաստող կուսակցություն ենք, այլ կուսակցությունների համար պրոբլեմներ ստեղծող չենք: Մեր նպատակը մեկն է՝ երկրում տարածել համերաշխության մթնոլորտ: Լավ կլիներ, որ բոլոր քաղաքական ուժերը համախմբվեին՝ ի նպաստ երկրի ու ազգի զարգացման ու հզորացման»: Հաջորդ հարցին, թե ինչո՞ւ կուսակցության համագումարին ներկա են միայն կոալիցիոն ուժերի ներկայացուցիչները, պարոն Մանուկյանը պատասխանեց, որ այլ ուժերի իրենք չեն հրավիրել. «Մենք հայտարարում ենք մեր համերաշխությունը բոլորի հետ, ովքեր կցանկանան մեզ հետ լինել համերաշխ՝ պատրաստ ենք նրանց հետ նույնպես լինել համերաշխ: Մենք չենք ցանկանում, որ համախմբվեն մեր շուրջ: Պարզապես նրանք, ովքեր ընդունում են մեր գաղափարները, կարող են հրավիրել համագործակցելու: Խոսքն այն կուսակցությունների մասին է, որոնք գործում են ազգային շահերից ելնելով»: Պարոն Մանուկյանը համոզված է, որ Հայաստանում իշխանափոխություն չի լինի՝ անգամ այս բարեփոխումներին «ոչ»-ի դեպքում, եւ հումորով է վերաբերվում ընդդիմադիր գործիչների այն հայտարարություններին, որ 2007-ին «Մետրոպոլ» հյուրանոցը դարձնելու են նախընտրական շտաբ՝ «եթե նրանց հաջողվի»,- ավելացրեց նախարարը: «Համերաշխությունը» «այո» ասաց սահմանադրական բարեփոխումներին, որովհետեւ դրանք կնպաստեն երկրի առաջխաղացմանը: Ա. Մանուկյանի խոսքերով՝ «եթե այդ բարեփոխումներում այլ դրական բան չլիներ, միայն երկքաղաքացիությունը բավական էր», որ «Համերաշխությունը» կողմ լիներ բարեփոխումներին: Իսկ երկքաղաքացիությանը կողմ են հենց համերաշխության սկզբունքից ելնելով: Կուսակցության վարչության անդամ, նախկին ԱԻՄ-ական Ներսես Զեյնալվանդյանը կարեւորեց 2007-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը ու նշեց. «Դրա համար ամենավերջին, կներեք, ամենափոքր գյուղում էլ պիտի կուսակցության գրասենյակ ունենանք»: Ըստ Ա. Մանուկյանի, առաջիկա ԱԺ ընտրություններին կուսակցությունը, հավանաբար, կգնա դաշինքով: Իսկ թե որ ուղղվածության ուժերի հետ է դաշինք կազմվելու, կարելի է հասկանալ կուսակցության ղեկավարի ելույթից, որում, մասնավորապես, նշվում է. «Մենք կողմնակից ենք ազատ շուկայական տնտեսակարգին, գիտակցում ենք՝ շուկայական հարաբերություններում բոլորը հավասար արդյունքի հասնել չեն կարող, կլինեն ավելի հմուտներ եւ ձեռներեցներ, կլինեն ոչ գործունյա եւ պասիվ մարդիկ, սակայն դա չի նշանակում, որ ով հասել է հաջողության, պետք է քամահրական վերաբերմունք դրսեւորի ու անհաղորդ լինի ավելի քչի հասածի ճակատագրին: Սա դեմ է մեր ազգային՝ քրիստոնյա ժողովրդի հավաքական նկարագրին»: Ողջույնի իր խոսքում հանրապետական Գալուստ Սահակյանը մեծ խորհուրդ տեսավ հենց «հանրաքվեի նախօրեին համագումար հրավիրելու մեջ»: «Դուք ճիշտ ժամանակն եք ընտրել ակտիվանալու եւ առաջ գնալու համար: Մենք միասին կերտելու ենք մեր ուզած Հայաստանն ու առաջ գնանք»,- ասաց նա: Սահմանադրական բարեփոխումների կոնտեքստում դաշնակցական Վահան Հովհաննիսյանը նկատեց. «Եկել է խոհեմ ուժերի ժամանակը: Անընդհատ լսում ենք ամպագոռգոռ հայտարարություններ, ժողովրդին ահաբեկող կոչեր: Բայց ժողովուրդն իր ընտրությունն արել է, ու մենք եւ ձեր նման ուժերը պատասխանատու ենք ամսի 28-ին երկրի հանդարտ դիրքերն ապահովելու համար: Տանենք երկիրն առաջ ու թույլ չտանք ոչ մի քայլ ետ»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ