Նարնջագույն
հեղափոխությունը մեկ տարեկան է Ուկրաինական նարնջագույն հեղափոխության
մեկ տարվա հոբելյանը ուկրաինացիները դարձյալ դիմավորեցին Մայդանում՝ Կիեւի գլխավոր
հրապարակում, ձյան եւ ցրտի պայմաններում, ինչպես մեկ տարի առաջ: Ուկրաինացիները հեղափոխությունից
հետո որոշակի հիասթափություն են ապրում, սակայն դեռ չեն կորցրել հույսը, որ Յուշչենկոյի
կառավարությունը կկարողանա իրականացնել հեղափոխական պոռթկումի ժամանակ տրված խոստումները:
Կիեւի Մայդանում երեկ ամբողջ օրվա ընթացքում եւ նախորդ մի քանի օրերին հանրահավաքներ
ու նստացույցեր են անցկացնում եւ ընդդիմադիր, եւ իշխանական քաղաքական ուժերի ներկայացուցիչները:
Բոլորի ուզածը մի բան է՝ խոստումների կատարում: Հրապարակում հավաքվածները դարձյալ
զարդարված են նարնջագույն վզկապներով, շարֆերով, գլխարկներով եւ դրոշներով: Մեր հարցազրույցները
հեղափոխության բովով անցած ուկրաինացիների հետ ցույց տվեցին, որ ուկրաինացիները բաժանված
են մի քանի ճամբարների: Կան այնպիսիք, որ շարունակում են հիացած մնալ իրենց հեղափոխությամբ,
դեռ հավատում եւ սպասում են, որ Յուշչենկոն կկարողանա բավարար ուժեղ գտնվել եւ փոխել
իրավիճակը: Մյուսները պարզապես խորը հիասթափվածներն են, որ առանց թաքցնելու հայտարարում
են, որ իզուր էր այս ամբողջ աղմուկը: Կան նաեւ այնպիսիք, որ մտածում են՝ հեղափոխությունը
տվեց ոգի, մնացածն ավելորդ է, եւ խոստումները կլինեն կամաց-կամաց: Կիեւի բոլոր
փողոցներում հանրահավաքային վրաններ են, նարնջագույն տաղավարներ, նարնջագույնից այստեղ
դեռ չեն հոգնել: Սակայն ոմանք՝ ավելի հասարակ կիեւցիները մտածում են, որ հեղափոխությունից
շահեց միայն Յուշչենկոյի ընտանիքը, քանի որ նարնջագույն հեղափոխության բոլոր խորհրդանիշները
հեղափոխությունից հետո տնօրինում է նրա քսանամյա որդին: Որոշ ուկրաինացիներ էլ մեր
հարցին՝ գո՞հ են հեղափոխությունից, պատասխանում էին. «Իմ խոհանոցում ոչինչ չի փոխվել,
այսօր էլ ուտում եւ խմում ենք այն, ինչ նաեւ հեղափոխությունից առաջ, այնպես որ, շահողները
մենք չենք, իսկ նրանք, ովքեր շահել են, վատ չէին ապրում նաեւ մինչեւ հեղափոխությունը»:
Մայդանի հավաքվածներին հարցրինք նաեւ՝ արդյոք չե՞ն հիասթափվել Վիկտոր Յուշչենկոյից:
«Ոչ, ի՞նչ եք ասում, մենք նրան սիրում ենք առաջվա պես, բայց նա մի քիչ փափուկ մարդ
է, իսկ Ուկրաինային ուժեղ եւ կոշտ մարդ է հարկավոր»: Ուկրաինացիների մեծ մասը Յուշչենկոյի
թիվ մեկ թերությունը համարում է հենց թուլությունը եւ կարծում է, որ ուժի դեպքում
իրենք հիմա շատ ավելի լավ կապրեին: Յուլիա Տիմոշենկոյին շատ ավելի ուժեղ են
համարում, քան նրա երբեմնի զինակցին: Հանրահավաքի են դուրս եկել շատերը, սակայն
սա ամենեւին չի խոսում ուկրաինացի ժողովրդի հեղափոխական, քաղաքացիական ակտիվության
մասին, ընդհակառակը: Այստեղ խիստ տեղեկացվածները հայտնեցին, որ հանրահավաք կազմակերպելը,
մարդկանց հրապարակ դուրս բերելը ոչ թե խելք ու շնորհք է պահանջում, այլ՝ փող, փող
եւ միայն փող: Ըստ մեր աղբյուրների, ընդամենը մեկ ժամ հրապարակում կամ քաղաքապետարանի
մոտ հանրահավաք կամ նստացույց անցկացնելու համար յուրաքանչյուր քաղաքացու վճարում
են 10 դոլարին համարժեք ուկրաինական գրիվնյա: Մարդկանց փողոց հանելը այստեղ խնդիր
չէ: Եթե որեւէ ուժի կամ գործարարի հարկավոր է որեւէ հարցի ընդունման կամ քաղաքապետարանի
որեւէ որոշում տապալելու համար հավաքել ասենք՝ հազար մարդ, կվճարի, եւ մարդիկ համապատասխան
վճարի դեպքում կկանգնեն եւ կվանկարկեն այն, ինչի համար վճարված կլինեն: Մեկ
այլ, կարծում ենք, մեր հայրենի պատգամավորներին ոչ պակաս հետաքրքիր բացահայտում:
Այստեղ՝ Ուկրաինայի Գերագույն Ռադայում պատգամավորների 90 տոկոսը գործարարներ են
եւ չափազանց հարուստ մարդիկ: Ցանկացած քվեարկության համար նրանք եւս «վարձատրվում
են» տվյալ հարցով շահագրգիռ ուժերի կամ անձի կողմից: Ըստ հավաստի աղբյուրների, որեւէ
հարց խորհրդարանում անցկացնելն այստեղ արժե երկու միլիոն դոլար: Իսկ պատգամավոր ընտրվելն
այստեղ էլ, Հայաստանի նման, գաղափարախոսության կամ քաղաքական հայացքների հետ ոչ մի
կապ չունի. եթե ունես հինգ միլիոն դոլար, կարող ես «ներդնել» եւ դառնալ պատգամավոր,
մանավանդ, ինչպես հասկացաք, այդ գումարը ետ բերելն ամենեւին դժվար գործ չէ: ՄԱՐԳԱՐԻՏ
ԵՍԱՅԱՆ Կիեւ