Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սադոյանը դեմ է

Նոյեմբեր 23,2005 00:00

Այսուհանդերձ՝
«Արդարություն» խմբակցությունը երեկ որոշեց ընտրական հանձնաժողովներից հետ կանչել
դաշինքի ներկայացուցիչներին: Որոշման նախաբանում այս քայլը
հիմնավորված է այն փաստարկով, որ «1998-ի եւ 2003-ի ընտրությունները կեղծած, իշխանությունը
բռնազավթած, ժողովրդի նկատմամբ բռնություններ իրականացրած վարչախումբը, հիմա էլ խախտելով
Սահմանադրությունը, «Հանրաքվեի մասին» օրենքը, նույն անօրինական մեթոդներով փորձում
է ապահովել հանրաքվեի իր համար ցանկալի արդյունքը»: Որոշմանը «կողմ» են քվեարկել
դաշինքի անդամ բոլոր կուսակցությունները, բացառությամբ Արշակ Սադոյանի ԱԺԴ-ի: Վերջինս
ավելի վաղ նման քայլը որակել էր «իշխանությունների քողարկված ուղղորդմամբ» կատարված
«որդեգրված քաղաքականության դավաճանություն»: Մինչդեռ «Արդարության» այլ անդամների
դիրքորոշումն է, թե՝ ո՛ր կուսակցության ներկայացուցիչները մնան հանձնաժողովներում՝
կբացահայտվի, թե նրանք կա՛մ չեն կարողացել դիմակայել գործադրվող ճնշումներին, կա՛մ
էլ կաշառված են: Իսկ նման լուրեր տարածվում են պարբերաբար: Ասենք, վերջերս անգամ
հայտնի դարձավ, թե Աբովյանի ՀԺԿ կառույցը պատրաստվում է հայտարարություն տարածել,
որ վաճառվել են այդ տարածաշրջանում ընտրահանձնաժողովներում տեղերը, որոնք ներդաշինքային
համաձայնությամբ տրամադրվել են ՀԴԿ-ին: Նման ասեկոսեներ կան նաեւ Արշակ Սադոյանի
ԱԺԴ-ին Արտաշատում փոխանցված տեղերի կապակցությամբ: Սակայն «Արդարություն» դաշինքի
լրատվական ծառայության ղեկավար Ռուզան Խաչատուրյանն այս լուրերի կապակցությամբ մեզ
ասաց. «Ավելորդ եմ համարում պատասխանել շրջանառվող լուրերին, քանի որ դրանք շատ անգամ
տարածվում են նաեւ միտումնավոր: Բայց իհարկե, բոլոր ընտրություններում էլ հանձնաժողովներին
առնչվող խնդիրներ լինում են, հատկապես վերջին տարիներին: Հանձնաժողովների անդամները
ե՛ւ շանտաժի են ենթարկվում, ե՛ւ ահաբեկվում, ե՛ւ արվում են կաշառելու փորձեր: Մինչ
հանրաքվեն այս առնչությամբ գնահատականներ տալը բավական դժվար է: Քաղաքական որոշում
է կայացված հետ կանչել դաշինքի ընտրական հանձնաժողովների անդամներին եւ բոլորը պարտավոր
են ենթարկվել այդ որոշմանը: Ուստի եթե գտնվեն «Արդարություն» դաշինքի այնպիսի ներկայացուցիչներ,
որոնք չեն ենթարկվի այդ որոշմանը՝ պարզ կլինի, թե արդյոք այս անգա՞մ էլ են գործադրվել
ճնշումներ ու կաշառելու փորձեր, թե՞ ոչ: Միայն նոյեմբերի 27-ից հետո կարելի է անել
այդ վերլուծությունը»: Նշենք, որ Արշակ Սադոյանն էլ, դեմ քվեարկելով հանդերձ, այսուհանդերձ
չի պատրաստվում հակադրվել խմբակցության որոշմանը, եւ ԱԺԴ-ն էլ հետ կկանչի հանձնաժողովներում
իր անդամներին: Սակայն նաեւ նշենք, որ որոշմանը չենթարկվելու դեպքում էլ որեւէ լծակ
չկար նրան պատասխանատվության ենթարկելու կամ որոշումը պարտադրելու համար: Դաշինքը
կամ խմբակցությունը չի կարող հեռացնել ընդհանրապես որեւէ մեկին: Ամենաշատը կարող
են հայտարարել, թե տվյալ մարդը կամ կուսակցությունը չի արտահայտում դաշինքի մոտեցումները:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Երեկվա նիստում
անդրադարձ չի եղել ո՛չ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությանը, որն ազդարարել էր, թե
նոյեմբերի 25-ին Ազատության հրապարակում անցկացնելու է քաղաքացիական ժողով, ո՛չ էլ
նոյեմբերի 27-ին «Հանրապետության» հրավիրած հանրահավաքին մասնակցության հարցերին:
Սակայն ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը մեզ հայտնեց, թե ընդհանուր տրամադրությունն
աջակցելն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել