Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օծումը՝

Նոյեմբեր 22,2005 00:00

Օծումը՝ հրմշտոցով Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ նոյեմբերի 20-ին օծվեց Սբ. Երրորդություն եկեղեցին: Նորակառույց եկեղեցու օծման արարողությունն ավարտվեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ տ. Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի մատուցած պատարագով: Եկեղեցու բացման արարողությունն այս անգամ ուղեկցվեց մարդկանց ուշագնացության դեպքերով եւ հրմշտոցներով: Բացի բուն օծմանը ներկա լինելուց, մարդկանց մեծ մասը եկել էր կաթողիկոսին տեսնելու եւ պարզապես պատարագ լսելու, ինչն այդպես էլ չհաջողվեց՝ բարձրախոսներ չլինելու պատճառով: Ներսում հայտնվել ցանկացողների թիվը շատ էր, սակայն մարդիկ ստիպված էին դրա համար բանավիճել ոստիկանների հետ: Վերջիններս պատճառաբանում էին, թե «ներսում շոգ է, համ էլ բան չի լսվում» ու խորհուրդ էին տալիս մեկ այլ մուտքով ներս մտնել, որտեղ ընդհանրապես ասեղ գցելու տեղ չկար: Լրագրողներից մի քանիսին հաջողվեց խորանի մոտ կանգնել, քանի որ քահանան «սիմպատիայով» էր նրանց այնտեղ կանգնելու հնարավորություն տվել: Մյուսների խնդրանքին՝ գոնե ձայնագրիչը խորանի հատակին դնել, լուսանկարել, հոգեւորականը հրմշտելով ասում էր. «Աղջի՛, իջի, ստեղ չես մնալու»: Եկեղեցու սպասավորն այդպես վարվեց լրագրողուհիների հետ, պատճառաբանելով, որ արգելված է՝ կինը կանգնի խորանի վրա, ավելացնելով՝ լրագրողներին չի թույլատրվում, բայց բացառություններ արվել են այն կանանց համար, ովքեր «հյուր են»: Հիշեցնենք, որ հարսանիքների ժամանակ հենց նույն խորանում են հանգանակության համար նախատեսված սկուտեղը դնում: Նման առիթներին թույլատրվում է գումար ընծայող կանանց եւ աղջիկներին բարձրանալ խորան եւ շնորհավորել նորապսակներին: Բարեկրթություն քարոզող քահանան, որ սկզբում չէր ուզում «բացահայտվել», ներկայացավ որպես Սբ. Երրորդություն եկեղեցու հոգեւոր հովիվ՝ տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյան, իսկ նրան շրջապատող դպիրները քմծիծաղով ավելացրին. «Ուզո՞ւմ ես՝ սաղիս անունն էլ կասենք-կգրես»: Օծման արարողությունը հետաքրքիր էր նաեւ դրսից. եկեղեցուց ոչ հեռու Եհովայի վկաները գունագեղ բրոշյուրներ էին բաժանում, համբերատար լսում ու պատասխանում մարդկանց հուզող հարցերին: Եկեղեցու շրջակայքում 10 մոմավաճառներ էժան գնով վաճառում էին չօրհնված մոմեր՝ 10 հատը 100 դրամ: Հավելենք, որ Սբ. Երրորդություն եկեղեցու հիմնաքարը դրվել է 2001-ին: Այն զբաղեցնում է 2.5 հեկտար տարածք, բարձրությունը շուրջ 40 մետր է: Եկեղեցու նախագծի հեղինակը ճանաչված ճարտարապետ Բաղդասար Արզումանյանն է, որն այժմ ողջ չէ: Նորակառույցի հովանավորը Լուիզ Սիմոն Մանուկյանն է: Ընդհանուր շինարարության արժեքը 1.5 միլիոն դոլար է: Հ. ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել