Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԼՔԸ

Նոյեմբեր 22,2005 00:00

«ԵԼՔԸ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ Է» Արարատում հայտարարեց Արամ Սարգսյանը Միացյալ ընդդիմությունը շաբաթ օրը հերթական ավտոշարասյունով հսկայական պտույտ կատարեց Արարատի մարզում եւ արարատցիներին քարոզեց բոյկոտել սահմանադրական հանրաքվեն: Մոտ 170 ավտոմեքենաներից կազմված ավտոշարասյունը շրջեց մարզի գրեթե բոլոր գյուղերում եւ, բոյկոտի կոչից բացի, մարդկանց նոյեմբերի 27-ին հրավիրեց Երեւան՝ համաժողովրդական հանրաքվեի: Ասվեց, որ այդ հանրաքվեի ընթացքում մարդիկ պետք է պաշտպանեն իրենց բոյկոտի արդյունքները եւ թույլ չտան իշխանություններին «հրապարակել իրենց նկարած թվերը հանրաքվեի արդյունքների մասին»: Արտաշատ քաղաքում տեղի ոստիկանապետերը եւ նրանց ենթակաները բավականին չարչարվել էին, արտաշատցիների վկայությամբ՝ ամբողջ գիշեր մարդկանց վախեցրել են, սակայն դա էլ առանձնապես չէր ազդել, քանի որ Արտաշատի թատրոնի հրապարակը բազմամարդ էր, եւ եկողները նույնքան դժգոհ էին իշխանություններից, որքան գյուղերի բնակիչները. «Սահմանադրությանը «ոչ» ենք ասելու, բոյկոտելու ենք, էդ «այո» ասողները գռփող-կռփողներն են, մեզ նման մարդիկ «այո» չեն ասի»: Մի տիկին էլ իր սեփական քարոզն էր իրականացնում, որն ուղղված էր հեռուստաընկերություններին, սակայն հանդիպմանը ներկա միակ՝ հանրային հեռուստաընկերությունը այս տիկնոջը հասկանալի պատճառներով չնկարեց եւ չձայնագրեց, իսկ նրա ասածը սա էր. «Կխնդրեինք, որ մեր ձայնը, թեկուզ ընդդիմադիր դաշտից խոսող հասարակ ժողովրդի ձայնը եթեր գնար, ոչ թե լռեցնեիք, եթե պիտի լռեցնեք, ավելի լավ է չգաք, դուք մի վախեցեք, դուք անկախ եք, դուք չորրորդ իշխանություն եք, եւ պարտավոր եք, անկախ նրանից՝ ինչ են արտահայտում, եթեր բաց թողնել, ոչ թե ենթարկվեք, ամբողջ ժողովրդին բաժանել եք թիմերի, բավական է, եւ դրա ամենամեծ մեղավորը լրատվամիջոցներն են, անհարմար է»: Արարատ քաղաքում հազարից ավելի մարդ էր հավաքվել, հիմնական տրամադրությունը հեղափոխական էր, եւ այստեղ հռետորների բոլոր կոչերին պատասխանում էին շատ ավելի բուռն ու ոգեւորված: «Արդարություն» խմբակցության ղեկավար, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը արարատցիներին կոչ արեց միասնաբար բոյկոտել հանրաքվեն եւ հասնել արդարության հաստատմանը երկրում. «Չմասնակցելով հանրաքվեին՝ դուք ոչ եք ասելու ստին, ոչ եք ասելու կեղծիքներին, ոչ եք ասելու այս ապօրինի վարչախմբին»: «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի դիրիժորությամբ հավաքվածները վանկարկում էին. «Ռոբերտ, հեռացիր, Ռոբերտ, հեռացիր»: Վիկտոր Դալլաքյանը նաեւ ասաց. «Մենք ունենք համապատասխան մարդկանց ցուցակները եւ իշխանափոխությունից հետո զբաղվելու ենք այդ մարդկանցով: Սահմանադրությունը մերժելով՝ դուք մերժում եք Քոչարյանի կլանային համակարգը: Սահմանադրության մերժումը քաղաքական մահ է գործող վարչախմբի համար»: «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը իր հայրենակիցներին ասաց. «Ես եկել եմ այստեղ Վազգենի գործը շարունակելու, ես հազվադեպ եմ նման բաներ ասում, ես նույնիսկ ինձ իրավունք չեմ վերապահում իր անունից նման բաներ ասել, բայց այսօր ես ձեզ պիտի ասեմ՝ սիրելի արարատցիներ, հայրենիքը ձեր կարիքը ունի, դուք ըմբոստ եք, որեւէ ոստիկանապես, որեւէ մարզպետ, որեւէ քաղաքապետ երբեք չի կարողացել ձեզ վրա: Այսօր իսկապես ես երկիրը համարում եմ վտանգված, իսկապես լուրջ անելիք կա երկրի համար»: Հայտարարվեց, որ այսօրվա իշխանություններն ապրում են գողական օրենքներով, եւ ստեղծված իրավիճակում հարկավոր են փոփոխություններ, եւ փոփոխության միակ ելքը, ըստ Արամ Սարգսյանի՝ հեղափոխությունն է. «Այլ ելք Հայաստանի Հանրապետությունը չունի»: Նա իշխանություններին նաեւ «դալտոնիկ» անվանեց, քանի որ ծիրանագույնը խառնում են նարնջագույնի հետ. «Տեսեք իրենց «այո»-ի թերթիկները ի՞նչ գույնի են՝ երկնագույն, իսկապես դրանք երկնագույն են եւ գառնիկիսագուլյանները այդ երկնագույն թերթիկին ուզում են «այո» ասել, է, թող ասեն, նորությո՞ւն է մեզ համար»: Արամ Սարգսյանը հայտարարեց, որ իրենք չեն ընդունում այն խաղը, որտեղ կանոններ չկան. «Եթե վեր կացավ եւ ասեց «այո» է, ուրեմն ընտրությունները կեղծել են, ժողովրդավարությունից ավելի բարձր արժեք մեր երկրի եւ մեզ համար չկա, ուրեմն իրենք պետք է հեռանան»: «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը իր հերթին հայտարարեց, որ կրիտիկական զանգվածի դեպքում իրենք կգնան Բաղրամյան փողոց. «Որեւէ մեկը կասկածո՞ւմ է, որ մենք կգնանք եւ կհաղթենք, ես կասկածող եմ ման գալիս»,- այսպես եզրափակեց իր խոսքը: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930