Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՆ

Նոյեմբեր 22,2005 00:00

ԿԳՆ որոշումը հիմնավորված չէ Տանը նստելով գրիպի դեմ չես պայքարի Ի հաշիվ գարնանային եւ աշնանային արձակուրդների՝ ԿԳ նախարարությունը դպրոցներում, արդեն որերորդ տարին, ձմեռային արձակուրդները երկարացրել է: ԿԳ նախարարության այս որոշումը ողջունեցին առողջապահության նախարարությունը, դպրոցների տնօրենները, քանի որ առաջինի դեպքում գրիպի համաճարակից կխուսափեն, մյուսի դեպքում՝ վառելիքի գումար կտնտեսեն: Մինչդեռ հոգեբանները գտնում են, որ ձմռան եւ ամռան այդքան երկարատեւ դադարը եւ հետագա ամիսների ծանրաբեռնվածությունը կարող է գերլարվածություն առաջացնել՝ վնասելով աշակերտների եւ ուսուցիչների հոգեկան առողջությունը: «Առավոտի» հետ զրույցում Հայկական հոգեվերլուծական ասոցիացիայի նախագահ Անժելա Վարդանյանը անընդունելի համարեց գրիպի համաճարակի պատրվակով ձմռանը դասերը մոտ երկու ամսով ընդմիջելը. «Համաճարակից դժվար է խուսափել կամ դրա դեմն այդ միջոցով առնել: Գրիպի դեմ տանը նստելով կամ կանխարգելելով չես պայքարի, հարկավոր է պատվաստումներ կատարել: Ի՞նչ երաշխիք կա, որ մարտին կամ ապրիլին համաճարակ չի լինելու: Ուրեմն ի՞նչ, դպրոցներն ընդհանրապես փակե՞նք: Կամ եթե ինչ-ինչ պայմաններից ելնելով է այդ ամենն արվում, ուրեմն հարկավոր է, որպեսզի դպրոցը, ԿԳ նախարարությունը միջոցներ գտնեն այդ ամիսների ընթացքում աշակերտների՝ դպրոցի հետ հետադարձ կապն ապահովելու: Շաբաթը մեկ կամ գոնե ամիսը երկու անգամ աշակերտները պետք է հնարավորություն ունենան իրենց ուսուցիչների հետ հանդիպել՝ անցածը կրկնելու, արձակուրդներին հանձնարարվածը ներկայացնելու համար: Շատ դեպքերում ձմեռային արձակուրդներին երեխաներն առանց ծնողների հսկողության են մնում եւ հանձնարարությունները չեն կատարում: Եվ ստացվում է, որ նրանք այդ երկու ամիսների ընթացքում պարապ են մնում, իսկ հետո միանգամից ծանրաբեռնվում: Այդպիսի լարվածությունը կարող է գերհոգնածություն առաջացնել»: Մեր զրուցակցի խոսքերով՝ ճիշտ չէ ուսումնական տարին երկու անգամ այդքան երկարատեւ արձակուրդով ընդմիջելը. դա երեխայի հոգեկան առողջության հետ կապված բարդություններ է առաջացնում. «Ամառային արձակուրդները ամբողջ աշխարհում ընդունված են, այդ ընթացքում երեխաները լիարժեք հանգստանում են, ճամփորդությունների մեկնում եւ արդեն տրամադրված հաճախում դպրոց: Իսկ ձմռան պարագայում այլ է. միայն մեկ ամիս պետք է, որպեսզի երեխայի ուշադրությունը հավաքես, մի երկու ամիս՝ անցածը վերականգնես, եւ այդպիսով ուստարին ավարտվեց: Էլ չեմ ասում, որ քննություններ կան: Ուսուցիչները եւս ստիպված են լարված աշխատել: Բացի այն, որ նրանք ստիպված են անցածը նորից կրկնել, վերհիշել, դեռ ուսումնական ծրագրերն էլ խտացված են անցնում՝ ծանրաբեռնելով ե՛ւ իրենց աշխատանքը, ե՛ւ երեխաների առօրյան»: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930