Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ

Նոյեմբեր 22,2005 00:00

ԵՐԿՈՒ ՕՐ ՀԶՈՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ՝ ՋԱՎԱԽՔՈՒՄ Երկօրյա այցը՝ Ջավախք, կազմակերպել էր «Ջավախքի երիտասարդական մշակութային» միությունը (ՋԵՄ) Կիրակի օրը Գիմբիրդա գյուղում, Սուրբ Խաչ եկեղեցու քահանա Սամվել Թորոսյանի եւ Վիրահայոց առաջնորդ եպիսկոպոս Միրզախանյանի մասնակցությամբ օծվեց Սուրբ Աստվածածին եկեղեցին: Հայ համայնքի ուժերով, Գարիկ Կարապետյանի միջոցներով, Համլետ եւ Բաբկեն Դիլանյանների ուժերով այս եկեղեցին նոր կյանք առավ: Գերաշնորհ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ Ջավախքում 21 եկեղեցի կա եւ կգա ժամանակ, երբ Ջավախքն առանձին թեմ կունենա: Նա նկատեց նաեւ, որ ինչպես վիրահայերի վիճակն է, այնպես էլ՝ թեմի: «Առավոտի» այն մտահոգությանը, թե արդյոք եկեղեցիների չգործելը չի՞ նպաստի կրոնական տարատեսակ հոսանքների ներթափանցմանը Ջավախք, նա պատասխանեց, որ աղանդներում ներգրավվելը դիտվում է իբրեւ սոցիալական խնդիրների լուծում, սակայն այնքան էլ վտանգավոր իրավիճակ չի ստեղծված այդ առումով: Մեր այցի ժամանակ եղանք Սուլդա, Կարզախ, Գիմբիրդա գյուղերում: Սուլդայում կա մեկ դպրոց, ուր սովորում է 90 աշակերտ: Գյուղում կա 1500 բնակչություն, հիմնականում զբաղված են ապրանքափոխանակությամբ: Միայնակ թոշակառուն ստանում է 17 լարի, որը համարժեք է 8,5 դոլարի: Մեկ լարիով կարելի է գնել 2 տուփ «Աստրա» տեսակի ծխախոտ, եւ երբ մի տղամարդու հարցրի, թե ինչպիսին է իր՝ թոշակառուի նվազագույն զամբյուղը, պատասխանեց՝ «Ամիսը 40 «Աստրա»: Գյուղի բնակիչներից Յասոն Մանուկյանը սեփականաշնորհել էր տեղի հարսանյաց տունը, ուր ավելի շատ սգո արարողություններ են լինում, քան հարսանիք: Գյուղում հիմնականում վառում էին աթար: Ցանկություն ունեցանք մտնել մոտակա տներից մեկը: Ռուդիկ Դուրգարյանն ուներ երեք երեխա, որոնք սովորում էին Ախալքալաքում: Նրանցից մեկը սովորում էր վճարովի եւ վճարը կազմում է 500 լարի: Մեր այն հարցին, թե Վրաստանում տպագրվող թերթեր գյուղը ստանո՞ւմ է, իմ զրուցակիցներից մեկը պատասխանեց. «Ո՞վ պետք է թերթ բերի: Եթե վիբոր կլինի՝ կբերեն»: Գյուղն ազատվել էր հողի, ջրի հարկերից: Ջուրը 3 օրը մեկ էր այստեղ գալիս: Ջիվանու գյուղում՝ Կարզախում մեզ դիմավորեց Լենինի արձանը: Այստեղ, ինչպես ասացին, 250 տնտեսություն կար: Գյուղը ստանում է «Վրաստան» թերթը, անվճար բաժանում են նաեւ «Ակունք» հայալեզու թերթը: Եթե լույս ունենում են՝ հնարավորություն ունեն դիտելու «Արմենիա» եւ Հ1 հեռուստածրագրերը: Սուրբ Կարապետ եկեղեցին գտնվում էր անմխիթար վիճակում, կենտրոնական մուտքը քարերով փակված էր, եւ վրացիները հասցրել էին այնտեղ իրենց հետքերը թողնել: Սակայն չէին կարողացել ջնջել Փրկչին նվիրված 1894թ. կառուցված եկեղեցու քարե վավերագրությունը: Այս գյուղում կային մարդիկ, ովքեր ունեին ձեռքի հեռախոս, օգտվում են Josel կապից, 30 թեթրի է (համարժեք 15 դրամի) մեկ րոպեն: Գյուղի շատ բնակիչներ անձնագիր չունեն եւ գործում էր «ներքին անձնագիրը»: Դա անձի ինքնությունը հաստատող փաստաթուղթ էր՝ վրացերեն: Ինչպես տեղեկացրեց դպրոցի տնօրեն Սամվել Չոլախյանը, Գիմբիրդայի դպրոցում սովորում էր 370 աշակերտ եւ աշխատում 28 ուսուցիչ, բոլորն էլ տեղացի էին: Մենք եղանք դպրոցի գրադարանում: 1983-ից գրադարանավար աշխատող Լուսյա Գաբրիելյանը ցույց տվեց խայտառակ վիճակում գտնվող գրապահոցը: Վերջերս դպրոց էր այցելել Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու կինը, որը Վրաստանի գիտության եւ կրթության նախարարության կողմից հաստատված «Մեր հայրենիքի մատյանը» 5-րդ դասարանի պատմության դասագիրքն էր բերել, ուր Հայաստանն էլ ներկայացվում է իբրեւ Վրաստանի տարածք՝ մինչեւ Սեւանա լիճ: Իսկ Գումբուրդոյի եկեղեցու մասին, ուր Աստվածամոր եւ Աստծո պատկերներն են, նույն դասագրքում կարդում ենք. «Եթե լինեք Գումբուրդոյի եկեղեցում եւ մեր հայացքը բարձրացնենք, ապա գմբեթի փոխարեն բաց երկինքը կտեսնեք: Սակայն եթե ուշադիր դիտեք, տաճարի վերեւի մասում անպայման կնկատեք Քարթլիի թագավորի եւ թագուհու պատկերները»: Գումբուրդո նշանակել է տերտերների վայր: Չնայած վրացիներն ասում են, որ եկեղեցին իրենցն է, սակայն հավատացյալներից մեկը մեզ տեղեկացրեց, որ մկրտման ավազաններ վրացական եկեղեցիներում չկան, ինչպես այստեղ է: Իսկ արտաքինից եկեղեցին էլ նման է Անիի մայր տաճարին: (Շարունակելի) ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Ջավախք-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930