Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՋԱԴԵՊԵՐԸ

Նոյեմբեր 22,2005 00:00

ՄԻՋԱԴԵՊԵՐԸ ՍԿՍՎԵՑԻՆ 20:00-ԻՑ ՀԵՏՈ Ռ. Պետրոսյանի կողմնակիցները չեն հաշտվում ընտրության արդյունքի հետ Նոյեմբերի 20-ին Ապարանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների նախնական տվյալների համաձայն, քաղաքապետ է ընտրվել Գոռ Աբրահամյանը: Հիշեցնենք, որ նրան սատարում էին ոչ միայն ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ու ՀՀ ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը, այլեւ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության անդամ երեւանցի պաշտոնյաները: Կիրակի օրը Ապարանի ընտրությունները վերահսկելու համար Երեւանից ու Արագածոտնի մարզի այլ վայրերից բերվել էին հատուկ ջոկատայիններ ու կարմիր բերետավորներ: Ապարանցիների ասելով, իրենք երբեք Ապարանում այդքան կարմիր բերետավորների չէին տեսել: Ապարանում վստահ են, որ դա իրենց նկատմամբ հոգեբանական ճնշման մի ձեւ է ու քաղաքում վախի մթնոլորտ սերմանելու փորձ: Գործող քաղաքապետի թիմակիցները մտադիր չեն համակերպվել պաշտոնապես հայտարարված արդյունքների հետ, թեեւ որեւէ կերպ իրենց անհամաձայնությունը ընտրական հանձնաժողովների միջոցով, որտեղ ունեցել են 3 տեղ, այդպես էլ չեն արտահայտել: Իսկ ընտրությունների ընթացքը քաղաքապետի երկու թեկնածուների՝ գործող քաղաքապետ Ռազմիկ Պետրոսյանի եւ Գոռ Աբրահամյանի կողմնակիցների ասելով, հանգիստ էր անցել՝ առանց միջադեպերի: Միջադեպերը սկսվել էին երեկոյան ժամը 20:00-ից հետո, երբ փակվել էին Ապարանում բացված թվով երեք ընտրական տեղամասերի դռներն ու սկսվել էր քվեարկության արդյունքների հաշվարկը: Ռ. Պետրոսյանի կողմնակիցներն այդ պահից ի վեր մինչեւ ուշ գիշեր հավաքված են եղել քաղաքի կենտրոնի հրապարակում ու վառած անիվների կրակով տաքանալով՝ սպասել քվեարկության արդյունքներին: Ընտրական տեղամասերից սկսել են ահազանգեր ստացվել, թե տեղամասերից մեկի՝ 13/2-ի հանձնաժողովի նախագահ Նվարդ Բարսեղյանը Ռ. Պետրոսյանին քվեարկված քվեաթերթիկների վրա իր մոտ եղած գրիչով ավելորդ նշում անելով՝ անվավեր է դարձնում: Ըստ Ռ. Պետրոսյանի շտաբի որոշ ներկայացուցիչների, իրենք հաշվել են, որ նման քվեաթերթիկների թիվը միայն այդ տեղամասում շուրջ 210-ն են: Ընդհանրապես, ընտրողների հիմնական բողոքներն էլ հենց այս տեղամասից եւ կոնկրետ Ն. Բարսեղյանից էին, որովհետեւ Ռ. Պետրոսյանի վստահված անձանց վկայությամբ՝ հենց նա էր ընտրողներին քվեարկությունից առաջ մի կողմ քաշել ու «հորդորել» քվեարկել Գ. Աբրահամյանի օգտին, կամ քվեարկությունից հետո բացել տվել քվեաթերթիկը, որ տեսնի, թե ընտրողն ում օգտին է քվեարկել: Ընդ որում, քվեարկության ամփոփումից հետո էլ այս տեղամասում հանձնաժողովի երեք անդամներ հրաժարվել են ամփոփիչ արձանագրության տակ ստորագրել, իսկ քվեարկության փաթեթներն ու հանձնաժողովի նախագահ Նվարդին դուրս են բերել կարմիր բերետավորների ու ոստիկանների հսկողությամբ, որ հանկարծ զայրացած ապարանցիները նրան չվնասեն: Կիրակի գիշերը, ժամը 4:30-ին, երբ քվեարկության արդյունքներից դժգոհ ու քաղաքի հրապարակում հավաքված շուրջ 2500 ապարանցիների ջղերը սկսել են տեղի տալ՝ քաղաք է մտցվել կարմիր բերետավորների մի վաշտ: Զգալով հնարավոր ու անցանկալի զարգացումների լրջությունը՝ գործող քաղաքապետ Ռ. Պետրոսյանն ու նրա շտաբի պետ Մ. Մալխասյանը հավաքվածներին կոչ են արել գնալ իրենց տներն ու դուրս չգալ: Զոհված ազատամարտիկներից մեկի կինը՝ Քնարիկը, երեկ «ամենայն պատասխանատվությամբ» հայտարարեց, որ Երեւանի այն ապարանցիները, ովքեր իրենց երեխաներին գրանցել են Ապարանում, որպեսզի նրանք զինծառայություն անցնեն Երեւանում իրենց ծնողների տաքուկ գրկում, այս ընտրությունների ժամանակ «գործուղվել» էին Ապարան Գոռ Աբրահամյանին ընտրելու համար: Ռ. Պետրոսյանի շտաբում միաժամանակ շեշտում էին, որ բացի ընտրական տեղամասերում քվեաթերթիկների վրա կատարված նկարչությունից, քվեարկության արդյունքների վրա մեծ ազդեցություն է ունեցել Գ. Աբրահամյանի կողմնակիցների բաժանած ընտրակաշառքը: Ռ. Պետրոսյանի շտաբում հավաքված ապարանցիները երեկ էլ հայտարարեցին, որ մտադիր չեն հաշտվել Գ. Աբրահամյանի ընտրության հետ, ու Ապարան հրավիրեցին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին. «Իր ընտրարշավի ժամանակ գալիս էր Ապարան, որ իր օգտին քվեարկենք, թող հիմա գա, տեսնի, թե Ապարանում ինչ է կատարվում: Մենք էս պայմաններում սահմանադրությանը «ոչ» ենք ասելու, քանի դեռ մեր պահանջը չի կատարվել: Մեր քաղաքապետը Ռազմիկ Պետրոսյանն է ու վերջ»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930