«Տանը նստելով պարեցրեք այս իշխանությանը» Կիրակի Արմավիրում կայացած հանդիպման ժամանակ կոչ արեց «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը: Այս հանդիպումը դարձավ եւս մի բնութագրական օրինակ, թե ինչպես են լուսաբանվում ընդդիմադիրների հանդիպումները: Արտաշես Գեղամյանը հայտարարեց, թե «1 ամիս 5 օր է անցել, ինչ սկսվել է քարոզարշավը եւ այս ամբողջ ընթացքում հայաստանյան ոչ մի հեռուստաընկերություն գեթ 1 րոպե չի տրամադրել «Ազգային միաբանություն» կուսակցության թե՛ նախագահին, թե՛ տեղակալներին»: Հետո նշեց, թե փոխարենը եթերում «այո»-ի կողմնակիցներն են. «Եվ զավեշտը հասել է նրան, որ «այո»-ի կողմնակիցները միմյանց հետ բանավիճում են, յուրաքանչյուրը մեզ վերագրելով միտք, որը չենք ասել»: Միայն այս ամենից հետո պրն Գեղամյանը նշեց, որ երբ ինքը զրկված է հեռուստալսարանին ասելիքը փոխանցելուց՝ «Այս պարագայում եթե մարդ իրապես սկզբունքներ կրող է, եթե մարդ բարոյական արժեքակիր է, բնականաբար, իրավունք չունի դիմել ազգաբնակչությանը՝ ասել, գնացեք «ոչ» ասեք, երբ նա այդ «ոչ»-ը չի կարողացել հիմնավորել»: Հ1-ը միայն վերջին նախադասությունը ներկայացրեց՝ համատեքստից կտրելով ու մատուցելով իբրեւ ինքնաքննադատության մի օրինակ: «Ազգային միաբանության» առաջնորդը ելույթում անդրադարձավ բազմաթիվ թեմաների՝ սահմանադրության փոփոխությունների վիճահարույց դրույթներին, տնտեսական կասկածելի գործարքներին եւ այլն: Առանձնացնենք պրն Գեղամյանի այն հայտարարությունները, որոնք վերաբերում էին «այո»-ի քարոզիչների փաստարկներին: Արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարության կապակցությամբ, թե մեր դատարաններն այսօր անկախ չեն, ասաց. «Է, կանգնես, ասես՝ ումի՞ց են կախված, կարո՞ղ է՝ Գեղամյանից, կարո՞ղ է՝ ընդդիմությունից: Սաղ դո՛ւք եք: Ուրեմն, եթե կաշառված են, որովհետեւ անկախ չեն, իսկ կախված են միայն Քոչարյանից՝ ստացվում է այնպես, որ Վարդան Օսկանյանը մեղադրեց Ռոբերտ Քոչարյանին, որ նա, ըստ էության, կաշառակերության կնքահայրն է ամբողջ դատական համակարգի: Ես բաժանո՛ւմ եմ Վարդան Օսկանյանի տրամաբանական այդ թեզը»: Կոալիցիայի գործիչների կապակցությամբ էլ պրն Գեղամյանը նկատեց, թե «հա՛մ ուզում են հաճույք ստանալ, հա՛մ էլ՝ կույս երեւան: Այդպես ո՞նց կլինի»: Համեմատելով նրանց բուրիդանի ավանակի հետ, որը խոտի երկու դեզերի միջեւ չկողմնորոշվելով՝ ի վերջո սատկեց սովից, «Ազգային միաբանության» առաջնորդն ասաց. «Հիմա էս կոալիցիան է՝ հա՛մ չի ուզում ժողովրդից կտրվի, հա՛մ էլ չի ուզում իշխանական բարիքներից զրկվի: Ուրեմն՝ նա էլ քաղաքականապես դատապարտված է վախճանման»: Նկատեց, թե փորձեր են արվում ներկայացնելու, թե մոտենում է «վճռական պահը» եւ «ԱՄ»-ն չմիացավ: Եվ այս համատեքստում անդրադարձավ «Հ2»-ի մի սյուժեի. «Մուլտիպլիկացիոն նկար ցույց տվեցին՝ Գեղամյանը թմբուկով ռիթմն է պահում, Արշակ Սադոյանը Ստեփան Դեմիրճյանին ասում է՝ «Բա ես որ ասում էի՝ նրանցի՜ց է»: Տո՛, եթե նրանցից եմ, իշխանական եմ, ինչո՞ւ եք ինձ ծախում, իշխանություննե՛ր: Ո՛չ, կասկածանքի որդը պետք է գցեն, սերմանեն ժողովրդի գիտակցության մեջ: Իսկ ես այդ մուլտն այլ կերպ հասկացա՝ հա՛, իմ խփած «դռոբի» տակ պարելու են նույն Ռոբերտն ու Սերժը: Համապատասխան ռիթմն էլ սովորում եմ»: Կոչ արեց արմավիրցիներին բոյկոտի՝ «Եզակի հնարավորություն է, որ բառիս իսկական առումով՝ տանը նստելով պարեցնե՛ք այս իշխանություններին»: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ