ՀԱՅՐԻԿՅԱՆԸ ԿԱՏԱՐԵՑ ԻՐ «ՄԵԾԱԳՈՒՅՆ ՊԱՐՏՔԸ» Միանալով իշխանության քարոզին «Ես այսօր արդեն գիտեմ, որ առանց խախտումների էլ «այո»-ն կա, դրա համար բոլորին կոչ եմ անում որեւէ խախտում չանել: Մանր-մունր, մանավանդ մեծ խախտումներով չպղծենք առաջընթացը»,- պատասխանելով «Առավոտի»՝ «Կբավարարե՞ն Ձեզ հանրաքվեի դրական, բայց կեղծված արդյունքները» հարցին երեկ հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը՝ «Այո»-ի համակարգող շտաբում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ: Ի տարբերություն 2003-ի, հիմա Հայրիկյանը նկատել է, որ բացի նախագահ Քոչարյանից, իշխանական կուսակցությունների շրջանակում էլ մեծ շահագրգռություն կա Սահմանադրությունը բարեփոխելու: Ճիշտ է, նրանցից ոչ բոլորն են ելնում պետականագիտական պատկերացումներից, բայց դա չի խոչընդոտել, որ որոշ գյուղապետերի՝ կեղծումներով հաճոյանալու բնավորությունը համակարգող խորհրդում Հայրիկյանի տպավորությամբ՝ սվիններով ընդունվի: Ինչեւէ՝ «Ես չէի ուզենա լինել այն մարդկանցից, ովքեր ստիպված պիտի լինեին շատ ցանկալի բարեփոխումները չեղյալ հայտարարելու պահանջով հանդես գալ, այն պատճառով, որ ստահակները տեղերում կեղծիքներ են արել»,- նաեւ այսպիսի հայտարարություն արեց ԱԻՄ նախագահը: Ընդհանրապես ասուլիսը հրավիրվել էր հրապարակելու ԱԻՄ-ի պատվիրած սոցիոլոգիական հարցման արդյունքները, ըստ որոնց՝ մեծամասնություն են կազմում «այո» ասողները: ԱԻՄ-ը մտավախություն է տեսնում 1/3-ի հարցում, քանզի «ՀՀ բնակչության թվերն ուռճացված են»: «Այո»-ն զգալի է, բայց ոչ այնքան ֆանտաստիկ, որքան ներկայացնում են, այսպես կոչված, «այո»-ի կողմնակիցները, ովքեր իբր ինձանից կողմնակից են»,- արձանագրում է Հայրիկյանը: Հարցման արդյունքները վերջնական չեն, որովհետեւ գումարը չէր բավականացրել նախատեսված 2000 մարդու շրջանում հարցում իրականացնելու համար: Սակայն հույս հայտնվեց, որ մինչեւ շաբաթվա ավարտը անհրաժեշտ գումարը կլինի եւ հարցման արդյունքները կամփոփվեն: «Այո»-ի քարոզի շրջանակներում ԱԻՄ նախագահը հրապարակեց անկախ Հայաստանի եւ պետականության իր պատկերացումները՝ վերհիշելով առաջին բանտարկությունից վերադառնալը, երբ ոստիկանները նրան հարցրել էին՝ «Անկախ Հայաստան ես ուզում, որ թուրքերը մեզ նորից կոտորե՞ն»: «Ցեղասպանությունը եղավ, որովհետեւ չկար անկախ Հայաստան»,- 24 տարեկանում պատասխանել է Հայրիկյանը, որն այսօր կոչ է անում սահմանադրական բարեփոխումներին «այո» ասելով՝ հզորացնել անկախ Հայաստանը: Հանրությանը մեկ անգամ եւս ուղղորդելը ԱԻՄ առաջնորդն իր մեծագույն պարտքն է համարում: Ու իբրեւ օրինակ՝ ասում. «Ես եմ եղել պետականության կերտման պայքարի գլխավոր կազմակերպիչը, ուղղակի ղեկավարը: Նույն Անդրանիկ Մարգարյանը դատվել է իմ տված հանձնարարությունները կատարելու համար միայն: Մյուսների անունները էլ չեմ ուզում տալ»: «Սակավամիտներ եւ սրիկաներ» կոչվեցին բոլոր նրանք՝ «ովքեր մարդկանց ասում են հրաժարվեք ձեր կյանքը բարելավելու հնարավորությունից, որովհետեւ ես ուզում եմ նախագահ դառնալ»: Այս ամենից հետո լրագրողների տարակուսանքը, թե ո՞ր դաշտում է Հայրիկյանը, այսպես փարատվեց. «Քաղաքական տեսակետից ընդդիմադիր դաշտում եմ, ռազմավարական տեսակետից՝ այնտեղ, որտեղ միշտ եղել եմ: Ինձ էլ է պետք իշխանափոխություն: Բայց ոչ այսպես՝ էս իշխանավորի փոխարեն ես գամ, այլ ժողովրդավարության կայացում»: Ինչ վերաբերում է քարոզարշավի՝ հայրիկյանական գնահատականներին, ապա բանախոսը «լսել է խոսակցություններ», որ իբր «ոչ»-ի քարոզիչների համար հավասար պայմաններ չեն ապահովվում, բայց իր եւ Արամ Գ. Սարգսյանի հեռուստաբանավեճի նկարահանումներից հակառակ զգացողությունն է ունեցել: «Նախնական մարտավարությունը փոխելու գործելակերպը սեփական դիրքորոշման թուլության վկայությունն է: Բայց երբեմն այդ փոփոխությունը հաջողության է հասցնում, կարծում եմ՝ «ոչ»-ի կողմնակիցներն այսպիսով մի քայլ առաջ գնացին»,- ընդդիմության մարտավարության փոփոխության առիթով կարծիք հայտնեց ԱԻՄ նախագահը: «Բոյկոտը ճիշտ է՝ կեղծիքների ճանապարհը նվազեցնելու համար»,- կարծում է նա: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ