Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿԳՆ որոշումը հիմնավորված չէ

Նոյեմբեր 22,2005 00:00

Տանը
նստելով գրիպի դեմ չես պայքարի Ի հաշիվ գարնանային եւ աշնանային
արձակուրդների՝ ԿԳ նախարարությունը դպրոցներում, արդեն որերորդ տարին, ձմեռային արձակուրդները
երկարացրել է: ԿԳ նախարարության այս որոշումը ողջունեցին առողջապահության
նախարարությունը, դպրոցների տնօրենները, քանի որ առաջինի դեպքում գրիպի համաճարակից
կխուսափեն, մյուսի դեպքում՝ վառելիքի գումար կտնտեսեն: Մինչդեռ հոգեբանները գտնում
են, որ ձմռան եւ ամռան այդքան երկարատեւ դադարը եւ հետագա ամիսների ծանրաբեռնվածությունը
կարող է գերլարվածություն առաջացնել՝ վնասելով աշակերտների եւ ուսուցիչների հոգեկան
առողջությունը: «Առավոտի» հետ զրույցում Հայկական հոգեվերլուծական ասոցիացիայի
նախագահ Անժելա Վարդանյանը անընդունելի համարեց գրիպի համաճարակի պատրվակով ձմռանը
դասերը մոտ երկու ամսով ընդմիջելը. «Համաճարակից դժվար է խուսափել կամ դրա
դեմն այդ միջոցով առնել: Գրիպի դեմ տանը նստելով կամ կանխարգելելով չես պայքարի,
հարկավոր է պատվաստումներ կատարել: Ի՞նչ երաշխիք կա, որ մարտին կամ ապրիլին համաճարակ
չի լինելու: Ուրեմն ի՞նչ, դպրոցներն ընդհանրապես փակե՞նք: Կամ եթե ինչ-ինչ պայմաններից
ելնելով է այդ ամենն արվում, ուրեմն հարկավոր է, որպեսզի դպրոցը, ԿԳ նախարարությունը
միջոցներ գտնեն այդ ամիսների ընթացքում աշակերտների՝ դպրոցի հետ հետադարձ կապն ապահովելու:
Շաբաթը մեկ կամ գոնե ամիսը երկու անգամ աշակերտները պետք է հնարավորություն ունենան
իրենց ուսուցիչների հետ հանդիպել՝ անցածը կրկնելու, արձակուրդներին հանձնարարվածը
ներկայացնելու համար: Շատ դեպքերում ձմեռային արձակուրդներին երեխաներն առանց ծնողների
հսկողության են մնում եւ հանձնարարությունները չեն կատարում: Եվ ստացվում է, որ նրանք
այդ երկու ամիսների ընթացքում պարապ են մնում, իսկ հետո միանգամից ծանրաբեռնվում:
Այդպիսի լարվածությունը կարող է գերհոգնածություն առաջացնել»: Մեր զրուցակցի
խոսքերով՝ ճիշտ չէ ուսումնական տարին երկու անգամ այդքան երկարատեւ արձակուրդով ընդմիջելը.
դա երեխայի հոգեկան առողջության հետ կապված բարդություններ է առաջացնում. «Ամառային
արձակուրդները ամբողջ աշխարհում ընդունված են, այդ ընթացքում երեխաները լիարժեք հանգստանում
են, ճամփորդությունների մեկնում եւ արդեն տրամադրված հաճախում դպրոց: Իսկ ձմռան պարագայում
այլ է. միայն մեկ ամիս պետք է, որպեսզի երեխայի ուշադրությունը հավաքես, մի երկու
ամիս՝ անցածը վերականգնես, եւ այդպիսով ուստարին ավարտվեց: Էլ չեմ ասում, որ քննություններ
կան: Ուսուցիչները եւս ստիպված են լարված աշխատել: Բացի այն, որ նրանք ստիպված
են անցածը նորից կրկնել, վերհիշել, դեռ ուսումնական ծրագրերն էլ խտացված են անցնում՝
ծանրաբեռնելով ե՛ւ իրենց աշխատանքը, ե՛ւ երեխաների առօրյան»: ԼՈՒՍԻՆԵ
ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել