Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ՕՐ ՀԶՈՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ՝ ՋԱՎԱԽՔՈՒՄ

Նոյեմբեր 22,2005 00:00

Երկօրյա
այցը՝ Ջավախք, կազմակերպել էր «Ջավախքի երիտասարդական մշակութային» միությունը (ՋԵՄ)
Կիրակի օրը Գիմբիրդա գյուղում, Սուրբ Խաչ եկեղեցու քահանա Սամվել
Թորոսյանի եւ Վիրահայոց առաջնորդ եպիսկոպոս Միրզախանյանի մասնակցությամբ օծվեց Սուրբ
Աստվածածին եկեղեցին: Հայ համայնքի ուժերով, Գարիկ Կարապետյանի միջոցներով, Համլետ
եւ Բաբկեն Դիլանյանների ուժերով այս եկեղեցին նոր կյանք առավ: Գերաշնորհ տեր Վազգեն
եպիսկոպոս Միրզախանյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ Ջավախքում 21 եկեղեցի կա եւ կգա
ժամանակ, երբ Ջավախքն առանձին թեմ կունենա: Նա նկատեց նաեւ, որ ինչպես վիրահայերի
վիճակն է, այնպես էլ՝ թեմի: «Առավոտի» այն մտահոգությանը, թե արդյոք եկեղեցիների
չգործելը չի՞ նպաստի կրոնական տարատեսակ հոսանքների ներթափանցմանը Ջավախք, նա պատասխանեց,
որ աղանդներում ներգրավվելը դիտվում է իբրեւ սոցիալական խնդիրների լուծում, սակայն
այնքան էլ վտանգավոր իրավիճակ չի ստեղծված այդ առումով: Մեր այցի ժամանակ եղանք Սուլդա,
Կարզախ, Գիմբիրդա գյուղերում: Սուլդայում կա մեկ դպրոց, ուր սովորում է 90 աշակերտ:
Գյուղում կա 1500 բնակչություն, հիմնականում զբաղված են ապրանքափոխանակությամբ: Միայնակ
թոշակառուն ստանում է 17 լարի, որը համարժեք է 8,5 դոլարի: Մեկ լարիով կարելի է գնել
2 տուփ «Աստրա» տեսակի ծխախոտ, եւ երբ մի տղամարդու հարցրի, թե ինչպիսին է իր՝ թոշակառուի
նվազագույն զամբյուղը, պատասխանեց՝ «Ամիսը 40 «Աստրա»: Գյուղի բնակիչներից Յասոն
Մանուկյանը սեփականաշնորհել էր տեղի հարսանյաց տունը, ուր ավելի շատ սգո արարողություններ
են լինում, քան հարսանիք: Գյուղում հիմնականում վառում էին աթար: Ցանկություն ունեցանք
մտնել մոտակա տներից մեկը: Ռուդիկ Դուրգարյանն ուներ երեք երեխա, որոնք սովորում
էին Ախալքալաքում: Նրանցից մեկը սովորում էր վճարովի եւ վճարը կազմում է 500 լարի:
Մեր այն հարցին, թե Վրաստանում տպագրվող թերթեր գյուղը ստանո՞ւմ է, իմ զրուցակիցներից
մեկը պատասխանեց. «Ո՞վ պետք է թերթ բերի: Եթե վիբոր կլինի՝ կբերեն»: Գյուղն ազատվել
էր հողի, ջրի հարկերից: Ջուրը 3 օրը մեկ էր այստեղ գալիս: Ջիվանու գյուղում՝
Կարզախում մեզ դիմավորեց Լենինի արձանը: Այստեղ, ինչպես ասացին, 250 տնտեսություն
կար: Գյուղը ստանում է «Վրաստան» թերթը, անվճար բաժանում են նաեւ «Ակունք» հայալեզու
թերթը: Եթե լույս ունենում են՝ հնարավորություն ունեն դիտելու «Արմենիա» եւ Հ1 հեռուստածրագրերը:
Սուրբ Կարապետ եկեղեցին գտնվում էր անմխիթար վիճակում, կենտրոնական մուտքը քարերով
փակված էր, եւ վրացիները հասցրել էին այնտեղ իրենց հետքերը թողնել: Սակայն չէին կարողացել
ջնջել Փրկչին նվիրված 1894թ. կառուցված եկեղեցու քարե վավերագրությունը: Այս գյուղում
կային մարդիկ, ովքեր ունեին ձեռքի հեռախոս, օգտվում են Josel կապից, 30 թեթրի է (համարժեք
15 դրամի) մեկ րոպեն: Գյուղի շատ բնակիչներ անձնագիր չունեն եւ գործում էր
«ներքին անձնագիրը»: Դա անձի ինքնությունը հաստատող փաստաթուղթ էր՝ վրացերեն: Ինչպես
տեղեկացրեց դպրոցի տնօրեն Սամվել Չոլախյանը, Գիմբիրդայի դպրոցում սովորում էր 370
աշակերտ եւ աշխատում 28 ուսուցիչ, բոլորն էլ տեղացի էին: Մենք եղանք դպրոցի գրադարանում:
1983-ից գրադարանավար աշխատող Լուսյա Գաբրիելյանը ցույց տվեց խայտառակ վիճակում գտնվող
գրապահոցը: Վերջերս դպրոց էր այցելել Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու կինը,
որը Վրաստանի գիտության եւ կրթության նախարարության կողմից հաստատված «Մեր հայրենիքի
մատյանը» 5-րդ դասարանի պատմության դասագիրքն էր բերել, ուր Հայաստանն էլ ներկայացվում
է իբրեւ Վրաստանի տարածք՝ մինչեւ Սեւանա լիճ: Իսկ Գումբուրդոյի եկեղեցու մասին, ուր
Աստվածամոր եւ Աստծո պատկերներն են, նույն դասագրքում կարդում ենք. «Եթե լինեք Գումբուրդոյի
եկեղեցում եւ մեր հայացքը բարձրացնենք, ապա գմբեթի փոխարեն բաց երկինքը կտեսնեք:
Սակայն եթե ուշադիր դիտեք, տաճարի վերեւի մասում անպայման կնկատեք Քարթլիի թագավորի
եւ թագուհու պատկերները»: Գումբուրդո նշանակել է տերտերների վայր: Չնայած վրացիներն
ասում են, որ եկեղեցին իրենցն է, սակայն հավատացյալներից մեկը մեզ տեղեկացրեց, որ
մկրտման ավազաններ վրացական եկեղեցիներում չկան, ինչպես այստեղ է: Իսկ արտաքինից
եկեղեցին էլ նման է Անիի մայր տաճարին: (Շարունակելի) ՌՈՒԶԱՆ
ՄԻՆԱՍՅԱՆ Ջավախք-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել