Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՋԱԴԵՊ ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Նոյեմբեր 22,2005 00:00

ՄԻՋԱԴԵՊ
ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ Երեկ սկսվեց ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի
պաշտոնական այցը Ուկրաինա: Դրան նախորդեց մի տհաճ միջադեպ: Հայկական պատվիրակությունը,
որի մեջ, բացի ԱԺ նախագահից, մտնում են պատգամավորներ Սամվել Բալասանյանը, Աղասի
Արշակյանը, Գուրգեն Արսենյանը, Սերգեյ Աբրահամյանը, Կիեւ պետք է ժամաներ Կալինինգրադից:
Մեր պատվիրակությանը տրամադրված ՏՈԻ-134 ինքնաթիռը մոտ մեկուկես ժամ չէր շարժվում,
պատգամավորներին ասել են, որ տեխնիկական փոքր միջամտությունից հետո ամեն ինչ կարգին
կլինի: Մոտ 2 ժամից ինքնաթիռն իսկապես շարժվեց, բայց մի քանի րոպե չանցած դադարեցրեց
ընթացքը: Պատվիրակությանը դուրս հրավիրեցին ինքնաթիռից, եւ պատգամավորները տեսան,
որ ինքնաթիռի աջ թեւում հրդեհ է բռնկվել: Ասում են՝ իբր Կալինինգրադի օդանավակայանի
անանուն աշխատակիցներից մեկը զգուշացրել էր, որ այս ինքնաթիռը չարժե նստել: Ըստ հայ
պատգամավորներից մեկի, միջադեպով հետաքրքրվում էր ՌԴ բարձրագույն ղեկավարությունը:
Արդյունքում մեր պատգամավորները Կիեւ հասան ոչ թե կիրակի ժամը 23.00-ին, այլ
երեկ, ժամը 04.00-ին: Չնայած այդ ուշացմանը՝ մեր պատվիրակությանը Կիեւի օդանավակայանում
սպասում էին աղուհացով: Երեկ կայացավ Արթուր Բաղդասարյանի հանդիպումը Ուկրաինայի
Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի հետ: Հանդիպումից հետո պատասխանելով հայ
լրագրողների այն հարցին, թե որ ճանապարհն է գերադասելի երկրի համար՝ հեղափոխակա՞ն,
թե՞ էվոլյուցիոն, պարոն Լիտվինը պատասխանել է. «Կարծում եմ՝ ճիշտ է, որ երկիրը զարգանա
էվոլյուցիոն ճանապարհով: Բայց ցանկացած ժողովրդի մոտ լինում են փուլեր, երբ պետք
են հեղափոխական անցումներ, որոնք խթանում են հասարակության զարգացումը: Ի՞նչ տվեց
մեզ անցած տարին: Տվեց հույս, որը դեռեւս կորած չէ»: Այսօր Կիեւում նշվում
է «նարնջագույն հեղափոխության» առաջին տարելիցը: Տարբեր՝ նախագահ Յուշչենկոյին համակիր
եւ ընդդիմադիր ուժեր տարբեր հրապարակներում վրաններ են խփելու՝ այդ տարելիցը նշելու
համար: Այսօր նախատեսվում է նաեւ Վ. Յուշչենկո-Ա. Բաղդասարյան հանդիպումը:
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ, Կիեւ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել