Լրահոս
Օրվա լրահոսը

«Տանը նստելով պարեցրեք այս իշխանությանը»

Նոյեմբեր 22,2005 00:00

Կիրակի Արմավիրում կայացած
հանդիպման ժամանակ կոչ արեց «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես
Գեղամյանը: Այս հանդիպումը դարձավ եւս մի բնութագրական օրինակ,
թե ինչպես են լուսաբանվում ընդդիմադիրների հանդիպումները: Արտաշես Գեղամյանը հայտարարեց,
թե «1 ամիս 5 օր է անցել, ինչ սկսվել է քարոզարշավը եւ այս ամբողջ ընթացքում հայաստանյան
ոչ մի հեռուստաընկերություն գեթ 1 րոպե չի տրամադրել «Ազգային միաբանություն» կուսակցության
թե՛ նախագահին, թե՛ տեղակալներին»: Հետո նշեց, թե փոխարենը եթերում «այո»-ի կողմնակիցներն
են. «Եվ զավեշտը հասել է նրան, որ «այո»-ի կողմնակիցները միմյանց հետ բանավիճում
են, յուրաքանչյուրը մեզ վերագրելով միտք, որը չենք ասել»: Միայն այս ամենից հետո
պրն Գեղամյանը նշեց, որ երբ ինքը զրկված է հեռուստալսարանին ասելիքը փոխանցելուց՝
«Այս պարագայում եթե մարդ իրապես սկզբունքներ կրող է, եթե մարդ բարոյական արժեքակիր
է, բնականաբար, իրավունք չունի դիմել ազգաբնակչությանը՝ ասել, գնացեք «ոչ» ասեք,
երբ նա այդ «ոչ»-ը չի կարողացել հիմնավորել»: Հ1-ը միայն վերջին նախադասությունը
ներկայացրեց՝ համատեքստից կտրելով ու մատուցելով իբրեւ ինքնաքննադատության մի օրինակ:
«Ազգային միաբանության» առաջնորդը ելույթում անդրադարձավ բազմաթիվ թեմաների՝
սահմանադրության փոփոխությունների վիճահարույց դրույթներին, տնտեսական կասկածելի
գործարքներին եւ այլն: Առանձնացնենք պրն Գեղամյանի այն հայտարարությունները, որոնք
վերաբերում էին «այո»-ի քարոզիչների փաստարկներին: Արտգործնախարար Վարդան Օսկանյանի
հայտարարության կապակցությամբ, թե մեր դատարաններն այսօր անկախ չեն, ասաց. «Է, կանգնես,
ասես՝ ումի՞ց են կախված, կարո՞ղ է՝ Գեղամյանից, կարո՞ղ է՝ ընդդիմությունից: Սաղ դո՛ւք
եք: Ուրեմն, եթե կաշառված են, որովհետեւ անկախ չեն, իսկ կախված են միայն Քոչարյանից՝
ստացվում է այնպես, որ Վարդան Օսկանյանը մեղադրեց Ռոբերտ Քոչարյանին, որ նա, ըստ
էության, կաշառակերության կնքահայրն է ամբողջ դատական համակարգի: Ես բաժանո՛ւմ եմ
Վարդան Օսկանյանի տրամաբանական այդ թեզը»: Կոալիցիայի գործիչների կապակցությամբ
էլ պրն Գեղամյանը նկատեց, թե «հա՛մ ուզում են հաճույք ստանալ, հա՛մ էլ՝ կույս երեւան:
Այդպես ո՞նց կլինի»: Համեմատելով նրանց բուրիդանի ավանակի հետ, որը խոտի երկու դեզերի
միջեւ չկողմնորոշվելով՝ ի վերջո սատկեց սովից, «Ազգային միաբանության» առաջնորդն
ասաց. «Հիմա էս կոալիցիան է՝ հա՛մ չի ուզում ժողովրդից կտրվի, հա՛մ էլ չի ուզում
իշխանական բարիքներից զրկվի: Ուրեմն՝ նա էլ քաղաքականապես դատապարտված է վախճանման»:
Նկատեց, թե փորձեր են արվում ներկայացնելու, թե մոտենում է «վճռական պահը»
եւ «ԱՄ»-ն չմիացավ: Եվ այս համատեքստում անդրադարձավ «Հ2»-ի մի սյուժեի. «Մուլտիպլիկացիոն
նկար ցույց տվեցին՝ Գեղամյանը թմբուկով ռիթմն է պահում, Արշակ Սադոյանը Ստեփան Դեմիրճյանին
ասում է՝ «Բա ես որ ասում էի՝ նրանցի՜ց է»: Տո՛, եթե նրանցից եմ, իշխանական եմ, ինչո՞ւ
եք ինձ ծախում, իշխանություննե՛ր: Ո՛չ, կասկածանքի որդը պետք է գցեն, սերմանեն ժողովրդի
գիտակցության մեջ: Իսկ ես այդ մուլտն այլ կերպ հասկացա՝ հա՛, իմ խփած «դռոբի» տակ
պարելու են նույն Ռոբերտն ու Սերժը: Համապատասխան ռիթմն էլ սովորում եմ»: Կոչ արեց
արմավիրցիներին բոյկոտի՝ «Եզակի հնարավորություն է, որ բառիս իսկական առումով՝ տանը
նստելով պարեցնե՛ք այս իշխանություններին»: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել