Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՐՏ-ԲԼԱՆՇ ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԻՆ

Նոյեմբեր 22,2005 00:00

«Հանրապետությունը»
եւ «Ազգային միաբանությունը» երեկ որոշեցին իրենց ներկայացուցիչներին հետ կանչել
ընտրական հանձնաժողովներից: Այսօր նույն որոշումը կկայացնի նաեւ «Արդարությունը»:
Եթե տեխնիկական որոշ հարցեր չլինեին՝ «Արդարությունը» երեկ
արդեն կայացրած կլիներ այդ որոշումը: Դաշինքի նիստից հետո խմբակցության քարտուղար
Վիկտոր Դալլաքյանը լրագրողներին ասաց. «Կարծում եմ՝ բոյկոտի տրամաբանությունը ենթադրում
է, որ բոլոր հանձնաժողովներից հետ կանչվեն «Արդարության» անդամները»: «Առավոտի» հարցին,
թե չի՞ կարծում, որ ընդդիմադիր հանձնաժողովականների բացակայությունը գործողությունների
լիակատար ազատություն կտա ընտրակեղծարարներին՝ Վիկտոր Դալլաքյանը նախ պատասխանեց.
«Երբ խորհրդարանական մեծամասնության ղեկավարը հանրաքվեից մեկ շաբաթ առաջ հայտարարում
է 80/20 հարաբերակցության մասին, մենք դա գնահատում ենք որպես կեղծիքներ կատարելու
ուղղակի հրահանգ»: Սակայն նաեւ նշեց, որ եթե հանձնաժողովների իրենց անդամների միջոցով
մասնակցեն «այդ անօրինական գործընթացին՝ վաղը մեզ կմեղադրեն դրա համար»: Ի տարբերություն
հանձնաժողովի անդամների, ըստ պրն Դալլաքյանի՝ դիտորդներն ընդամենն արձանագրելու են
խախտումները՝ առանց որեւէ փաստաթուղթ ստորագրելու. «Կարծում եմ, մենք հնարավորություն
ունենք լուրջ վերահսկողական առաքելություն իրականացնել դիտորդների միջոցով»: Այս
հարցի շուրջ դաշինքում տարաձայնություններ կան, քանի որ ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը,
նրա պնդմամբ՝ նաեւ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը եւ անգամ որոշ ՀԺԿ-ականներ դեմ են
նման որոշմանը: Արշակ Սադոյանը հայտարարեց. «Ես կտրականապես դեմ եմ ընտրատարածքներից
մեր ներկայացուցիչների հետ կանչելուն»: ԱԺԴ-ն դաշինքի գործընկերների հետ պայմանավորվածություն
ուներ հանրաքվեի ընթացքում հասարակական վերահսկողության սրահ ստեղծելու շուրջ, ուր
ամեն ժամ պիտի հաղորդվեին հանձնաժողովներից ստացված տվյալները բողոքների եւ խախտումների
մասին: «Մենք 15-20 օր է՝ նախապատրաստել ենք այդ գործընթացը, եւ գտնում եմ, որ չի
կարելի նման որոշմամբ ի չիք դարձնել այդ աշխատանքը»,- բողոքեց Արշակ Սադոյանը, ըստ
որի՝ խիստ վնասակար կլինի նման պասիվ բոյկոտը: Այսուհանդերձ, երեկ «Հանրապետություն»
կուսակցության քաղխորհրդի նիստում էլ որոշում կայացվեց ընտրական հանձնաժողովների՝
իրենց անդամներին հետ կանչելու մասին: Իսկ երեկ առաջինն այդ որոշումը միաձայն
կայացրեց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահությունը: Որոշման մեջ արձանագրված
է, որ հանրաքվեի քարոզչությունն իրականացվել է Սահմանադրության (հոդված 22, 24, 26)
«Ընտրական օրենսգրքի» (հոդված 18) ու «Հանրաքվեի մասին» (հոդված 20) օրենքների պահանջների
կոպիտ խախտումներով եւ «ոչ մի միջոց չի ձեռնարկվում օրինախախտումների կանխման եւ
դրանց հետեւանքների վերացման ուղղությամբ։ Ավելին՝ օրինախախտումներ իրականացնողները
նրանք են, ովքեր պարտավոր են ապահովել ազատ եւ արդար հանրաքվեի անցկացումը։ «Ազգային
միաբանություն» կուսակցության կողմից առաջադրված տարածքային եւ տեղամասային ընտրական
հանձնաժողովների անդամների նկատմամբ իրականացվել են ճնշումներ ու սպառնալիքներ»:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, «Ազգային միաբանության» նախագահությունը
որոշել է՝ հանձնարարել կուսակցության կողմից առաջադրված տարածքային եւ տեղամասային
հանձնաժողովների անդամներին «սույն որոշումն ընդունելու պահից չմասնակցել հանձնաժողովների
աշխատանքներին, ներառյալ հանրաքվեի անցկացման եւ արդյունքների ամփոփման գործընթացներին,
դրանով մեկ անգամ եւս ընդգծելով անցկացվող հանրաքվեի ոչ լեգիտիմությունը։ Սույն որոշումը
խախտող «Ազգային միաբանություն» կուսակցության անդամների գործողությունները կդիտարկվեն
որպես նրանց վրա կիրառված բիրտ ուժի, ճնշումների կամ նյութական շահագրգռվածության
դրսեւորման հետեւանք, վերջիններս կենթարկվեն կուսակցական խստագույն պատասխանատվության»:
Որոշման մեջ նաեւ նշված է, թե «Ազգային միաբանությունն» անօրինական կհամարի հանձնաժողովների
այն անդամների լիազորությունները, որոնք չեն կատարի այս որոշման պահանջները եւ կմասնակցեն
հանրաքվեի արդյունքների ամփոփման աշխատանքներին։ Եվ հաշվի առնելով այն, որ ԿԸՀ-ն
չի իրականացրել իր պարտականությունները, որոնք բխում են «Ընտրական օրենսգրքի» եւ
«Հանրաքվեի մասին» օրենքի պահանջներից՝ ոչ նպատակահարմար է համարվել Զավեն Պլուզյանի
մասնակցությունը ԿԸՀ աշխատանքներին։ Երեկ ասուլիսում Արտաշես Գեղամյանը պարզաբանեց,
թե խոսքը հանրաքվեին առնչվող ցանկացած հարցի քննարկման մասին է: Փոխարենն
«ԱՄ»-ն հանձնարարել է կուսակցության տարածքային կազմակերպություններին՝ «Ազգային
միաբանություն» կուսակցության կողմից առաջադրված դիտորդների միջոցով նոյեմբերի 28-ին
ամփոփել եւ համակարգող շտաբ ներկայացնել հանրաքվեին մասնակցած ընտրողների թվաքանակի
վերաբերյալ տեղեկությունները։ Արտաշես Գեղամյանը խոստացավ, թե այդ տվյալները փոխանցվելու
են ոչ միայն միջազգային դիտորդներին, այլ նաեւ Սահմանադրական դատարան: Հարցին
ի պատասխան, թե արդյոք զուտ դիտորդական գործառույթները բավարա՞ր են կեղծիքները կանխելու
համար՝ «ԱՄ» ղեկավարն ասաց, թե կուսակցության խնդիրը կեղծիքները կանխելուց զատ՝ «հանրությանը
իրեղեն ապացույցներ տալն է, թե ինչպես են իշխանությունները հերթական անգամ բռնանում
իր ազատ կամարտահայտության վրա»: Ըստ Արտաշես Գեղամյանի՝ իշխանությունների
խնդիրն է ջախջախել ընդդիմությանը, որ այն ի զորու չլինի ոտքի հանել ժողովրդին Լեռնային
Ղարաբաղի հիմնահարցի լուծման ոչ հայանպաստ լինելու պարագայում: Ըստ նրա, հնարավոր
լուծումն ակնկալվում է 2006-ին: Սակայն ընդգծեց, թե հանրաքվեն չեն համարում «Վաթերլոոյի
ճակատամարտ» ընդդիմության համար, իսկ ավելի որոշակի՝ այն «Ազգային միաբանության»
համար կլինի «ոչ թե Վաթերլոո, այլ Բորոդինո», այն է՝ «փոքր նահանջ անելուց հետո հետագայում
ջախջախիչ հաղթանակ կտանենք այս իշխանությունների հանդեպ»: Իսկ կեղծիքներով ստացված
«այո»-ն, ըստ Արտաշես Գեղամյանի՝ «պյուռոսյան հաղթանակ» է լինելու իշխանության համար:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել