Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՐԻԿՅԱՆԸ ԿԱՏԱՐԵՑ ԻՐ «ՄԵԾԱԳՈՒՅՆ ՊԱՐՏՔԸ»

Նոյեմբեր 22,2005 00:00

Միանալով
իշխանության քարոզին «Ես այսօր արդեն գիտեմ, որ առանց խախտումների
էլ «այո»-ն կա, դրա համար բոլորին կոչ եմ անում որեւէ խախտում չանել: Մանր-մունր,
մանավանդ մեծ խախտումներով չպղծենք առաջընթացը»,- պատասխանելով «Առավոտի»՝ «Կբավարարե՞ն
Ձեզ հանրաքվեի դրական, բայց կեղծված արդյունքները» հարցին երեկ հայտարարեց ԱԻՄ նախագահ
Պարույր Հայրիկյանը՝ «Այո»-ի համակարգող շտաբում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ:
Ի տարբերություն 2003-ի, հիմա Հայրիկյանը նկատել է, որ բացի նախագահ Քոչարյանից,
իշխանական կուսակցությունների շրջանակում էլ մեծ շահագրգռություն կա Սահմանադրությունը
բարեփոխելու: Ճիշտ է, նրանցից ոչ բոլորն են ելնում պետականագիտական պատկերացումներից,
բայց դա չի խոչընդոտել, որ որոշ գյուղապետերի՝ կեղծումներով հաճոյանալու բնավորությունը
համակարգող խորհրդում Հայրիկյանի տպավորությամբ՝ սվիններով ընդունվի: Ինչեւէ՝ «Ես
չէի ուզենա լինել այն մարդկանցից, ովքեր ստիպված պիտի լինեին շատ ցանկալի բարեփոխումները
չեղյալ հայտարարելու պահանջով հանդես գալ, այն պատճառով, որ ստահակները տեղերում
կեղծիքներ են արել»,- նաեւ այսպիսի հայտարարություն արեց ԱԻՄ նախագահը: Ընդհանրապես
ասուլիսը հրավիրվել էր հրապարակելու ԱԻՄ-ի պատվիրած սոցիոլոգիական հարցման արդյունքները,
ըստ որոնց՝ մեծամասնություն են կազմում «այո» ասողները: ԱԻՄ-ը մտավախություն է տեսնում
1/3-ի հարցում, քանզի «ՀՀ բնակչության թվերն ուռճացված են»: «Այո»-ն զգալի է, բայց
ոչ այնքան ֆանտաստիկ, որքան ներկայացնում են, այսպես կոչված, «այո»-ի կողմնակիցները,
ովքեր իբր ինձանից կողմնակից են»,- արձանագրում է Հայրիկյանը: Հարցման արդյունքները
վերջնական չեն, որովհետեւ գումարը չէր բավականացրել նախատեսված 2000 մարդու շրջանում
հարցում իրականացնելու համար: Սակայն հույս հայտնվեց, որ մինչեւ շաբաթվա ավարտը անհրաժեշտ
գումարը կլինի եւ հարցման արդյունքները կամփոփվեն: «Այո»-ի քարոզի շրջանակներում
ԱԻՄ նախագահը հրապարակեց անկախ Հայաստանի եւ պետականության իր պատկերացումները՝ վերհիշելով
առաջին բանտարկությունից վերադառնալը, երբ ոստիկանները նրան հարցրել էին՝ «Անկախ
Հայաստան ես ուզում, որ թուրքերը մեզ նորից կոտորե՞ն»: «Ցեղասպանությունը եղավ, որովհետեւ
չկար անկախ Հայաստան»,- 24 տարեկանում պատասխանել է Հայրիկյանը, որն այսօր կոչ է
անում սահմանադրական բարեփոխումներին «այո» ասելով՝ հզորացնել անկախ Հայաստանը: Հանրությանը
մեկ անգամ եւս ուղղորդելը ԱԻՄ առաջնորդն իր մեծագույն պարտքն է համարում: Ու իբրեւ
օրինակ՝ ասում. «Ես եմ եղել պետականության կերտման պայքարի գլխավոր կազմակերպիչը,
ուղղակի ղեկավարը: Նույն Անդրանիկ Մարգարյանը դատվել է իմ տված հանձնարարությունները
կատարելու համար միայն: Մյուսների անունները էլ չեմ ուզում տալ»: «Սակավամիտներ
եւ սրիկաներ» կոչվեցին բոլոր նրանք՝ «ովքեր մարդկանց ասում են հրաժարվեք ձեր կյանքը
բարելավելու հնարավորությունից, որովհետեւ ես ուզում եմ նախագահ դառնալ»: Այս ամենից
հետո լրագրողների տարակուսանքը, թե ո՞ր դաշտում է Հայրիկյանը, այսպես փարատվեց. «Քաղաքական
տեսակետից ընդդիմադիր դաշտում եմ, ռազմավարական տեսակետից՝ այնտեղ, որտեղ միշտ եղել
եմ: Ինձ էլ է պետք իշխանափոխություն: Բայց ոչ այսպես՝ էս իշխանավորի փոխարեն ես գամ,
այլ ժողովրդավարության կայացում»: Ինչ վերաբերում է քարոզարշավի՝ հայրիկյանական
գնահատականներին, ապա բանախոսը «լսել է խոսակցություններ», որ իբր «ոչ»-ի քարոզիչների
համար հավասար պայմաններ չեն ապահովվում, բայց իր եւ Արամ Գ. Սարգսյանի հեռուստաբանավեճի
նկարահանումներից հակառակ զգացողությունն է ունեցել: «Նախնական մարտավարությունը
փոխելու գործելակերպը սեփական դիրքորոշման թուլության վկայությունն է: Բայց երբեմն
այդ փոփոխությունը հաջողության է հասցնում, կարծում եմ՝ «ոչ»-ի կողմնակիցներն այսպիսով
մի քայլ առաջ գնացին»,- ընդդիմության մարտավարության փոփոխության առիթով կարծիք հայտնեց
ԱԻՄ նախագահը: «Բոյկոտը ճիշտ է՝ կեղծիքների ճանապարհը նվազեցնելու համար»,- կարծում
է նա: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել