Լրահոս
Օրվա լրահոսը

Շաուրմա եւ հագուստ՝ Ինտերնետով

Նոյեմբեր 19,2005 00:00

Շաուրմա եւ հագուստ՝ Ինտերնետով Հայաստանի ինտերնետային խանութներում կարող եք պատվիրել հագուստ, դեղորայք, պիցցա, քաղցրավենիք, օծանելիք, ծաղիկներ, գրքեր, երաժշտական սկավառակներ եւ նվերներ: Օնլայն խանութներից օգտվելը մի շարք առավելություններ ունի: Հաճախորդը կարող է խնայել իր ժամանակը. կայքի միջոցով մանրամասն տեղեկություն ստանալ ապրանքի մասին եւ տուն պատվիրել: Այսպիսի առաջարկներ այսօր շատ կան, սակայն ոչ բոլորն են պատրաստ ու համաձայն գնել ու վճարել Ինտերնետում: «Ի՞նչն է ձեզ խանգարում գնումներ կատարել ինտերնետային խանութներից» հարցին 188 հոգուց 25-ն ասել է, թե ցանկանում է շոշափել եւ ուսումնասիրել ապրանքը, 23-ը խոստովանել է, որ չեն կարողանում հրաժարվել սակարկելու ցանկությունից, 117-ը հայտնել է, որ պարզապես չի վստահում, իսկ 101 հոգուն հարմար չէ վճարման ձեւը: Հարցումն իրականացրել է www.port.am կայքը: Հայաստանում ինտերնետային խանութներից օգտվող մարդկանց քանակը չի գերազանցում 5000-ը: Մասնագետների կարծիքով՝ սա շատ ցածր ցուցանիշ է: Նման խանութները նույնպես շատ չեն: Սակայն եթե նախկինում դրանք ավելի շատ հիշեցնում էին անշարժ տաղավարներ, ապա այսօր բավական փոխվել են. պատրաստ են օգնել հաճախորդին արագ գտնել անհրաժեշտ ապրանքը, ստանալ տեղեկատվություն ապրանքի մասին, հարցեր տալ եւ, ամենակարեւորը, վճարն ընդունել Ինտերնետով: «Ճիշտն ասած՝ ես մտավախություն ունեի, որ Ինտերնետով ոչինչ չենք վաճառի, բայց բավականին լավ արդյունքներ ունենք: Ինտերնետով մենք պատվերներ ստանում ենք հիմնականում արտասահմանցիներից եւ այն մարդկանցից, ովքեր բնակվել են արտասահմանում եւ նորմալ են համարում Ինտերնետով առեւտրի տարբերակը»,- ասում է «Mister Toster» խանութ-սրճարանի տնօրեն Թովմաս Ռոստոմյանը: Կան խանութներ, որոնք վճարն ընդունում են կանխիկ՝ ապրանքը տուն առաքելուց հետո: Սակայն վճարման այս տարբերակը չի համապատասխանում էլեկտրոնային կոմերցիայի սկզբունքին, քանի որ վճարման գործարքը տեղի չի ունենում էլեկտրոնային ճանապարհով: Օնլայն խանութը դառնում է պարզապես տաղավար: Հայաստանում էլեկտրոնային կոմերցիան բազմաթիվ խնդիրներ ունի: «Հիմնական խնդիրը վախն է, որը ետ է պահում սկսնակներին գործունեության բոլորովին նոր ձեւեր կառուցելուց կամ նոր շուկաների հետազոտումից: Իսկ ցանկացած վախ առաջանում է գործի բնույթը վատ կամ սխալ իմանալուց: Պետական եւ անգամ մասնավոր հետաքրքրության առաջացման դեպքում էլեկտրոնային կոմերցիան իրական հնարավորություն կունենա զարգանալու Հայաստանում: Ամեն դեպքում՝ դեռեւս պակասում են կայացած օրինակները, որոնք էլ կկարողանան ապացուցել բոլորին, որ այս բնագավառը մեր համար շահութաբեր է»,-ասում է «Էլեկտրոնային կոմերցիա» ձեռնարկի հեղինակ Ալբերտ Պողոսյանը: Մարդկանց հիմնական մասին անհասանելի են էլեկտրոնային կոմերցիայի կիրառման միջոցները, նաեւ՝ իմաստը: Հայաստանում շատ քիչ խանութներ կան, իսկ արտասահմանյան խանութներին այնքան էլ չեն վստահում: Մյուս կողմից՝ ձեռնարկատերերը խուսափում են սկսել առեւտրային գործունեություն մի միջավայրում, որտեղ կա անվստահություն վճարման նոր համակարգերի հանդեպ: Ընդհանրապես բացակայում է պետության հետաքրքրությունը էլեկտրոնային կոմերցիայի բնագավառի ստեղծման եւ զարգացման հարցում՝ հիմնականում պաշտոնատար մարդկանց անիրազեկության պատճառով: Սրանց գումարվում է նաեւ Ինտերնետ ծառայությունների բարձր սակագները եւ Ինտերնետի նկատմամբ ընդհանուր անվստահությունը: Ալբերտ Պողոսյանի կարծիքով՝ Ինտերնետով առեւտրային գործունեությամբ զբաղվելու ամենաառաջին խոչընդոտն օրենսդրական հիմքի բացակայությունն է: Այսօր էլեկտրոնային կոմերցիայի ոլորտը կանոնակարգվում է ավանդական բիզնեսի նման: Այնինչ՝ էլեկտրոնային բիզնեսի վճարման համակարգերի գործունեությունը կանոնակարգելու համար պետք են առանձին օրենքներ: Կենտրոնական բանկի վերահսկողությունը ստիպում է, որ Ինտերնետով վճարման եղանակները համապատասխանեցվեն բանկային վճարման համակարգի պայմաններին: Իսկ այս դեպքում կորչում է էլեկտրոնային կոմերցիայի հիմնական գաղափարը՝ ծախսերի կրճատումը: Օրինակ՝ «ԱրՔա» էլեկտրոնային վճարման համակարգի պահանջներն ինտերնետային խանութի հանդեպ բավականին շատ են ու ծախսատար: «Փաստորեն, վճարումներ ընդունելու համար ինտերնետային խանութի տնօրենը պետք է ունենա իր սերվերը, հատուկ աստիճանի պաշտպանություն, հատուկ սպասարկում, անցնի սերտիֆիկատացման մի շարք փուլեր, կատարի ինչ-որ չպատճառաբանված վճարումներ՝ համակարգին միանալու համար եւ այլն: Իմ կարծիքով՝ նման պայմաններն ուղղակիորեն ազդում են Ինտերնետ խանութների զարգացման վրա, հետեւաբար էլեկտրոնային կոմերցիան Հայաստանում չի զարգանում եւ չի էլ զարգանա, քանի որ ինտերնետային խանութները, գլխացավանքներից հեռու մնալու համար, ուղղակի կօգտագործեն, ասենք, ԱՄՆ-ի վճարման համակարգերը՝ Paypal, 2checkout, Egold եւ այլն»,- ասում է Ալբերտ Պողոսյանը: Նյութն ամբողջությամբ կարդացեք www.hetq.am-ում: Նաեւ այն մասին, թե ինչպես կարելի է մեզ մոտ գնումներ կատարել Ինտերնետով: ԼԵՆԱ ՆԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930