«ԵՍ ՆՈՐԻՑ SOS ԵՄ ՀՆՉԵՑՆՈՒՄ» Ասում է կրթության նախկին նախարար Աշոտ Բլեյանը – Պարոն Բլեյան, խնդրում եմ մեկնաբանել Սերգո Երիցյանի հրամանը՝ ձմռան շրջանում հանրակրթական դպրոցների գործունեության կազմակերպման մասին: – Դրանով արձանագրվում է, որ ՀՀ-ի գոյության 15-րդ տարում հանրակրթությունը սեզոնային բնույթ ունի: Նախարարն արձանագրում է այն, ինչը փաստացի 15 տարի գոյություն ունի: 10-15 տարի առաջ նման հրամանը նորմալ եւ հասկանալի կլիներ, իսկ այսպես… ինչի՞ համար է իշխանությունը, պետական կառավարումը, ի՞նչ բարեփոխումների եւ եվրոպական չափանիշների մասին է խոսքը: Ստացվում է, որ այս բոլորն ասվում է միայն վարկային ծրագրեր ստանալու համա՞ր: Որ ի՞նչ… Այսօր, ձմռան շեմին առաջնայինը դպրոցների ջեռուցման հարցն է: Եթե շենքը չի ջեռուցվում, դու չես կարողանում երեխայի առոջությունը չվնասել՝ դպրոց բացելու իրավունք չունես: Բոլոր պետական գերատեսչությունների, ՏԻՄ-երի, դատարանների, դատախազությունների զբաղեցրած տարածքներում չկան չջեռուցվող շենքեր: Բայց 10 տարի առաջ ունեինք եւ դրանց մեծամասնությունն էր չջեռուցվող: Դա նշանակում է, որ վերջին 10 տարում պետական բյուջետային միջոցները մեծերն ուղղել են իրենց տաքացնելու համար: – Ժամանակին Դուք էլ եղել եք նախարար եւ այդ խնդիրը կար: – 15-րդ տարում մենք փոխարեն լուծած լինեինք այդ խնդիրը կամ գոնե ունենայինք դրա լուծմանն ուղղված հանրապետական ծրագիր հաստատեինք, որ մեկ-երկու տարուց կլուծվի, ասում ենք՝ քանի որ լուծված չէ, ուրեմն՝ երեխաներ, մրսեք կամ դպրոց մի եկեք: Հասկանալի է, որ խնդիրը բարդ է, նյութական է: Բայց 2006թ. պետական բյուջեն հաստատվեց: Քննարկումների ժամանակ ԱԺ-ում հնչե՞ց կրթության նախարարի նման անհանգստությունը: ԱԺ-ն պահանջե՞ց կառավարությունից նման ծրագիր ներկայացնել: Ներկայացնեն՝ տեսնենք ի՞նչ արժե, քանի տարում կարելի է իրագործել, կա՞ այդպիսի պետական ծրագիր, թե՝ ոչ: Հիմա նախարարությունն աշխատում է եւ ԱԺ-ին կներկայացվի «2006-2015թթ. կրթության զարգացման պետական ծրագիրը»: Միանգամից ասեմ՝ անլուրջ ծրագիր: – Ինչո՞ւ: – Որովհետեւ այդ ծրագիրը ենթադրում է շուրջտարին գործող դպրոց: Պայման, որը չունենք: Բոլոր կարգի իշխանավորները իրենց տաքուկ տեղերում նստած, եթերից էլ անընդհատ քաղաքապետարանի պատասխանատուներին խոսեցնում են, որ դպրոցները ջեռուցվում են, երեխաները չեն մրսում՝ նշանակում է անլուրջ, վայրենի վերաբերմունք դպրոցին, կրթությանը, երեխային: Նշանակում է, որ երեխայի առողջությունը մեզ համար թիվ մեկ խնդիրը չէ: Այսինքն, երեխաների իրավունքների մասին տեղական եւ միջազգային բոլոր փաստաթղթերը, Սահմանադրությունը՝ բլեֆ են, խորհրդային շրջանից եկող «Սիրել երեխաներին» մակագրությամբ դեկորներ: Եթե ուժերը չեն բավարարում այս հարցը լուծելու համար, ի՞նչ ավանդների վերադարձման մասին է խոսքը: – Դուք ունե՞ք առաջարկներ: – Վերցնենք Երեւան քաղաքը, որտեղ աշակերտության մոտ 30 տոկոսն է: Ես զրուցել եմ բոլոր մասնագետների հետ: Տեխնիկական առումով որեւէ դժվարություն չկա: ՀԲ-ն, քաղաքաշինության նախարարությունը, միջազգային մի շարք ոչ կառավարական կազմակերպություններ վերջին 10 տարում ստեղծել են կաթսայատների լոկալ ցանցեր՝ մոդուլներ: Մեր դպրոցական շենքերը տիպային են եւ ըստ այդ մոդուլների՝ կարող ենք հարցը լուծել: Եթե մասսայական շինարարություն է սկսվում՝ կաթսայատների կառուցումն ու սպասարկումը շատ ավելի մատչելի է դառնում: – Գումարի հարցն ինչպե՞ս պետք է լուծվի: – 250 դպրոցական շենք կա Երեւանում, որից մոտ 50-ում, ըստ քաղաքապետարանի, կան լոկալ կաթսայատներ: Մասնագետների կարծիքով, դպրոցի մեկ կաթսայատան եւ լոկալ ցանցի միջին արժեքը 70 հազար դոլար է: 200 դպրոցի դեպքում 14 մլն դոլար է պետք: Կառավարության երրորդ շենքն է հիմնանորոգվում: Թող դադարեցնեն այդ եւ այլ պետական հիմնարկների շինարարությունը, գումարներն ուղղեն դպրոցների ջեռուցման հարցերի լուծմանը: 2006-ի բյուջեում կա կրթական օբյեկտների հիմնանորոգման ծրագիր՝ ամբողջը թող ուղղեն դպրոցական շենքերի համար ջեռուցման նոր համակարգերի կառուցմանը: «Լինսի» հիմնադրամի վերջին հատկացումներով 20 մլն դոլար է նախատեսված դպրոցաշինությանը: Եթե այդ ամենը ճիշտ է՝ ուրիշ ի՞նչ ավելի կարեւոր հարց կա: Վերցրել են փոքրաքանակ աշակերտություն ունեցող ամենահին դպրոցական շենքերը եւ յուրաքանչյուրի վրա մեկ մլն դոլար պետք է ծախսեն, որպեսզի վերանորոգեն: Ես այդպես էլ չեմ հասկանում այս ծրագրի տրամաբանությունը: Փորձեցի պարզել՝ որտե՞ղ, ինչպե՞ս քննարկեցին ու հանգեցին նման որոշման: Ոչ մի պատասխան: Ի վերջո, ինչո՞ւ «Տաք դպրոց» ծրագիրը չէր կարող լինել «Հայաստան» համահայկական հիմնադրամի թելեթոնի նյութ: Միայն Արցախի համա՞ր ստեղծվեց այդ հիմնադրամը: Թե՞ երեխաների առողջությունը համահայկական խնդիր չէ: Բայց, պարզվում է՝ չաշխատող դպրոցը բոլորին ձեռնտու է, ոչ ոք այս հարցը չի բարձրացնում: Ոչ երեխան, ոչ նրա ծնողը, ոչ էլ նրա ուսուցիչն ու իշխանությունը: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ