Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկավարժները

Նոյեմբեր 19,2005 00:00

Մանկավարժները տուրք են տալիս հարկադրանքին Անհնար է դպրոցի բարեփոխում՝ առանց մանկավարժագիտության բարեփոխման Դպրոցի այսօրվա աննախանձելի վիճակը բնութագրվում է բացասական գործոնով՝ աշակերտության զգալի մասի անտարբերությամբ ուսման նկատմամբ եւ առաջադիմության անբավարար մակարդակով: Իհարկե, պատճառը աշակերտներին չգրավող դասերն են: Իմ բացահայտած խոշոր թերություններից է այսօր դպրոցին պարտադրվող կրթության հայեցակարգը, որը գիտելիքներ չունի աշակերտական դասանպատակի մասին: Այս հայեցակարգն ընդունում է միայն մեկ դասանպատակ, այն էլ, որպես կանոն, վերագրում միայն ուսուցչին: Բոլորը խոսում են ու գրում դասին մասնակցող երկու սուբյեկտի՝ մանկավարժի եւ աշակերտի մասին, սակայն ընդունում են միայն ուսուցչի նպատակը՝ աշակերտին զրկելով դասին մասնակցելու իր նպատակն ունենալու, դրանով իսկ ուսուցման լիարժեք սուբյեկտ լինելու իրավունքից: 2002-05թթ. 350 ուսուցիչների առաջարկել եմ գրավոր պատասխանել երեք հարցի. 1. ինչո՞ւ պետք է աշակերտը լսի ուսուցչի կողմից նոր թեմայի բացատրությունը, 2. ինչո՞ւ նա պետք է լսի իր ընկերոջ դաս պատասխանելը, 3. ինչո՞ւ պետք է աշակերտը դաս պատասխանի: Այս ուսուցիչներից 64-ը 2003թ. դեկտեմբերին մասնակցում էր բարեփոխումների կենտրոնի կազմակերպած վերապատրաստման դասընթացներին: Հարցերին տրված ուսուցիչների պատասխաններում, որպես կանոն, ներկայացված են հետեւյալ պատկերացումները. «Աշակերտը պարտավոր է լսել ուսուցչի բացատրությունը, որպեսզի սովորի դասը»։ «Դա հարգանքի նշան է»: «Նա պետք է լսի իր ընկերոջ պատասխանները, որպեսզի վերջինս էլ իրենը լսի կամ որպեսզի համեմատի իր պատասխանի հետ»։ «Դիմացինին լսելը կուլտուրա է»։ «Աշակերտը պետք է դաս պատասխանի, որպեսզի ուսուցիչը կարողանա գնահատել նրան, որպեսզի ամրապնդի իմացածը» եւ այլն։ Վերապատրաստման մասնակցող մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ տարրական դասարանների 64 ուսուցիչների նման պատկերացումը աշակերտական դասանպատակի մասին՝ խիստ անհանգստացնող էր. ուսուցման նրանց մեթոդը աշակերտին պարտադրում է միայն իրենց նախատեսածը: Նման պայմաններում առկա է հարկադրանքը, որի դեպքում իզուր է խոսել ինչ-որ դրական արդյունքներից: Ըստ իմ մշակած նպատակահարույց ուսուցման տեսության, որի բաղադրամասերից են մանկավարժական եւ աշակերտական դասանպատակները, նախքան նյութի բացատրությունը կամ, ավելի ճիշտ, ուսումնասիրությունը կազմակերպելը, ուսուցիչը հիմնականում հակասությունների միջոցով հատուկ իրադրություն է ստեղծում: Դա սովորողների գիտակցության մեջ ձեւավորում է զարմանքի, տարակուսանքի եւ նման այլ հոգեվիճակներ, որոնք էլ նրանց դարձնում են այդ վիճակից դուրս գալու նպատակ հետապնդողներ, այսինքն՝ կազմավորվում է աշակերտական դասանպատակը: Դրանից հետո մանկավարժը կազմակերպում եւ կառավարում է դասանյութի աշակերտական ուսումնասիրությունը, որին սովորողները մասնակցում են իրենց նպատակին հասնելու համար: Այսպիսի պայմաններում նրանք լսում են ուսուցչի բացատրությունը, իրենց ընկերների մեկնաբանությունները կամ տեսակետները, ինչպեսեւ իրենք են տեսակետ ներկայացնում կամ մեկնաբանում՝ այդ ամենը անելով շահագրգռության բարձր մակարդակով: Օրինակ, դերանուն թեմայի ուսումնասիրությունը Երեւանի թիվ 148 դպրոցի 5-րդ ա եւ բ դասարաններում 2005թ. սկսվեց, երբ ուսուցիչը իր զարմանքը ներկայացրեց այն տեսակետի մասին, ըստ որի, դերանունը ամեն ինչով նման է բազմապատկմանը: Այդ տեսակետի ներկայացուցիչն ասել է, որ ասվածը հասկանալու համար նախ պետք է իմանալ, թե ինչու մարդիկ չեն բավարարվել գումարում գործողությամբ, ուստի եւ ստեղծել են նաեւ բազմապատկումը: Խաղալով զարմացած եւ տարակուսած մարդու դեր, մանկավարժը սովորողներին է փոխանցում այդ հոգեվիճակները: Նրանք սկսում են գտնել այդ հարցի պատասխանը, որից հետո կարողանում են բացահայտել նաեւ բազմապատկման եւ դերանվան ընդհանրությունները. երկուսն էլ ստեղծվել են նաեւ ավելորդ կրկնությունից խուսափելու համար: Հաջորդ դասին ուսուցիչը կարդում է հայոց լեզվի դասագրքի 127-րդ էջում գրվածը. «Դերանունները փոխարինում են անուն խոսքի մասերին»: Բերված օրինակներից պարզվում է, որ դերանունը փոխարինում է նաեւ մակբային, որը սակայն դերանուն չէ: Մանկավարժը դարձյալ խաղում է տարակուսած մարդու դեր: Աշակերտները կարդալով գրվածը, նույնպես տարակուսում են եւ փորձում, այսինքն նպատակադրվում են ազատվել այդ անորոշությունից: Նրանք ներկայացանում են իրենց տեսակետները, որոնք լսվում են բոլորի կողմից, որպես իրենց եւս հետաքրքրողի, իսկ առաջարկողները, որ փաստորեն դաս են պատասխանում, ներկայացնում են իրենցը, որպես իմացական գործունեության սուբյեկտներ: Ստացվում է հետեւյալը. աշակերտները լսում են ուսուցչի բացատրությունը, քանի որ դա պետք է՝ իրենց տարակուսանքը փարատելու համար: Առաջարկողներն էլ իրենց կարծիքն են ներկայացնում, որը մենք անվանում ենք դաս պատասխանել, իսկ ահա բոլորն էլ լսում են նրանց, քանի որ այդ առաջարկները դառնում են գրքում ներկայացված եւ իրենց կողմից նկատված ու իրենց անհանգստացնող անհամապատասխանությունները հաղթահարելու միջոց: Այս եւ նպատակահարույց ուսուցման տեխնոլոգիայի մասին մանրամասն բացատրություններ, տարբեր առարկաներից բերված օրինակներով, ներկայացված են «Մանկավարժական եւ աշակերտական դասանպատակներ» աշխատությանս 84-161 եւ 174-179 էջերում։ ՍԵՐԳԵՅ ՄԱՆՈՒԿՅԱՆ Մանկավարժագիտության դոկտոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել