Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

Նոյեմբեր 19,2005 00:00

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԺԵԶՐԿՎԱԾ Է Արձանագրում է ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը՝ իր զեկույցներից մեկում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հրատարակած «Մարդկային աղքատությունն ու աղքատամետ քաղաքականությունը Հայաստանում» զեկույցը, որ նախապատրաստվել է մի խումբ ազգային փորձագետների կողմից, հատուկ անդրադարձ ունի կրթական հիմնախնդիրներին՝ հիմնված երկարատեւ ուսումնասիրությունների ու դիտարկումների վրա։ «Եթե խորհրդային տարիներին Հայաստանին հաջողվել էր լուծել տարրական կրթության հիմնախնդիրները՝ բնակչության գրագիտության մակարդակը հասցնելով 99.4 տոկոսի, իսկ տարրական դպրոցում ընդգրկվածության ցուցանիշը գրեթե 100 տոկոսի, ապա հանկարծահաս աղքատությունը, որ ուղեկցեց երկրին անկախության առաջին իսկ տարիներից, իր հետքը թողեց նաեւ այս՝ ամենաբարվոք վիճակում գտնվող ենթաոլորտի վրա»,- այս մասին է ահազանգում հեղինակը՝ Աշոտ Խուրշուդյանը՝ մեջբերելով 7-9 տարեկանների ընդգրկվածությունը տարրական դպրոցում՝ ըստ ՀՀ մարզերի։ Ըստ այդմ՝ ընդգրկվածությունը ցածր է մարզերում եւ հատկապես՝ Արարատի մարզի ամբողջ տարածքում եւ Լոռու մարզի քաղաքներում։ Լոռիում այն ընդհանուր առմամբ կազմում է 88.6 տոկոս, ընդ որում գյուղերում՝ 94.7, իսկ քաղաքներում՝ 86.7։ Արարատի ողջ տարածքում՝ 88.5, Արագածոտնում՝ 91.0, Վայոց ձորում՝ 92.1։ Ամենաբարձր ընդգրկվածության ցուցանիշը Երեւանում է՝ 98.4 տոկոս։ ՄԱԶԾ-ի «Մարդկային զարգացման ազգային հետազոտության» (ՄԶԱՀ) տվյալներով՝ Հայաստանում ընդգրկվածության ամենացածր մակարդակը նախադպրոցական հաստատություններում է։ Պատճառներից մեկն այն է, որ բնակչության զանգվածային աղքատացման հետեւանքով, այդ կրթօջախներն առաջինը զրկվեցին պետական հոգածությունից, քանի որ դրանց մեծ մասը գերատեսչական ենթակայություն ունեին։ Իսկ արձանագրված մյուս հետաքրքիր փաստն այն է, որ կանանց գործազրկության բարձր մակարդակը մեծացրել է երեխայի խնամքով եւ տնային տնտեսության հոգսերով զբաղվելու նրանց ավանդական դերը։ Կա մեկ ուրիշ պատճառ էլ. «Բնակչության աղքատացումը բերեց նրան, որ նախադպրոցական կրթությունը համարվեց ընտանիքի համար ավելորդ ֆինանսական բեռ»։ 2004 թ. ուսումնասիրությունների համաձայն, նախադպրոցական կրթությունն առավել անմատչելի է Արագածոտնի մարզի բնակիչների համար. այստեղ ընդգրկվածությունը կազմում է 10.2 տոկոս, գրեթե նույն դիրքերում է Գեղարքունիքի մարզը: Իսկ Երեւանում ընդգրկվածությունը կազմում է 50 տոկոս, սակայն մատչելի չէ միայն 12.4 տոկոսին: Շիրակում եւ Սյունիքում եւս անմատչելիությունը կազմում է 14-18 տոկոս, իսկ ընդգրկվածությունը՝ 37-40 տոկոս: Եզրակացությունը հետեւյալն է. «Մնալով տանը եւ զրկված լինելով հասարակական այլ խավերի երեխաների հետ տարաբնույթ շփումներից, անհատականության ձեւավորման պատասխանատու տարիքում գտնվող երեխան ստիպված է լինում հիմնականում առնչվել աղքատության բեռի տակ ճգնող եւ դրան ամեն օր դիմակայող ընտանիքի դաժան հոգսերի հետ»։ Երեխայի սոցիալիզացումը, ըստ հեղինակի, ազդում է նաեւ նրա հետագա ուսման որակի վրա։ Հայաստանում աղքատ բնակչության մեծամասնության համար կրթությունը նրա միակ կապիտալն է։ Այսինքն՝ նշանակում է, որ կրթությունն արժեւորվում է՝ որպես եկամտաբեր, շահութաբեր կապիտալ։ Սակայն այս տեսակետից հետաքրքիր անակնկալ են մատուցել ՄԶԱՀ-ի հետեւյալ հարցադրման արդյունքները. «Եթե ձեր տնային տնտեսությունն ունենար լրացուցիչ, չսպասված գումար, ապա առաջին հերթին ո՞ր ուղղությամբ կծախսեր այն»։ Հայաստանի բոլոր մարզերում 6000 տնային տնտեսությունների շրջանում անցկացված ուսումնասիրությունների արդյունքում ունենում ենք հետեւյալ պատկերը։ Նախապատվությունը տրվում է նախ առողջության, սննդի եւ կացարանի բարելավման ծախսերին։ Սա նորմալ է մեր երկրի համար: Սակայն կրթությունը բավական հետ է մղված նաեւ այլ կարիքներից. օրինակ՝ այն ավելի ցածր է գնահատվել, քան պարտքերի մարման ու բիզնես սկսելու կարիքը: Այսպիսով՝ ՄԶԱՀ-ն արձանագրում է կրթության հասարակական արժեզրկման չափազանց մտահոգիչ փաստը։ Զեկույցում մի առանձին հատված է նվիրված դպրոցական ծախսերին։ «Գրենական պիտույքները, դպրոցական հագուստը, աշակերտների սննդի եւ տրանսպորտային ծախսերը, դպրոցներում լայնորեն տարածված եւ դեռ բազմացող տարատեսակ հիմնադրամների եւ միջոցառումների համար հավաքվող գումարները, մասնավոր պարապմունքները եւ, ի լրումն այս ամենի, կոռուպցիոն ծախսերը բազմապատկում են աշակերտ ունեցող աղքատ ընտանիքների առանց այն էլ բազում հոգսերը»։ Համաձայն վիճակագրական հետազոտության արդյունքների («Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը» վիճակագրական վերլուծական զեկույց)՝ մեկ աշակերտի դպրոցական միջին ծախսերը կազմում են ամսական 2500 դրամ։ Մեկ տարվա կտրվածքով՝ ավելի քան 10 մլրդ դրամ՝ հանրապետության 400 հազար աշակերտի կտրվածքով: Սա՝ առանց մասնավոր պարապմունքների վրա ծախսվող գումարի։ Այս ծախսերի բեռը գրեթե հավասարապես կրում են նաեւ աղքատ ընտանիքները, եւ դա ծանր է նստում հատկապես նրանց վրա։ Հետեւաբար աղքատ ընտանիքների համար հանրակրթությունը հավասարապես մատչելի չէ եւ խախտվում է ՀՀ պետական կրթակարգի ամենակարեւոր նորմը, այն է՝ «հանրակրթությունն իրականացվում է ուսուցման եւ դաստիարակության միասնականության սկզբունքով, պահպանում է իր աշխարհիկ բնույթը, զերծ է խտրականությունից ու սահմանափակումներից եւ հավասարապես մատչելի է յուրաքանչյուրին՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից»։ ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել