Լրահոս
Օրվա լրահոսը

«Որդեգիրը»

Նոյեմբեր 19,2005 00:00

«Որդեգիրը» մնացել է «որդեգրածի» վրա 78-ամյա հիվանդ տատիկի վզին «որդի» են փաթաթել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը մերժեց Էջմիածնի Կիրովի 45բ շենքի 3-րդ բնակարանի բնակիչ, 78-ամյա Միլիկո Գալստյանի հայցադիմումը, որով նա խնդրում էր դատարանից՝ անվավեր ճանաչել ոմն Մինաս Պետրոսյանի որդեգրման փաստաթղթերը: Անկողնային հիվանդի վիճակից օգտվելով՝ նրա հարազատները Մ. Գալստյանին ներկայացրել են մի փաստաթուղթ, որն իբր վերաբերել է կենսաթոշակի հարցին, բայց իրականում հաստատում էր որդեգրումը: «Կենսաթոշակի փաստաթուղթը» Էջմիածնի քաղաքապետարանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը հաստատել է եւ 78-ամյա Մ. Գալստյանը «ունեցավ» մի «որդի»: Վերջինս ընդհանրապես չի բնակվել Մ. Գալստյանի բնակարանում, սովորել է Արշալույս գյուղի միջնակարգ դպրոցում եւ, ինչպես 78-ամյա տատիկի ներկայացուցիչ, փաստաբան Ռոբերտ Մարտիրոսյանը դատարանում ասաց, իր վստահորդը «նրա կրթությամբ եւ դաստիարակությամբ չի զբաղվել»: «Որդին» բանակ չի զորակոչվել, իսկ հետագայում քայլեր է ձեռնարկել տիրանալու միայնակ կնոջ բնակարանին: Դատարան ներկայացած Էջմիածնի քաղաքապետարանի ներկայացուցիչը որպես ՀՀ շարքային քաղաքացի, համաձայն էր 78-ամյա տատիկ-հայցվորի պահանջին, իսկ երբ գլխի ընկավ, իբրեւ իրավաբան, որ կեղծ որդեգրման փաստաթուղթ տալով՝ ազատել են Մինասին բանակից, դեմ արտահայտվեց հայցապահանջին: «Առավոտի» տրամադրության տակ են Արմավիրի մարզի դատախազության այն նյութերը, որով ուսումնասիրվել են քրեական գործ հարուցելու հիմքերը: Այս ընթացքում էլ պարզվել է, որ Միլիկո Գալստյանը չի մասնակցել այն նիստին, որտեղ որդեգրի հարցն է որոշվել: Բացատրություն չի վերցվել նաեւ Մինասից, քանի որ նա այդ ժամանակ բացակայել է հանրապետությունից: Դատախազությունը արձանագրել է, որ որդեգրի իրական ծնողները՝ Սիլվա եւ Վարդան Պետրոսյանները, խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Հովսեփ Հովսեփյանը կատարել են հանցավոր արարք, որը համապատասխանում է ՀՀ Քրօրի 325 հոդվածի 1-ին մասի հատկանիշներին, սակայն նկատի ունենալով, որ կատարված արարքից հետո անցել է 14 տարի՝ քրեական հետապնդման վաղեմության ժամկետը, ուստի նրանք ազատվել են քրեական հետապնդումից: Դատախազությունը մեծահոգաբար «իրավաբանական օգնություն ցույց տալով» Միլիկո Գալստյանին, ասել էր՝ դիմիր դատարան որդեգրումն անվավեր ճանաչելու համար: Դիմել էր: Բայց «որդին» էլ մնացել էր նրա վրա: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել