Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԵԼԵՑ

Նոյեմբեր 19,2005 00:00

ԹԵԼԵՑ «ԱՐՄԵՆՏԵԼԻ» ԱՍԵՂԸ Երեկ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը, ի դեմս դատավոր Գոռ Հակոբյանի, որոշեց, որ «ԱրմենՏելի» աշխատակիցները գործադուլ անելու իրավունք չունեն: Դատարանը բավարարեց «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ-ի հայցն ընդդեմ «ԱրմենՏելի» գլխավոր տնօրինության աշխատակիցների արհմիութենական կազմակերպության եւ անօրինական ճանաչեց նրա կողմից հայտարարված նախազգուշական գործադուլը: Փաստորեն, դատարանը այդ վճռով փակեց գործադուլավորների բերանը, քանի որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի տրամաբանությամբ, «դատարանը անօրինական ճանաչելով գործադուլը, կարող է կանխել հետագայում կայանալիք գործադուլը», պարզաբանեց պատասխանող կողմի ներկայացուցիչներից մեկը՝ Լիանա Հարությունյանը: Մինչ դատական նիստի սկսելը՝ դատարանը չթույլատրեց հեռուստաընկերություններին տեսաձայնագրել դատական վեճը, հաշվի առնելով հայցվոր կողմի կասկածները՝ կապված էլեկտրոնային լրատվամիջոցների օբյեկտիվ տեղեկատվության հաղորդման հետ: «ԱրմենՏելի» աշխատակիցները մինչ դատարան ներկայանալը դիմել էին ընկերության գլխավոր գործադիր տնօրենին, ընկերության ներքին աուդիտին եւ արհմիութենական կազմակերպության նախագահին՝ պահանջելով անհապաղ ազատել աշխատանքից «ԱրմենՏելի» ինֆորմացիոն տեխնոլոգիաների (ԻՏ) գլխավոր տնօրեն Ջ. Կուլոյանիսին, ստեղծել համատեղ հանձնաժողով, որը կուսումնասիրի եւ կքննարկի աշխատակիցների բողոքները հիմնավորող փաստերը, ինչպես նաեւ միայն պրոֆեսիոնալներից կազմված խումբ, որը կկազմի ԻՏ-ն այս քաոսային վիճակից դուրս բերելու ծրագիր: Հայցվոր կողմի ներկայացուցիչ Գեւորգ Պետրոսյանը պնդեց գործադուլն անօրինական ճանաչելու մասին պահանջը, իսկ պատասխանողի ներկայացուցիչ Գեւորգ Գյոզալյանն էլ չընդունեց այն: Կողմերը համաձայնության չեկան եւ հայցվորն ասաց, որ պատասխանողի՝ գործադուլի պահանջներն անհիմն են, քանի որ դրանք ՀՀ գործող սահմանադրությամբ նախատեսված սոցիալական, տնտեսական եւ աշխատանքային շահերը պաշտպանելու բնույթ չունեն, եւ որ գործադուլը թույլատրվում է հաշտարար հանձնաժողովում համաձայնության չհասնելուց հետո միայն: Եվ քանի որ այդ պահանջները հակասում են ՀՀ սահմանադրությանն ու Աշխատանքային օրենսգրքի պահանջներին, Գ. Պետրոսյանը խնդրեց անվավեր ճանաչել գործադուլավորների պահանջները: Պատասխանող կողմի ներկայացուցիչը պնդեց, որ այդ պահանջներն ունեն սոցիալ-տնտեսական բնույթ, քանի որ «ԱրմենՏելում» աշխատանքի արդյունքը գնահատվում է երկակի չափորոշիչների կիրառմամբ եւ աշխատավարձը անարդարացի է բաշխվում՝ ելնելով ազգային խտրականությունից, հայ եւ հույն լինելու հանգամանքից: Հետապնդվում են սեփական կարծիք արտահայտող պրոֆեսիոնալ մասնագետները եւ ստեղծված բացասական մթնոլորտը ստիպում է նրանց հեռանալ ընկերությունից: Միտումնավոր կամ կառավարման, աշխատանքների պլանավորման եւ բաշխման տարրական գիտելիքների եւ հմտությունների պատճառով ԻՏ բաժնի աշխատակիցները ստիպված են լինում աշխատել արտաժամ թե գիշերը, թե հանգստյան օրերին, ինչի համար չեն վարձատրվում: Բացի այդ, ըստ Գ. Գյոզալյանի, «ԱրմենՏելի» ԻՏ գլխավոր տնօրեն Ջ. Կուլոյանիսի՝ աշխատանքը ոչ ճիշտ կազմակերպելու արդյունքում Հայաստանում խոչընդոտվում է ինֆորմացիոն եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացումը, փոշիացվում են հայ եւ հույն բաժնետերերի կողմից «ԱրմենՏելի» ԻՏ-ին հատկացված ֆինանսական միջոցները, ուռճացված գներով կատարվող աշխատանքները առաջ են բերում մատուցվող ծառայությունների ինքնարժեքի արհեստական բարձրացում եւ ընկերության շահութաբերության նվազում: Այդ ամենը ի մի բերելով էլ, գործադուլավորները պահանջում են աշխատանքից ազատել Ջ. Կուլոյանիսին: Դատարանը ուսումնասիրելով ներկայացված նյութերը, լսելով կողմերի բացատրությունները, վճիռը կայացրեց հօգուտ «ԱրմենՏելի», երկրորդելով աշխատավորների շահերը: Պատասխանող կողմի ներկայացուցիչն ասաց, որ կան ՀՀ քաղգործերով վերաքննիչ դատարան դիմելու հիմքեր, սակայն պետք է խորհրդակցի իր վստահորդների հետ: Է. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել