Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ղըռ հողը մեզ չեն կամենում»

Նոյեմբեր 19,2005 00:00

«Ղըռ հողը մեզ չեն կամենում» Դժգոհում են արցախյան պատերազմի մասնակիցները «Հաճելի բան չէ, երբ գիտես՝ գնում ես մեռնելու ու գնում ես: 1988-ը մեր ազգային ինքնաճանաչման, վերակենդանացման տարին էր: Փառք երկնավորին. պարզվեց, որ մեր մեջ մեռյալ թվացող բնազդները դեռեւս կենսունակ են»: Իրենց մտորումները օրերս մեզ հետ կիսում էին աշտարակցի մի խումբ կռված տղաներ: Նրանք չէին ուզում ընդդիմություն կամ բողոքող երեւալ, բայց խոսքերի մեջ վիրավորանք կար. «Պատերազմ էր: Մենք բանակ չունեինք, բայց հայրենիքը մերն էր ու կամավորական ջոկատներ կազմեցինք՝ գնացինք փրկելու Արցախը, պահպանելու Հայաստանի սահմանները: Հայրենիքը մերն էր, էլ ո՞վ պիտի գնար կռվելու: Եվ կռվեցինք: Զոհվեցին շատերը, նաեւ՝ վիրավորվեցին, խեղվեցին, հաշմանդամ դարձան: Բայց, ահա՝ զինադադար եղավ, եւ մեզ մոռացան: Հանկարծ պարզվեց՝ հայրենիքը մերը չի, նրանցն է, ովքեր իրենց եւ միայն իրենց համար հարստություն կուտակեցին՝ իրենց դղյակները բարձրացրին, իրենց սեփական «ընտանեկան» եկեղեցիները կառուցեցին: Իսկ մեր տղերքը՝ անապահով, ընչազուրկ, մուրացիկ՝ այդպես էլ մնացին: Անգամ անպիտան ղըռ հողը մեզ չեն կամենում: Մեր ազատագրած, մեր պահած հողը մեզ ափսոսում են տան: Սեփականաշնորհում արեցին, մաս-մաս, կտոր-կտոր ծախեցին: Է՜, հարուստը եկավ-առավ, մենք՝ քյասիբներս ի՞նչ անեինք: Ի՞նչ կլիներ, շատ չէ, մի քանի հեկտար պետությունը նվեր տար էդ քյասիբ ազատամարտիկներին: Դրանով բյուջեն կծակվե՞ր, թե՞ իշխանության գրպանները կդատարկվեր: Աշտարակի հողակտորները մի անհատի ձեռքում է, որի անունը բոլորս գիտենք՝ Ծառուկյան Գագիկ, բայց ո՞ւր էր ինքը հող պահելու ժամանակ: Ամպագոռգոռ բառերով ո՞վ է մինչեւ հիմա երկիր նվաճել կամ հայրենիք պահել»,- հուզված խոսում էր Ազգային հերոս Գեղազնիկի եղբայրը: «Հիմա էլ ամեն պարը պարել ենք, մնում է սարի սմբուլը՝ սահմանադրության փոփոխություններին «այո» ասենք, թե՝ «ոչ»: Էդ ո՞վ չի հասկանում, որ «այո»-ի տակ ուզում են իրենց թալանածը պահել, իրենց թիմի՝ օլիգարխների ունեցվածքը պահպանել: Ամբողջ երկիրը ծախեցին: Ամեն ինչ ճիշտ հաշվարկել են, չափել, ձեւել: Չեն էլ ամաչում, գալիս են շրջաններ, թե «այո» ասեք սահմանադրությանը: Հարցնում ես՝ ինչի՞, ի՞նչ փոփոխություն է լինելու իմ կյանքում, ասում է՝ «բիձա, դու այո ասա, լավ կլինի»: Պատերազմի ժամանակ բիձա չէի, հիմա բիձա եմ դառել: Գիտեն՝ գյուղացի ենք, բան չենք հասկանում: Գիտեն թե միայն թշնամուն՝ թուրքին գիտենք: Առանց հրամանի զենք կվերցնենք ու էլի միամիտ կգնանք զոհվելու: Ժամանակները փոխվել են, եթե պետք լինի՝ այո, էլի կգնանք հայրենիք փրկելու, բայց այս անգամ արդեն գիտենք՝ ոնց կգնանք»,- ասում էր աշտարակցի, ավելի ճիշտ՝ սասունցի Մարտին քեռին: Վիրավորված էին աշտարակցի կամավորականները: Նրանք այսօր իրենց հարցնում են. «Մի՞թե նրա համար եմ արյուն թափել, որ այս մի բուռ անարժանները հարստանան ու հղփանան»: Գուցե պատերազմի օրինաչափությունն է սա. ժողովրդի լավագույն մասը զոհում է իր կյանքը, հաղթանակ ապահովում, որ հարստանա մյուս՝ անձնասիրահար մասը: «Ենթադրենք, թե վաղը ադրբեջանցիները պատերազմը վերսկսում են, այս երկրի տերերը կռիվ կգնա՞ն»,- հարց էին տալիս տղաները եւ միասին էլ պատասխանում. «Չե՛ն գնա, նրանց կռիվը միայն հարստության կռիվ է: Մենք պիտի կռվենք՝ նրանց հարստությունն էլ պահելու համար»: Իսկ մեկն էլ կես կատակ-կես լուրջ ասաց. «Ա՜յ մարդ, դրանց սահման ո՞վ կվստահի, ոտի վրա կծախեն»: ՆԱՐԻՆԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել