«ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ» Գնահատում է քաղաքական վերլուծաբան Լեւոն Զուրաբյանը, որը Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղարն էր, իսկ այժմ համագործակցում է «Ճգնաժամերի միջազգային խումբ» կազմակերպության հետ: – Խորհրդարանական ընդդիմությունը, բացառությամբ՝ երկու դրույթների, մեծ մասամբ ձեռնպահ է մնում սահմանադրական փոփոխությունների բովանդակային քննարկումներից: Իսկ նախագծի որոշ դրույթներ էլ համարում է առաջընթաց՝ ասենք, մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների գլխում կատարված փոփոխությունները: Այդպե՞ս է իրոք: – Ինձ համար զարմանալի է, թե ինչու ընդդիմությունը չգնաց բովանդակային բանավեճի, քանի որ եթե վերլուծում ես փաստաթուղթը՝ տեսնում ես, որ այն իրավական, նաեւ օրենսդրական փոփոխություններ կատարելու տեխնիկայի տեսակետից բավական անգրագետ է: Բազմաթիվ հոդվածներ նախագծում ստացել են կետադրական համարակալում, ասենք՝ 8.2 կամ 11.3, իսկ 78-րդ հոդվածի մասին գրված է, թե այն հանված է: Նման բան արվում է այն դեպքում, եթե նախագծի հեղինակները նպատակ ունեն պահպանել հին Սահմանադրության հոդվածների համարակալումը: Սակայն նախագծի մեջ ո՛չ նոր պարզ համարակալում են ստեղծել, ո՛չ էլ պահպանել են հին համարակալումը: Այս անհեթեթ փաստն ինքնին խոսում է «բարեփոխիչների» պրոֆեսիոնալիզմի եւ մակարդակի մասին: Այն տեսքով, ինչպես ներկայացված է այս նախագիծը, հնարավոր չէ պարզել, թե իրականում ի՞նչն է փոփոխվել, այսինքն՝ տպագրել են վերջնական տեքստը: Եվ որեւէ մեկը, որ կցանկանա հասկանալ, թե ի՛նչ փոփոխություններ են արվել՝ պիտի վերցնի գործող Սահմանադրությունն ու նախագիծը ու համեմատի բառ առ բառ: Բազմաթիվ անտեղի խմբագրումներ են արվել, որոնք արդարացված չեն որեւէ կերպ: Ասենք, գործող Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն, եթե վավերացված միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը: Իսկ նախագծում նշված է. «Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը»: Նախ՝ ինչո՞ւ են փոխել «պայմանագիր» բառը, եթե նկատի ունեն նույն բանը, մանավանդ՝ եթե այս փոփոխությամբ նախադասությունը դառնում է անհասկանալի: Ընդ որում՝ շատ դեպքերում ուղղակի խմբագրողի ճաշակին կամ իրավական գիտելիքներին հարմարեցնելու դրդապատճառ է երեւում այս փոփոխություններում: Դա էլ է շատ կասկածելի, քանի որ խմբագրողները ոչնչով չեն ապացուցել իրենց ճաշակի, ինտելեկտի կամ իրավական գիտելիքների առավելությունը գործող Սահմանադրության հեղինակների նկատմամբ: – Այնուամենայնիվ՝ անդրադառնանք մարդու իրավունքների սահմանադրական երաշխիքներին: – Բովանդակային առումով այս նախագիծն իրականում նահանջ է հենց մարդու իրավունքների տեսակետից: Հիմնավորեմ պնդումս: Սահմանադրության 20-րդ հոդվածում ամրագրված է. «Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական եւ ընտանեկան կյանքը անօրինական միջամտությունից, իր պատիվը եւ բարի համբավը ոտնձգությունից պաշտպանելու իրավունք»: Սա փոփոխվել է, եւ նախագծի 23-րդ հոդվածում ձեւակերպված է այսպես. «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը»: Այսինքն՝ ակտիվ իրավունքից վերածվել է պասիվի: Ավելի՛ն. այդ իրավունքը Սահմանադրության 45 հոդվածի համաձայն՝ ենթակա չէ սահմանափակման անգամ ռազմական դրության ժամանակ կամ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում: Նախագծում այն ոչ միայն կորցրել է նման կարգավիճակը, այլ նաեւ հայտնվել այն իրավունքների ցանկում, որոնք նախագծի 43 հոդվածի համաձայն՝ կարող են սահմանափակվել օրենքով, «եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության եւ բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների, պատվի եւ բարի համբավի պաշտպանության համար»: Նույն «բախտին» է արժանացել նաեւ «նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունք»: Գործող Սահմանադրության 23-րդ հոդվածի համաձայն՝ «Կրոնի եւ համոզմունքների արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ Սահմանադրության 45 հոդվածում նախատեսված հիմքերով», այսինքն՝ նորից միայն ռազմական դրության ժամանակ կամ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում: Մինչդեռ փոփոխությունների նախագծի 26-րդ հոդվածի համաձայն՝ այդ նույն իրավունքը կարող է սահմանափակվել ավելի լայն պայմանների առկայության դեպքում՝ «եթե դա անհրաժեշտ է հասարակական անվտանգության, առողջության, բարոյականության կամ այլոց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար»-ը: Գործող Սահմանադրությամբ ամրագրված է «հանրահավաքներ, ցույցեր, երթեր ու ժողովներ» անցկացնելու իրավունքը: Այս 4 հասկացությունները նախագծում փոխարինվել են միայն «հավաքներ անցկացնելու իրավունք» արտահայտությամբ: Սա կտա մեկնաբանության հնարավորություն, իսկ նախադեպերն ապացուցում են, որ այս իշխանությունը հակված է դիմել կոպիտ սահմանափակումների մի իրավունքի, որի քաղաքական մշակույթը մեր երկրում ձեւավորվել է 1988-ից սկսած: Միայն այս իրավունքի վերացումը բավարար է, որ ազդարարենք մեր ժողովրդավարական ավանդույթների կործանումը: Նախագծի վերոհիշյալ 43 հոդվածի համաձայն՝ սահմանափակման ենթակա իրավունքների ցանկը մեծացել է եւ տարածվել, բացի արդեն նշված իրավունքներից, նաեւ «բնակարանի անձեռնմխելիության», «ազատ տեղաշարժվելու եւ բնակավայր ընտրելու» եւ մարդու ու քաղաքացու այլ հիմնական իրավունքների եւ ազատությունների վրա: – Սահմանադրության 28-րդ հոդվածի համաձայն՝ «Սեփականության օտարումը հասարակության եւ պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում, օրենքի հիման վրա»: Առաջընթա՞ց է արդյոք սրա փոփոխությունը, ըստ որի՝ «Սեփականության օտարումը հասարակության եւ պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ՝ գերակա հանրային շահերի դեպքերում, օրենքով սահմանված կարգով»: – Այս հարցում արձանագրվել է խայտառա՛կ, ես կասեի՝ անթույլատրելի հետընթաց, որի պատճառով կարող են էապես թուլացվել մասնավոր սեփականության ինստիտուտի սահմանադրական երաշխիքները: Սահմանադրության համաձայն՝ սեփականության օտարում կարող է կատարվել միայն, եթե ամեն անհատական դեպքի համար ԱԺ-ն ընդուներ հատուկ օրենք: Իսկ հիմա փոփոխելով ընդամենը երեք բառ՝ «օրենքի հիման վրա»-ն «օրենքով սահմանված կարգով»-ով, նախագիծը ճանապարհ է բացում, որ ընդունվի սեփականության օտարման կարգը սահմանող մի օրենք, որով կառավարությունը կարող է օտարել ցանկացած սեփականություն: – Սակայն արդյոք երբեւէ գործե՞լ է Սահմանադրության այս հոդվածը, եւ որեւէ մեկի սեփականությունը պետության կարիքներից ելնելով օտարվե՞լ է առանձին օրենքով: – Այդ պրակտիկան կիրառվել է մինչեւ 1998-ը ամեն մի օտարման համար: Ավելի՛ն. երբ ընդունվեց օրենք, որը սահմանում էր սեփականության օտարման կարգը, նախագահը դիմեց Սահմանադրական դատարան այդ օրենքի առանձին հոդվածների սահմանադրականությունը վիճարկող հայցով, որը բավարարվեց: Իսկ այժմ փորձում են Սահմանադրությամբ հետին թվով օրինականացնել այն, ինչ արդեն իսկ արել են՝ խախտելով հիմնական օրենքը: Սեփականության ինստիտուտին առնչվող եւս մի տարօրինակ փոփոխություն է արվել. գործող հիմնական օրենքում ամրագրված է ժառանգման իրավունքը: Իսկ նախագծում այն հանել ու փոխարինել են սեփականությունը կտակելու իրավունքով: Սա նշանակում է, որ եթե կտակ չկա՝ այլեւս Սահմանադրությունը չի երաշխավորի ժառանգություն ստանալու իրավունքը: Արդյոք սրանով չե՞ն փորձում ստեղծել սեփականության օտարման նոր իրավական հիմքեր: – Սեփականության ինստիտուտից անցնենք քաղաքացիության ինստիտուտին: Մտահոգություններին ի պատասխան, թե ինչ հետեւանքներ կունենա երկքաղաքացիության արտոնումը, ձեր ընդդիմախոսները վստահեցնում են, թե դրանք կփարատվեն ընդունվելիք օրենքով: Եվ մասնավորապես՝ երկքաղաքացիներն ընտրելու եւ ընտրվելու իրավունք կստանան միայն, եթե հարկեր մուծեն, ծառայեն բանակում եւ այլն: – Այդ փաստարկները բացարձա՛կ կեղծիք են, քանի որ փոփոխությունների նախագծի 30-րդ հոդվածը հստակ ամրագրում է. «ՀՀ 18 տարին լրացած քաղաքացիներն ունեն ընտրելու եւ հանրաքվեներին մասնակցելու, ինչպես նաեւ անմիջականորեն եւ կամքի ազատ արտահայտությամբ ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով պետական կառավարմանը եւ տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունք»: Այս հոդվածում որեւէ դրույթ չկա, որը թույլ կտար օրենքով սահմանափակել այդ իրավունքը: Սա նշանակում է, որ բոլոր քաղաքացիներին, այդ թվում նաեւ՝ երկքաղաքացիներին, անվերապահ է տրվում այս իրավունքը: Սա իսկապես լուրջ հարված կլինի Հայաստանին. լղոզված քաղաքացիություն նշանակում է լղոզված, այսինքն՝ թույլ ինքնիշխանություն: – Այսինքն՝ այն երկրները, որոնք ճանաչում են երկքաղաքացիությունը, բոլորը թույլ են եւ ոչ ինքնիշխա՞ն: – Ո՛չ: Երբ մարդն ունի երկու երկրների քաղաքացիություն, որոնցից մեկը հզոր է, իսկ մյուսն ավելի թույլ՝ սա առաջին հերթին վտանգավոր է թույլ երկրի համար: Հզոր երկրի ե՛ւ ազդեցությունը, ե՛ւ լծակները, ե՛ւ օրենքները բավարար են, որ նրա ինքնիշխանությունը չունենա պաշտպանության կարիք: Այդ կարիքն ունի թույլ պետությունը: Արդյոք Հայաստանն այդքան հզո՞ր է, որ դիմի այս քայլին: Կարծում եմ՝ ո՛չ: Այս քայլին գնում ենք միայն այն պատճառով, որ սա Դաշնակցության օրակարգն էր: Այս կուսակցությունը գիտի, որ ավելի շատ ձայն կարող է ստանալ արտասահմանում, քան Հայաստանում: Բացի այդ՝ նրանք փորձում են այս քայլով արդարացնել իրենց ապօրինի ֆինանսավորումն արտասահմանից: – Նրանք ներկայացնում են այլ դրդապատճառներ, որ նման Սփյուռք ունեցող որեւէ երկիր չի գնացել այդ հսկայական ներուժից հրաժարվելու ճանապարհով: – Իսկ ո՞վ է ասում, թե պիտի հրաժարվենք մեր Սփյուռքից կամ նրա ներուժից: Դեմագոգիայի կորիզն այստեղ է: Սփյուռքն ունի բոլոր հնարավորություններն ազատորեն մասնակցելու Հայաստանի բոլոր գործընթացներին, բացի քաղաքականից: Կարծում եմ, խիստ վնասակար կլինի, եթե Սփյուռքն իրավունք ստանա մասնակցել մեր ներքին քաղաքական գործընթացներին: Մարդիկ, որոնց համար Հայաստանն ընդամենը մի երազի երկիր է քարտեզի վրա՝ ավելի են հակված արտաքին հարաբերություններում ավանտյուրիզմի, քան մարդիկ, ում համար մեր երկիրն ամենօրյա կյանք է, որի վտանգվելը հարվածում է իրենց երեխաներին ու բարեկեցությանը: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ Հ. Գ. Լեւոն Զուրաբյանն անդրադարձավ նաեւ այն հարցին, թե արդյոք սահմանադրական փոփոխությունների նախագիծը նախատեսո՞ւմ է իշխանական ճգնաժամերի հանգուցալուծման ելքեր: Այս մասը կներկայացնենք առանձին: