Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՄԱՏՆ» ԷԼ ԲՈՅԿՈՏԵՑ

Նոյեմբեր 19,2005 00:00

«ԱՐՄԱՏՆ» ԷԼ ԲՈՅԿՈՏԵՑ «Ամպագոռգոռ խոստումներով եւ ընտրակեղծիքներով իշխանությանը տիրացած քոչարյանական վարչախումբը մտադիր է եւս մեկ անգամ փորձել հայ հասարակությանը պարտադրել Հայաստանի ժողովրդի եւ պետության շահերի դեմ ուղղված «սահմանադրական փոփոխություններ»: Փոփոխությունների նպատակն է ստեղծված ոստիկանապետական համակարգի ամրապնդման միջոցով ապահովել վարչախմբի վերարտադրումը՝ այն օժտելով անձեռնմխելիությամբ: Միաժամանակ փորձ է կատարվում եվրոպական արժեքային համակարգի քողի տակ պաշտոնական տեսք տալ վարչախմբի անօրինական խմբակային գործունեությանը»,- ասված է «Արմատ» կենտրոնի երեկ տարածած հայտարարության մեջ: Բոյկոտելով՝ «Հայաստանի կոռումպացված եւ հակաժողովրդական իշխանությունների կողմից հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների նախագիծը», կենտրոնի անդամները մերժում են՝ «Քոչարյանական վարչախմբի հակապետական եւ հակաժողովրդական արտաքին ու ներքին քաղաքականությունը: Հայաստանի մեկուսացումը միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության եւ տնտեսական համագործակցության բոլոր համակարգերից եւ ծրագրերից: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ արժանապատիվ խաղաղության հաստատման հնարավորությունների ձախողումը եւ պատերազմի վերսկսման սպառնալիքի պահպանումը»: Ինչպես նաեւ՝ միջպետական հարաբերություններում Հայաստանի պետական ունեցվածքն այլ երկրների պետական սեփականություն դարձնելու ուղեգիծը, ՀՀ քաղաքացիության ինստիտուտի արժեզրկումն ու նսեմացումը, քաղաքացիների ունեզրկումը տարաբնույթ կեղծ հիմնավորումներով կամ ուղղակի բռնազավթումով, հայ հասարակության մեջ իրավունքի արժեզրկումը, ուժի եւ փողի իշխանության, ստոր բնազդների եւ հոռի բարքերի արմատավորումը, ամենաթողությունն ու չինովնիկական ուռճացող դասի ցինիզմը, իշխանության քրեականացումը եւ երկրում առկա համատարած աղաղակող անօրինականությունները, իշխանության յուրացումը բռնազավթման, քաղաքական ահաբեկչության, ընտրակեղծիքների եւ ընտրակաշառքների միջոցով, երկրի տնտեսական եւ հասարակական կյանքը կազմալուծող կոռուպցիոն համակարգը, տնտեսական մենաշնորհների եւ անօրինական հարկային արտոնությունների օլիգարխիկ-կլանային համակարգը: Ն. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել