Լրահոս
Օրվա լրահոսը

«18+8»-Ն

Նոյեմբեր 19,2005 00:00

«18+8»-Ն ԷԼ Է ՄՈՆԻՏՈՐԻՆԳ ԱՐԵԼ Երեկ հրապարակվեցին դրա արդյունքները «18+8» ընդդիմադիր միավորման շրջանակում գործող հանրաքվեի օրինականությունը վերահսկող հասարակական հանձնաժողովը, որը հոկտեմբերի 12-16-ը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման ընթացքի վերաբերյալ 60 փորձագետների շրջանակներում փորձագիտական հարցումներ է անցկացրել, երեկ ներկայացրեց ոչ միայն դրանց տվյալները, այլեւ անդրադարձավ հանրաքվեի նախապատրաստական փուլում հանձնաժողովի արձանագրած օրինախախտումների թեմային: Այդ առիթով երեկ հրավիրված ասուլիսին, որի հիմնական բանախոսը հանձնաժողովի աշխատանքները համակարգող Ռուբեն Թորոսյանն էր, մասնակցում էին նաեւ ընդդիմադիր միավորման ներկայացուցիչները: Ռ. Թորոսյանի մատուցմամբ, անցկացման փուլերին վերաբերող մոնիտորինգն անցկացրած հանձնաժողովի բոլոր եզրակացությունները հիմնված են բացառապես արձանագրված փաստերի վրա: Հանձնաժողովի եզրակացության համաձայն, հարցվածների 83,3%-ը գտնում է, որ հանրաքվեի նախապատրաստման ընթացքում կատարված խախտումները էական ազդեցություն կունենան հանրաքվեի անցկացման եւ արդյունքների վրա, եթե հրատապ միջոցներ չձեռնարկվեն դրանց հետեւանքների վերացման ուղղությամբ: Հարցվածների միայն 8,3%-ն է համարել, որ ամեն ինչ իրականացվում է ՀՀ օրենսդրության համապատասխան: Հարցվածների 80%-ը գտնում է, որ «այո»-ի քարոզչությունը խախտումներով է իրականացվում, իսկ 74,7%-ի կարծիքով՝ «ոչ»-ի քարոզչություն ԶԼՄ-ներով ընդհանրապես չի իրականացվում: Ավելին, մասնավորապես հեռուստաեթերում քարոզչությունն ընթանում է ծայրաստիճան անհավասար պայմաններում: Ռ. Թորոսյանի ասելով՝ «ոչ»-ի նկատմամբ «այո»-ի քարոզչությունը գերակշռում է մոտ 100-ապատիկ անգամ: «Բոլոր հեռուստաընկերություններն ակտիվորեն իրականացնում են հանրաքվեին «այո» ասելու քարոզչությունը, այնինչ՝ ընդդիմությանը փաստորեն եթերում ժամանակ չի տրամադրվում»: Անդրադառնալով քարոզչության համար անհավասար պայմաններ ստեղծելուն միտված իշխանությունների գործողություններին՝ բանախոսը նշեց, թե իրենց քարոզարշավ անելու համար դահլիճ չեն տրամադրում, իսկ երբ թույլտվություն են խնդրել Գիտությունների ազգային ակադեմիայի պատին «ոչ»-ի պաստառներ փակցնելու համար, արգելել են՝ պատճառաբանելով, թե շենքը վարձակալված է: Ըստ բանախոսների, իշխանությունների կողմից ոչ մի միջոց չի ձեռնարկվում հանրաքվեի նախապատրաստական փուլում օրինախախտումների կանխման եւ դրանց հետեւանքների վերացման ուղղությամբ: Հանրաքվեի նախապատրաստման ընթացքը Ռ. Թորոսյանը գնահատեց որպես «ակնհայտ ետընթաց» անգամ 2003թ. ընտրությունների համեմատությամբ: Ու որպես դրա հիմնական պատճառներ համարեց «եվրոպական կառույցների որոշ չինովնիկների աջակցությունը կատարվող օրինախախտումներին, 2003թ. ընտրախախտողներին պատասխանատվության չկանչելը, 2005թ. ՏԻՄ ընտրությունների զանգվածային խախտումներն անհետեւանք թողնելը»: Հիշեցնենք, որ հանրաքվեի դեռ նախապատրաստական փուլում նույն այդ եվրոպական կառույցները՝ ի դեմս ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի նախագահ պարոն Բուքիքիոյի, ՀՀ իշխանություններից պահանջել էին համապատասխան մթնոլորտ ստեղծել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման համար, որը պետք է ենթադրեր նաեւ 2003թ.-ին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ ընտրակեղծիքներ կատարած անձանց պատասխանատվության ենթարկելը, ինչն առայսօր չի արվել: Վերադառնալով Ռ. Թորոսյանի գլխավորությամբ աշխատող հանձնաժողովի եզրակացություններին՝ նշենք, որ դրանցում ներառված են հանրաքվեի նախապատրաստական փուլում տեղ գտած այլ օրինախախտումների դեպքեր: Որպես այդպիսիք պարոն Թորոսյանը նշեց մասնավորապես այն, որ դատարանները քննարկման չեն ընդունում հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի անօրինական գործողությունների վերաբերյալ դիմում-բողոքները, իսկ հանձնաժողովի նախագահն իր միանձնյա որոշումներով հավատարմագրում կամ մերժում է հավատարմագրել դիտորդական առաքելությունները: Հանձնաժողովի եզրակացության համաձայն, «այո»-ի քարոզչությունը հիմնականում իրականացվում է քարոզչության հիմնադրամներից դուրս միջոցներով եւ «փաստորեն վերածվել է պետական քարոզչության»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել