Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Նոյեմբեր 19,2005 00:00

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ իններորդ

ԳԱՐԵՋՈՒՐ ԵՎ ՏԵՍԱՐԱՆՆԵՐ

Մինչ Սերգեյն ու Աշոտը ճշտում էին գրազի պայմանները, Հայկն ասաց.

– Ձեր էդ գրազը, փաստորեն, սուտ գրազ ա:

– Ինչի՞ ա սուտ,- զարմացավ Սերգեյը:

– Հիմի խեղճ Աշոտը ո՞նց պիտի ապացուցի, որ չի գրել,- ասաց Հայկը:

– Ե՞ս խի պիտի ապացուցեմ,- ասաց Աշոտը.- Սերգե՛յը պիտի ապացուցի, որ գրել եմ:

– Ճիշտ ա ասում,- ասաց Հայկը.- դո՛ւ պիտի ապացուցես:

– Լափ էլ կապացուցեմ,- ասաց Սերգեյը.- դրանից էլ հեշտ բա՞ն:

– Ախր ո՞նց ես ապացուցելու, ա՛յ Սերգո,- զարմացավ Աշոտը:

– Կապացուցեմ՝ կտենաս,- ասաց Սերգեյը:

– Հիմի ես ապացուցելո՞ւ,- հարցրեց Հայկը:

– Կարամ հենց հիմի էլ ապացուցեմ,- ասաց Սերգեյը:

– Ապացուցի՛,- ասաց Հայկը:

– Էդ թերթի անունն ի՞նչ էր, Աշո՛տ,- հարցրեց Սերգեյը:

– Ի՞նչ թերթ,- հարցրեց Աշոտը:

– Էդ որ Արմենին աշխատանքի ես ուզում տեղավորես,- ասաց Սերգեյը:

– «Ապագա բժիշկ»,- ասաց Աշոտը:

– Էդ թերթը Բժշկական ինստիտուտի թերթը չի՞,- հարցրեց Սերգեյը:

– Հա,- ասաց Աշոտը:

– Դու էդ թերթում ի՞նչ ես աշխատում,- հարցրեց Սերգեյը:

– Առաջ լրագրող էի, բայց արդեն մի քանի օր ա՝ էդ թերթի պատասխանատու քարտուղարն եմ,- ասաց Աշոտը:

– Խի էդ թերթն էլ պատասխանատու քարտուղար ունի՞,- զարմացավ Ռուբոն:

– Պատասխանատու քարտուղարն ի՞նչ ա,- հարցրեց Հայկը:

– Տեղակալի պես բան ա,- ասաց Ռուբոն.- փաստորեն, ինքն ա տպարանի հարցերով զբաղվում:

– Հա,- ասաց Աշոտը.- տպարանի հետ կապված սաղ գործերն իմ վրա են:

– Փաստորեն, քեզ առաջ են քաշել,- ասաց Սերգեյը:

– Կարելի ա ըտենց ասել,- ասաց Աշոտը:

– Ինչքա՞ն վախտ ա էդ խմբագրությունում ես,- հարցրեց Սերգեյը:

– Էրեկ ուղիղ մի տարին լրացավ,- ասաց Աշոտը:

– Էդ առիթով էի՞ք Թեմուրանոցում հավաքվել,- քմծիծաղ տվեց Ռուբոն:

– Առանց առիթի էինք հավաքվել,- ասաց Աշոտը:

– Փաստորեն, տեղակալից հետո էդ խմբագրությունում երրորդ մարդն ես,- ասաց Սերգեյը:

– Հա,- ասաց Աշոտը,- բայց, Սերգեյ ջան, համ պատքարտուղարի գործերն են իմ վրա, համ էլ՝ տեղակալի, որովհետեւ տեղակալը տարիքով կնիկ ա. ինքը, փաստորեն, պատվավոր տեղակալ ա, ու իրա գործերն էլ եմ, փաստորեն, ես անելու:

– Տեղակալն էն լենինականցի կնիկը չի՞,- հարցրեց Սերգեյը:

– Հա,- ասաց Աշոտը.- մոռացել էի, որ մեր խմբագրությունում էղել ես:

– Էդ լենինականցին շատ աղա կնիկ ա,- ասաց Սերգեյը:

– Հա,- ասաց Աշոտը,- բայց իրա գործը համարյա լրիվ ես եմ անում:

– Խմբագիրն էլի ձեր էն ախալքալաքցին ա՞,- հարցրեց Սերգեյը:

– Հա,- ասաց Աշոտը:

– Ախալքալաքցիներով լավ էլ իրար պահում եք,- ասաց Ռուբոն.- էս տեմպերով որ շարունակեք՝ մի քանի տարուց Էրեւանը լրիվ կգրավեք:

– Էդ ախալքալաքցին էլ ա լավ մարդ,- ասաց Սերգեյը:

– Հա,- ասաց Աշոտը,- բայց ինքը զրո կուրսում ահագին ժամեր ունի, ու, փաստորեն, իրա գործի մեծ մասն էլ ա իմ վրա ընկնում:

– Ուզում ես ասես՝ մենակով ե՞ս էդ թերթը տպում,- ասաց Ռուբոն:

– Ես ըտենց բան չասեցի,- ասաց Աշոտը:

– Աշոտն էդ խմբագրությունում շատ մեծ հարգանք ունի,- ասաց Սերգեյը.- աչքո՛վս եմ տեսել:

– Ձեր գրազից շատ եք շեղվում,- ասաց Հայկը.- ձեր էդ գրազի թեմայից շատ եք հեռանում:

– Ընդհակառակը՝ մոտենում ենք,- ասաց Սերգեյը:

– Ո՞նց եք մոտենում,- զարմացավ Հայկը:

– Հիմի կտենաս՝ ոնց ենք մոտենում,- ասաց Սերգեյը:- Ա՛շ, փաստորեն, որ հիմի պատքարտուղար ես դառել, էլ հոդված չես գրելո՞ւ:

– Չէ, էլ ի՞նչ հոդված,- ասաց Աշոտը.- հազիվ տպարանի ու կազմակերպչական գործերը հասցնեմ:

– Բայց առաջ գրում էիր, չէ՞,- հարցրեց Սերգեյը:

– Հա,- ասաց Աշոտը.- առաջ հ ոդվածների մեծ մասը ես էի գրում:

– Բա հիմա էդ հոդվածներն ո՞վ պիտի գրի,- հարցրեց Սերգեյը:

– Մելսը,- ասաց Աշոտը:

– Մելսը մենակ ա՞ գրելու,- հարցրեց Սերգեյը:

– Որ Արմոն ընդունվի՝ Արմոն էլ պիտի գրի,- ասաց Աշոտը.- ճիշտ ա, իրա հաստիքը սրբագրիչի հաստիք ա, բայց հիմնականում հոդված պիտի գրի: Հիմնականում ինքն ու Մելսն են հոդվածները գրելու:

– Էդ Մե՞լսն ով ա,- հարցրեց Ռուբոն:

– Մեր կուրսի Մելսն ա,- ասաց Աշոտը:

– Ասում եմ, չէ՞,- գոռաց Ռուբոն.- էս ախալքալաքցիներով որոշել են սաղ Էրեւանը գրավեն:

– Շատ ես չափազանցնում, Ռուբո՛,- ասաց Սերգեյը.- իրանց էդ ուսանողական թերթը սաղ Էրեւանը չի:

– Հեռվից են սկսում,- ասաց Ռուբոն.- մանրից սաղ Էրեւանը գրավելու են:

– Չափազանցնում ես,- ասաց Սերգեյը:

– Հետո որ գրավեն պրծնեն՝ քեզ կհիշացնեմ,- ասաց Ռուբոն:

– Աստված տա, որ Էրեւանը գրավողն Աշոտն ըլնի,- ասաց Սերգեյը.- ինքը մեր լավ ախպերն ա:

– Ախր Մելսից ի՞նչ ժուռնալիստ,- դժգոհեց Ռուբոն:

– Մելսիկն էլ ա մեր ախպերը,- ասաց Սերգեյը:

– Գրազից շատ շեղվեցինք,- բողոքեց Հայկը.- արդեն մոռացանք՝ ինչի մասին էր ձեր էդ գրազը:

– Հեչ էլ չենք մոռացել, Հայկո ջան,- հանգիստ ասաց Սերգեյը.- էդ գրազն Աշոտն արդեն կրված ա:

– Ի՞նչ առումով,- զարմացավ Աշոտը:

– Թմկաբերդի առումով,- ասաց Սերգեյը:

– Բայց ո՞նց ա կրված,- զարմացավ Հայկը:

– Մեր գրազի վախտ ինքը չասե՞ց, որ չի գրում ու վաբշե չի էլ գրել,- Հայկին հարցրեց Սերգեյը:

– Ասեց,- ասաց Հայկը:

– Մի քիչ առաջ ինքը չասե՞ց, որ մինչեւ պատքարտուղար դառնալն իրանց էդ թերթի հոդվածների մեծ մասն ինքն ա գրել,- հարցրեց Սերգեյը:

– Ասեց,- ասաց Հայկը:

– Շատ եմ գրել,- ասաց Աշոտը.- ձեր էն գերազանցիկ հարեւանի մասին էլ եմ գրել. չես հիշո՞ւմ:

– Շատ լավ եմ հիշում, Աշո՛տ ջան,- հանգիստ ասաց Սերգեյը.- ես լավությունը մոռացողներից չեմ: Մեր էդ գերազանցիկ էրեխի մասին շատ չտեսնված էիր գրել. էդ գրածդ շատ եմ հավանել:

– Լուրջ ե՞ս ասում, թե՞ ձեռ ես առնում,- հարցրեց Աշոտը:

– Իսկականից շատ ուժեղ էիր գրել,- ասաց Սերգեյը:

– Որ մտքիս դնում եմ՝ լավ եմ գրում,- ասաց Աշոտը:

– Բան չեմ հասկանում,- ասաց Հայկը.- ձեր գրազից խի՞ չեք խոսում:

– Բա ինչի՞ց ենք խոսում,- զարմացավ Սերգեյը:- Հենց նոր Աշոտը վիզ չառա՞վ, որ գրել ա:

– Հա,- ասաց Հայկը.- փաստորեն վիզ առավ:

– Մեր գրազն էլ հենց իրա գրել-չգրելու հաշվով էր,- ասաց Սերգեյը:- Գրազի վախտ ինքն ասում էր, որ ո՛չ գրել ա, ո՛չ էլ գրում ա, չէ՞:

– Հա,- ասաց Հայկը.- խոսակցությունն ըտենց ա էղել:

– Ես պատմվածքի իմաստով եմ ասել,- անակնկալի գալով՝ ասաց Աշոտը.- ասել եմ, որ պատմվածք չեմ գրում:

– Ըստեղ պատմվածքի անուն տվող չի էղել,- հանգիստ ասաց Սերգեյը:

– Ես էլ չեմ հիշում, որ ինքը պատմվածքի անուն տված ըլնի,- ասաց Հայկը:

– Մեր գրազն արձակի հաշվով էր,- ասաց Աշոտը.- ես ասում էի, որ արձակ վաբշե ո՛չ գրել եմ, ո՛չ էլ գրում եմ:

– Արձակի անուն վաբշե չի էղել,- ասաց Հայկը.- արձակը ո՞րն ա:

– Արձակն էն ա, որ ոտանավոր չի,- ասաց Սերգեյը:- Աշոտի ասելով ընենց ա ստացվում, որ իրա գրած էդ հոդվածները ոչ թե արձակ են, այլ՝ չափածո:

– Չափածո՞ն որն ա,- հարցրեց Հայկը:

– Չափածոն բանաստեղծությունն ա,- ասաց Սերգեյը:

– Էն որ Արմենը գրում ա՞,- հարցրեց Հայկը:

– Հա,- ասաց Սերգեյը.- էն որ Արմենն ու սաղ հայերը գրում են:

– Պարզ ա,- ասաց Հայկը:

– Ոչ մի բան էլ պարզ չի,- ասաց Աշոտը:- Հոդվածն արձակ չի. արձակը գեղարվեստական ժանր ա:

– Մեր հարեւանի էն գերազանցիկ էրեխի մասին լավ էլ գեղարվեստական էիր գրել,- ասաց Սերգեյը:

– Համենայն դեպս, էդ ոչ թե արձակ էր, այլ՝ հոդված,- ասաց Աշոտը:

– Չեղավ, Աշոտ, արդեն յուղ ես վառում,- ասաց Ռուբոն:

– Ի՞նչ,- չհասկացավ Աշոտը:

– Ասում եմ՝ յուղ ես վառում,- կրկնեց Ռուբոն:

– Յուղ վառե՞լը որն ա,- հարցրեց Աշոտը:

– Որ մի օր ավտո ունենաս՝ կիմանաս,- ասաց Ռուբոն:

– Էլի չհասկացա,- ասաց Աշոտը:

– Որ ախալքալաքցիք քեզ մի քիչ էլ առաջ քաշեն՝ կհասկանաս,- ասաց Ռուբոն:

– Պարզ խոսա՝ բան հասկանանք,- ասաց Աշոտը:

– Պարզ խոսալու ի՞նչ կա,- ասաց Ռուբոն.- էս մարդն ասում էր՝ գրել ես, դու ասում էիր՝ չեմ գրել. այսինքն՝ գրազը կրված ես:

– Բան չեմ հասկանում,- ասաց Աշոտը:

– Ախր ի՞նչը չես հասկանում,- ասաց Սերգեյը.- դու չասի՞ր, որ չես գրել ու չես գրում:

– Էլի եմ ասում,- ասաց Աշոտը:

– Հետո էլ ասիր, որ մեր հարեւանի էն գերազանցիկ էրեխի մասին գրել ես,- ասաց Սերգեյը:

– Էդ է՛լ եմ ասել,- ասաց Աշոտը.- հետո՞ ինչ:

– Հետո էն, որ գրազը կրված ես,- ասաց Ռուբոն:

– Բայց մենք պատմվածքի հաշվով ենք գրազ էկել,- ասաց Աշոտը:

– Ի՞նչ պատմվածք, ա՛յ Աշոտ, ես պատմվածքի անուն ե՞մ տվել,- ասաց Սերգեյը:- Համ էլ՝ ճիշտը որ ուզում ես իմանաս, մեր էդ Չուգունչիկի մասին գրածդ հազար հատ պատմվածք արժեր:

– Ի՞նչ Չուգունչիկ,- զարմացավ Աշոտը:

– Մեր հարեւանի էդ գերազանցիկ էրեխի անունն ա,- ասաց Սերգեյը:

– Էդ գերազանցիկի անունը Գվիդոն չէ՞ր,- հարցրեց Աշոտը:

– Գվիդոնն իրա իսկական անունն ա, բայց հարեւանության մեջ իրան Չուգունչիկ ենք ասում,- ասաց Սերգեյը:

– Որ իրա իսկական անունը Գվիդոն ա՝ գոնե Գվո ասեք,- ասաց Հայկը.- խի՞ եք Չուգունչիկ ասում:

– Գլուխը շատ փոքր ա՝ դրա համար,- ասաց Սերգեյը:

– Չեմ հասկանում,- ասաց Աշոտը:

– Մի քիչ էլ որ չհասկանաս՝ քեզ էլ ենք Չուգունչիկ ասելու,- ասաց Ռուբոն:

– Արդեն չափն անցնում ես, Ռուբո՛,- ասաց Աշոտը:

– Հաշիվն ինքն ա փակելու, Աշոտ ջան,- ասաց Սերգեյը.- թող մի էրկու բառ էլ ավել ասի:

– Լավ էլ անուն ա՝ Չուգունչիկ,- փռթկացրեց Ռուբոն:

– Աշոտը մեր լավ ախպերն ա,- ասաց Սերգեյը:

– Որ մեր ախպերն ա՝ խի՞ ա էդքան դժվար հասկանում,- ասաց Ռուբոն.-գրազը կրվել ա՝ թող տղամարդու պես ասի՝ կրվել եմ:

– Որ չեմ կրվել՝ ո՞նց ասեմ կրվել եմ,- նեղսրտեց Աշոտը:

– Կրվելը պոզով-պոչով ա՞ ըլնում,- ասաց Ռուբոն.- մարդը ապացուցեց, որ գրում ես: Վերջ:

– Ոչ մի բան էլ չի ապացուցել,- ասաց Աշոտը:

– Բա դու ապացուցել էի՞ր, որ «լուսնկան» առանց «ը»-ի ա գրվում,- ասաց Ռուբոն:

– Կարամ ուզածդ բառարանը բերեմ՝ ցույց տամ,- ասաց Աշոտը:

– Բայց ես քեզանից բառարան չեմ ուզել, չէ՞,- ասաց Ռուբոն:- Հըլը շատ մեծ հարց ա՝ էդ «լուսնկան» ոնց ա գրվում, բայց որ մտքներովդ խինկալի անցավ, ասի՝ սրտներդ չկոտրեմ:

– Կարող ա՝ էս մարդը Թեմուրանոցի փող չունի,- ասաց Սերգեյը:

– Հեչ պարտադիր չի, որ էսօր տանի,- ասաց Ռուբոն:

– Կարող ա վաբշե փող չունի,- ասաց Սերգեյը:

– Ո՞նց փող չունի,- ասաց Ռուբոն.- մեջներիցս մենակ ինքն ա աշխատում:

– Փողի հարցը չի, Սերգո ջան,- ասաց Աշոտը.- հենց հիմի էլ կարանք ըստեղից ուղիղ Թեմուրանոց գնանք:

– Էսօր չարժի,- ասաց Հայկը.- հո չե՞նք պայթելու:

– Երբ որ ասեք՝ ես պատրաստ եմ,- ասաց Աշոտը:

– Որ մի օր շատ սոված ըլնենք՝ կասենք,- ասաց Սերգեյը:

– Տեսեք՝ ես միշտ պատրաստ եմ,- ասաց Աշոտը:

– Միշտ պատրա՛ստ,- ասաց Հայկը:

– Էդ Թեմուրանոցից շան հոտ ա գալի,- ասաց Ռուբոն.- զուգարանի հոտն ուղիղ քթիդ ա փչում:

– Էդ հոտին արդեն սովորել ենք,- ասաց Հայկը:

– Աշոտ,- ասաց Սերգեյը,- ուզո՞ւմ ես մի հատ էլ ուրիշ գրազ գանք՝ էլի Թեմուրանոցի վրա:

– Ի՞նչ ուրիշ գրազ,- զարմացավ Աշոտը:

– Թող հըլը էս մեկի տակից դուս գա՝ հետո,- ասաց Հայկը:

– Ես իրան ուզում եմ շանս տամ, որ քվիտ անի,- ասաց Սերգեյը:

– Քվիտ անել չկա,- ասաց Հայկը.- որ էս մի գրազը դու կրվես, էրկուսդ էլ առանձին-առանձին Թեմուրանոց եք տանում:

– Թեկուզ ըտենց,- ասաց Սերգեյը:

– Բայց ի՞նչ գրազի մասին ա խոսքը, ա՛յ Սերգո,- ասաց Աշոտը.- գրա՛զդ ասա:

– Գրազ եմ գալի, որ հենց էրկու հատ ծափ տամ՝ թողես ըստեղից գնաս,- ասաց Սերգեյը:

– Ո՞նց գնամ,- զարմացավ Աշոտը:

– Հենց ըտենց,- ասաց Սերգեյը.- կուլտուրական վեր կենաս ու գնաս:

– Ո՞ւր գնամ,- ավելի զարմացավ Աշոտը:

– Էդ կարեւոր չի,- ասաց Սերգեյը.- ասենք՝ ձեր տուն:

– Էդ չըլնելու բան ա,- ասաց Հայկը:

– Վարիանտ չկա,- ասաց Ռուբոն:

– Որ վարիանտ չկա, թող գրազ գա,- ասաց Սերգեյը:

– Կարող ա՞ էրկու հատ ծափ տաս, ու իրեքով թեւերիցս բռնեք՝ դուրս տանեք,- հարցրեց Աշոտը:

– Մեկնումեկս մատով որ քեզ կպավ՝ գրազը կրված եմ,- ասաց Սերգեյը:

– Այսինքն, դու էրկու հատ ծափ ես տալի՝ ես տեղիցս վեր եմ կենում ու գնում եմ,- ճշտեց Աշոտը:

– Դո՛ւ ասացիր,- ասաց Սերգեյը:

– Էդ չըլնելու բան ա,- ասաց Հայկը:

– Քու հետ էլ եմ գրազ գալի, Հայկո՛,- ասաց Սերգեյը:

– Չէ,- ասաց Հայկը.- Աշոտի հետ սկսել ես՝ Աշոտի հետ էլ վերջացրու:

– Համաձայն եմ, Սերգո՛,- ասաց Աշոտը.- ուրեմն՝ էրկու հատ ծափ ես տալի, ես վեր եմ կենում ու գնում եմ:

– Հա,- ասաց Սերգեյը.- խելոք վեր ես կենում ու գնում ես:

– Հասկացա,- ասաց Հայկը.- մի հատ հիմի ծափ կտաս, մի հատ էլ, ասենք, մի ժամ հետո, երբ որ Աշոտը վեր կենալու ըլնի:

– Որ էդքան հասկացող ես՝ դո՛ւ հետս գրազ արի, Հայկո,- ասաց Սերգեյը.- լափ էլ իրար հետեւից եմ ծափ տալու՝ առանց պաուզայի:

– Բա խի՞ ես իմեննը էրկու անգամ ծափ տալի,- ասաց Հայկը.- էդ ինչ-որ բան նշանակում ա:

– Որ ըտենց ա, մի անգամ եմ ծափ տալի,- ասաց Սերգեյը:

– Համաձայն եմ,- ասաց Աշոտը.- դե ծափ տուր:

– Ուշադրությո՛ւն, ծափ եմ տալի, երեք՝ չորս,- ասաց Սերգեյն ու ծափ տվեց:

– Ո՞ւր ա՝ չգնացի,- մի քիչ սպասելով՝ ասաց Աշոտը.- տղերքը վկա են, որ նստած եմ մնացել:

– Հո մինչեւ լույս նստած չե՞ս մնալու,- ծիծաղեց Սերգեյը.- հես ա ուր-որ ա՝ էս խինկալիանոցը փակելու են:

– Ո՞վ ա փակելու,- զարմացավ Աշոտը:

– Պահակը,- ասաց Սերգեյը:

– Ժամը քանիսի՞ն են փակում,- շիվարեց Աշոտը:

– Ի՞նչ կապ ունի՝ քանիսին են փակում,- ծիծաղեց Սերգեյը.- վերջ-առաջ փակելու են, չէ՞:

– Բայց, Սերգո ջան, դու որ ծափ տվիր, քո ծափ տալուց հետո չգնացի, չէ՞,- կմկմաց Աշոտը:

– Շուտ թե ուշ գնալու ես,- ասաց Ռուբոն.- հո գիշերն ըստեղ չե՞ս մնալու:

– Ոնց որ էլի կրվեցիր, Աշոտ ջան,- ասաց Հայկը:

– Էն էլ ո՜նց կրվեց,- ասաց Ռուբոն:

– Ոչ թե կրվեցի, այլ՝ խաբվեցի,- խեղճացավ Աշոտը:

– Նույն հաշիվն ա,- ասաց Ռուբոն:

– Էս ֆոկուսը դու գլխի կընկնեի՞ր, Ռուբո՛,- հարցրեց Աշոտը:

– Էս ֆոկուսը ե՛ս եմ Սերգեյին սովորացրել,- ասաց Ռուբոն:

– Ազնիվ գրազ չէր. փաստորեն, բառախաղի պես բան էր,- ասաց Աշոտը:

– Բա ազնիվ ա՞, որ «լուսնկան» առանց «ը»-ի են գրում,- ասաց Ռուբոն:

– Անազնիվ բան չկա, Աշոտ ջան,- ասաց Սերգեյը:

– Անազնիվն էն կըլնի, որ Թեմուրանոց չտանես,- ասաց Ռուբոն:

– Ես խոսքիս տեր եմ,- ասաց Աշոտը.- հենց վաղն էլ կարամ տանեմ:

– Շատ դարդ մի արա, Աշո՛տ ջան, ասաց Սերգեյը.- էս էն գրազն ա, որ մի անգամ կրվում ես, բայց հետո հազար անգամ դու ես ուրիշներին կրում:

– Հալալ ա քեզ, Սերգո ջան,- ասաց Աշոտը:

– Ե՛ս եմ Սերգեյին սովորացրել,- ասաց Ռուբոն:

– Քեզ է՛լ ա հալալ,- ասաց Աշոտը:

– Լա՜վ ֆռռացրիր, Սերժի՛կ,- ասաց Հայկը:

– Էդ ֆոկուսը դու էլ գիտեի՞ր, Հա՛յկ,- հարցրեց Աշոտը:

– Չէ,- ասաց Հայկը:- Շատ ուժեղ ֆոկուս էր. վաղը մեր ճարտարապետների վրա կփորձեմ:

– Անցած ըլնի, Աշոտ ջան,- ասաց Սերգեյը:- Հիմի ե՞րբ ենք Արմենի գործով զբաղվում:

– Ի՞նչ գործ,- հարցրեց Աշոտը:

– Էդ սրբագրիչի գործը,- ասաց Սերգեյը:

– Հենց վաղվանից էլ կարանք զբաղվենք,- ասաց Աշոտը:- Վաղը կարա՞ս գաս, Արմո՛ ջան:

– Ո՞ւր պիտի գամ,- հարցրի ես:

– Բժշկականի գլխավոր կորպուս,- ասաց Աշոտը:- Խմբագրությունը երկրորդ հարկում ա. ում էլ հարցնես՝ ցույց կտա:

– Չնայած իննսուն մանեթը փող չի, բայց սկզբի համար՝ ոչինչ,- ասաց Սերգեյը:

– Էդ հաստիքի անունն ա սրբագրիչ,- ասաց Աշոտը.- ինքը հիմնականում պիտի հոդված գրի:

– Ի՞նչ հոդված,- հարցրի ես:

– Մի՛ վախեցի,- ասաց Սերգեյը.- հեչ որ չըլնի՝ մեր Չուգունչիկի մասին կգրես:

– Էդ ինստիտուտում չուգունչիկները շատ են,- ասաց Աշոտը.- մեկնումեկի մասին կգրես:

– Կյանքումս հոդված չեմ գրել,- խեղճացա ես:

– Ես էլ չէի գրել,- ասաց Աշոտը.- դժվարն առաջինն ա:

– Կյանքում գրած չկամ,- ասացի ես:

– Բանաստեղծություն որ գրում ես, հոդված կգրես ու կգրես,- ասաց Աշոտը.- բանաստեղծության համեմատ հոդվածը խաղուպար ա:

– Մենակ գերազանցիկների մասին ե՞մ գրելու,- հարցրի ես:

– Չէ,- ծիծաղեց Աշոտը.- գրելու հազար ու մի թեմա կա, Արմո ջան:

– Մեր Չուգունչիկը քեզ փեշքեշ,- ասաց Սերգեյը:

– Մեր թերթի հին համարները որ թերթես, մոտավորապես պատկերացում կկազմես, թե ոնց պիտի գրես,- ասաց Աշոտը:

– Խմբագիրն Արմենի հաշվով կարող ա՞ չեմուչում անի,- հարցրեց Սերգեյը:

– Դժվար թե չեմուչում անի,- ասաց Աշոտը.- ի՛նքն ա ինձ ասել, որ հարմար մարդ գտնեմ:

– Արմենից հարմար մարդ դժվար էլ գտնես,- ասաց Սերգեյը:

– Հա,- ասաց Աշոտը:- Վաբշե խմբագիրը նոր ընդունվողներին փորձաշրջան ա տալի, բայց որ ես իրան ասեմ, կարող ա միանգամից Արմոյի հրամանը տա:

– Մեկն ըլնի՝ քո էդ խմբագրին փորձաշրջան տա,- ասաց Ռուբոն:

– Ի՞նչ փորձաշրջան, ա՛յ Աշոտ,- ասաց Սերգեյը.- Արմենը հո էրեխա չի՞:

– Ես ինձնից կախված ամեն ինչ կանեմ, Սերգո՛ ջան,- ասաց Աշոտը:- Խմբագիրը «Գարունի» էդ բանաստեղծությունները որ կարդա, երեւի միանգամից Արմոյի հրամանը տա: «Գարունի» էդ համարը հետդ կբերե՞ս, Արմո՛:

– Բերելը կբերեմ, Աշո՛տ ջան,- ասացի ես,- բայց կարող ա ինքն էդ բանաստեղծություններս կարդա ու վաբշե հրամանս չտա:

– Ինչի՞,- զարմացավ Աշոտը:

– Կարող ա կարդա ու չհավանի,- ասացի ես:

– Էնտեղ չհավանելու բան չկա,- ասաց Աշոտը:

– Շատ խիտրի ես, Արմեն,- ասաց Սերգեյը.- ընենց ես գրում, որ սաղ հավանում են:

– Չհավանողներ էլ կան,- ասացի ես:- Մարդ էլ կա, որ վաբշե չի հասկանում: Շատ հնարավոր ա, որ Աշոտենց խմբագիրն էլ չհասկանա կամ չհավանի:

– Ես որ էդ բանաստեղծությունները հասկացել եմ, խմբագիրը հաստատ կհասկանա,- ասաց Հայկը:

– Համ կհասկանա, համ էլ կհավանի,- ասաց Աշոտը.- ինքը Գրականության ինստիտուտում դիսերտանտ էլ ա ձեւակերպված:

– Ինքն ո՞վ ա, որ հավանի կամ չհավանի,- գոռաց Ռուբոն:

– Խմբագիրն ի՛նքն ա,- ասաց Սերգեյը.- պեչատն իրա ձեռն ա՝ կուզի հրամանը կտա, չի ուզի՝ չի տա:

– Ձեզ շատ եք ցածրացնում,- ասաց Ռուբոն:- Ձեզ շատ եք ցածրացնում ու էժանացնում: Իրանք պիտի շատ ուրախ ըլնեն, որ Արմենն իրանց մոտ աշխատի:

– Ես շատ ուրախ եմ,- ասաց Աշոտը.- մնում ա՝ խմբագիրն ուրախ ըլնի:

– Ես ինչքան հասկացա՝ իրա ուրախ ըլնելն էլ ա քեզանից կախված,- ասաց Սերգեյը:

– Ես որ Արմենի էդ գրածները հասկացել եմ, ձեր խմբագիրը կհասկանա ու կհասկանա,- ասաց Հայկը.- էլ ի՞նչ խմբագիր, որ չհասկանա:

– Կարող ա հասկանա, բայց չհավանի,- ասացի ես:

– Էնտեղ չհավանելու բան չկա,- ասաց Աշոտը:- Կարծում եմ՝ Արմոյի հարցն արդեն լուծված ա:

– Որ ըտենց ա՝ էս մի բակալով Արմոյին շնորհավորենք ու վեր կենանք,- ասաց Ռուբոն:

– Պիվով չեն շնորհավորում,- ասաց Աշոտը:

– Էդ ի՞նչ մի թերթ ա, որ պիվով չշնորհավորենք,- ասաց Ռուբոն:- Ուզո՞ւմ եք՝ արաղ բերել տամ:

– Չէ,- ասաց Սերգեյը.- պիվով սկսել ենք, պիվով էլ վերջացնենք:

– Սերժիկը ճիշտ ա ասում,- ասաց Հայկը.- որ խառնում ես՝ գլուխդ շատ փիս ցավում ա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել