Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐՈՆՔ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ ՉԱՐԴԱՐԱՑՐԻՆ

Նոյեմբեր 19,2005 00:00

Քաթարում
ավարտվեց ծանրամարտի տղամարդկանց աշխարհի 74-րդ առաջնությունը, որտեղ մեր հանրապետության
ներկայացուցիչներն այդպես էլ ոչ մի մեդալ նվաճել չկարողացան: Հայաստանում
առանձնակի հույսեր էին կապում գերծանր քաշային Աշոտ Դանիելյանի հետ, որը մրցահարթակ
էր մտնելու վերջին օրը: Սակայն, ավաղ, նա էլ տուն է վերադառնում ձեռնունայն: Մեր
մարզիկը պոկում վարժությունում բարձրացնելով 196 կիլոգրամ, հրումում՝ 232, երկամարտի
418 կիլոգրամով գրավեց ընդամենը 6-րդ տեղը: Իսկ կրկին հավասարը չունեցավ պարսիկ Հոսեյն
Ռեզազադեն՝ 461կգ: Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենի Չիգիշեւը 457 կգ-ով բավարարվեց
արծաթե մեդալով: Մրցանակային եռյակը եզրափակեց տանտերերից Սայեդ Ջաբեր Սալեմը՝ 446
կիլոգրամ: Աշխարհի առաջնությունն ավարտվեց: Ծանրամարտի հանրապետության ֆեդերացիան,
կարծում ենք, կքննարկի մերոնց մասնակցության արդյունքները, իսկ ՀԱՕԿ-ը տարին ամփոփելիս
կտա իր գնահատականը: Բայց մինչ այդ ասենք, որ մեր տեսանկյունով հայ ծանրորդները չարդարացրին
սպասելիքները: Հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Հովհաննիսյանը մրցավայր մեկնելուց
առաջ «Առավոտին» տված հարցազրույցում ասել էր, որ նախապատրաստության փուլում խանգարող
ոչ մի հանգամանք չի եղել, մարզումներն ու հավաքներն անցել են ըստ պլանի ու իրենք
որեւէ բողոք չունեն: Բայց կոնկրետ խոստումներ էլ չէր տվել: Նրա խոսքերով՝ թիմի ոչ
բոլոր անդամներն էին ի վիճակի հավակնել մրցանակային տեղերի. «Կան տղաներ, ովքեր կպայքարեն
1-6-րդ, ոմանք էլ՝ 3-8-րդ տեղերի համար»: Թվում է, թե մարզչի խոսքերը մեծամասամբ
իրականացել են, բայց պիտի ասել, որ տղաները հանդես եկան իրենց հնարավորություններից
ցածր: Օրինակ, 69 կգ քաշային Արմեն Ղազարյանը, որ մարզումների ժամանակ բարձրացնում
էր 145+185=330 կիլոգրամ, աշխարհի առաջնությունում ցույց տվեց 142+176=318 կգ՝ գրավելով
4-րդ տեղը: Մինչդեռ՝ բրոնզե մեդալ նվաճած ֆրանսիացու երկամարտի արդյունքը 324 կգ
էր: Նույն քաշում Արթուր Դանիելյանը տանը ուներ 142+180=322 ցուցանիշ, մրցավայրում՝
137+172=309: 77կգ քաշային Հովհաննես Ամրեյանը, ըստ էության, աշխարհի առաջնությունում
ոչինչ չարեց՝ ընդհանրապես զրո վաստակելով: Մինչեւ 85 կգ քաշային, Սիդնեյի
օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արսեն Մելիքյանը դեռ Երեւանում, չնայած ոտքի
վնասվածքին, ունեցել է 160+190=350 կգ ցուցանիշ: Բայց, ինչպես արդեն տեղեկացրել ենք,
նա Քաթարում տապալվեց՝ միայն մեկ հաջող մոտեցում ունենալով պոկում վարժությունում
(162 կգ) ու հրումում ստանալով 0: Միայն Տիգրան Մարտիրոսյանն է, որ աշխարհի
առաջնությունում՝ 172+202=374, բարելավել է այստեղ բարձրացրած կիլոգրամները՝ 170+200=370:
Ինչ վերաբերում է Աշոտ Դանիելյանին, նա ՀՀ գավաթի խաղարկության ժամանակ ցույց
տված 214+250=464 կիլոգրամից Քաթարում պակաս բարձրացրեց ամբողջ 36 կիլոգրամ: Տեղին
է նշել, որ Ռեզազադեն աշխարհի չեմպիոն դարձավ երկամարտի 461 կիլոգրամով: ԱՇՈՏ
ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել