Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ պետք է էվոլյուցիոն զարգացում»

Նոյեմբեր 19,2005 00:00

Ինչը,
արեւմտյան փորձագետների կարծիքով, սկսվում է սահմանադրական փոփոխություններից: Երեկ
հերթը Երեւանի ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ուսանողներինն ու դասախոսներինն
էր՝ լսելու սահմանադրական փոփոխությունների մասին պատգամավորների մեկնաբանություններն
ու «եկեք ազգովի «այո» ասենք հանրաքվեին» կոչերը: Իսկ երեկ պոլիտեխնիկցիների հյուրն
էին ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը (ՕԵԿ), Ոստանիկ Մարուխյանը (ՀՅԴ) եւ Սամվել
Նիկոյանը (ՀՀԿ): Պատգամավորները համբերատար մեկ անգամ եւս անցան սահմանադրական հիմնական
փոփոխությունների վրայով: Սակայն ամենից հատկանշականը Ս. Նիկոյանի արած համեմատությունն
էր՝ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ: Նա հիշեցրեց արեւմտյան փորձագետների կարծիքը, ըստ
որի՝ Վրաստանին պետք էր հեղափոխությունը եւ դրանից Վրաստանը միայն շահեց՝ բացի խոշոր
ներդրումներից, լուծվեց Աջարիայի հարցը եւ այլն: Այնուհետեւ պրն Նիկոյանը մեջբերեց
այդ նույն փորձագետների կարծիքը՝ Հայաստանի մասին, ըստ որի՝ Հայաստանի փրկությունն
իր էվոլյուցիոն զարգացման մեջ է: Իսկ վերջինիս արտահայտությունն էլ նախ սահմանադրական
այս փոփոխություններն են: Փաստորեն, Ս. Նիկոյանը հաստատեց այն, ինչ մինչեւ հիմա հերքվում
էր. այսինքն՝ որ Արեւմուտքը որոշակի պարտավորություններ է դրել մեր առաջ՝ հանձին
սահմանադրական փոփոխությունների: Ավելին՝ Ս. Նիկոյանը հիշեցրեց ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի
հնչեցրած կարծիքը, թե սահմանադրական փոփոխությունները մեծ նշանակություն ունեն հայ
ժողովրդի համար՝ եվրոինտեգրման ճանապարհին: «Եթե դուք հիշում եք, դեսպանը ընդդիմության
կողմից քննադատության ենթարկվեց, թե իբր ԱՄՆ դեսպանը խառնվում է Հայաստանի ներքին
գործերին»,- ներկաներին մեկ անգամ եւս հիշեցրեց պատգամավորը: Եվ դահլիճից կամացուկ
հնչեց. «Իբր այդպես չի, հա՞»: Դահլիճին ընդհանուր առմամբ թույլատրվում էր
միայն անմեղ հարցեր տալ բանախոսներին: Բուհի ռեկտոր Յուրի Սարգսյանը հաշվիչ տեխնիկայի
ամբիոնի պրոֆեսոր, մեքենայական թարգմանության լաբորատորիայի վարիչ Էդուարդ Մանուկյանին
նույնիսկ հնարավորություն չտվեց կարծիք հայտնելու՝ հնարավոր «ոչ»-ի տրամադրությունն
զգալուն պես: Իսկ պրն Մանուկյանը պատրաստվում էր ասել հետեւյալը. «Մինչեւ վերջերս
ես բոլորին իմ շրջապատում քարոզում էի՝ ասել «այո»: Բայց հետո կարծիքս փոխեցի: Եթե
մենք սահմանի հարցը թողնում ենք, որ խորհրդարանը որոշի, այսինքն՝ մարդ, որը չի կռվել,
եւ արդեն իսկ ծախված է… (Է. Մանուկյանը նշում է որոշ մականունավոր պատգամավորների
անուններ- Հ. Բ.): Մարդիկ, ովքեր տնտեսական շահ ունեն, նրանք արդեն իսկ ծախված են,
կախյալ մարդիկ են: Մարքսն ասում էր՝ պրոլետարն ամենաանկախ մարդն է, որովհետեւ ոչինչ
չունի կորցնելու»: Նույն պատճառով էլ պրն Մանուկյանն էր համարձակ խոսում: Թեեւ, մեր
տվյալներով, նրան ամբիոնի վարիչությունից մի անգամ արդեն զրկել են: Պրն Մանուկյանը
շարունակեց. «Պողպատյան Գրիշան, մեր կապի նախկին նախարարը, իմ ընկերն էր, ծախեց «ԱրմենՏելը»,
փողերը դրեց գրպանը, փախավ: Հիմա Բոհեմյան կղզիներում պալատներ ունի, այնտեղ է ապրում:
Մեր պատգամավորներից մեծ մասին էլ կարող ես փողով առնել»: Է. Մանուկյանին, ի թիվս
այլ կետերի, դուր չի գալիս նաեւ այն, թե ով կարող է դառնալ հողի սեփականատեր. «Գրված
է՝ միայն երկրի քաղաքացին, բայց հատուկ դեպքերում նաեւ՝ օտարերկրացին: Դա «լազեյկա»
է, առանց այն էլ պարսիկն ու թուրքը այսօր մեր հողը գրավում են»: ՀԱՍՄԻԿ
ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել