Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ՆՈՐԻՑ SOS ԵՄ ՀՆՉԵՑՆՈՒՄ»

Նոյեմբեր 19,2005 00:00

Ասում
է կրթության նախկին նախարար Աշոտ Բլեյանը – Պարոն Բլեյան, խնդրում եմ մեկնաբանել
Սերգո Երիցյանի հրամանը՝ ձմռան շրջանում հանրակրթական դպրոցների գործունեության կազմակերպման
մասին: – Դրանով արձանագրվում է, որ ՀՀ-ի գոյության 15-րդ տարում հանրակրթությունը
սեզոնային բնույթ ունի: Նախարարն արձանագրում է այն, ինչը փաստացի 15 տարի գոյություն
ունի: 10-15 տարի առաջ նման հրամանը նորմալ եւ հասկանալի կլիներ, իսկ այսպես… ինչի՞
համար է իշխանությունը, պետական կառավարումը, ի՞նչ բարեփոխումների եւ եվրոպական չափանիշների
մասին է խոսքը: Ստացվում է, որ այս բոլորն ասվում է միայն վարկային ծրագրեր ստանալու
համա՞ր: Որ ի՞նչ… Այսօր, ձմռան շեմին առաջնայինը դպրոցների ջեռուցման հարցն
է: Եթե շենքը չի ջեռուցվում, դու չես կարողանում երեխայի առոջությունը չվնասել՝ դպրոց
բացելու իրավունք չունես: Բոլոր պետական գերատեսչությունների, ՏԻՄ-երի, դատարանների,
դատախազությունների զբաղեցրած տարածքներում չկան չջեռուցվող շենքեր: Բայց 10 տարի
առաջ ունեինք եւ դրանց մեծամասնությունն էր չջեռուցվող: Դա նշանակում է, որ վերջին
10 տարում պետական բյուջետային միջոցները մեծերն ուղղել են իրենց տաքացնելու համար:
– Ժամանակին Դուք էլ եղել եք նախարար եւ այդ խնդիրը կար: – 15-րդ տարում
մենք փոխարեն լուծած լինեինք այդ խնդիրը կամ գոնե ունենայինք դրա լուծմանն ուղղված
հանրապետական ծրագիր հաստատեինք, որ մեկ-երկու տարուց կլուծվի, ասում ենք՝ քանի որ
լուծված չէ, ուրեմն՝ երեխաներ, մրսեք կամ դպրոց մի եկեք: Հասկանալի է, որ խնդիրը
բարդ է, նյութական է: Բայց 2006թ. պետական բյուջեն հաստատվեց: Քննարկումների ժամանակ
ԱԺ-ում հնչե՞ց կրթության նախարարի նման անհանգստությունը: ԱԺ-ն պահանջե՞ց կառավարությունից
նման ծրագիր ներկայացնել: Ներկայացնեն՝ տեսնենք ի՞նչ արժե, քանի տարում կարելի է
իրագործել, կա՞ այդպիսի պետական ծրագիր, թե՝ ոչ: Հիմա նախարարությունն աշխատում է
եւ ԱԺ-ին կներկայացվի «2006-2015թթ. կրթության զարգացման պետական ծրագիրը»: Միանգամից
ասեմ՝ անլուրջ ծրագիր: – Ինչո՞ւ: – Որովհետեւ այդ ծրագիրը ենթադրում
է շուրջտարին գործող դպրոց: Պայման, որը չունենք: Բոլոր կարգի իշխանավորները իրենց
տաքուկ տեղերում նստած, եթերից էլ անընդհատ քաղաքապետարանի պատասխանատուներին խոսեցնում
են, որ դպրոցները ջեռուցվում են, երեխաները չեն մրսում՝ նշանակում է անլուրջ, վայրենի
վերաբերմունք դպրոցին, կրթությանը, երեխային: Նշանակում է, որ երեխայի առողջությունը
մեզ համար թիվ մեկ խնդիրը չէ: Այսինքն, երեխաների իրավունքների մասին տեղական եւ
միջազգային բոլոր փաստաթղթերը, Սահմանադրությունը՝ բլեֆ են, խորհրդային շրջանից եկող
«Սիրել երեխաներին» մակագրությամբ դեկորներ: Եթե ուժերը չեն բավարարում այս
հարցը լուծելու համար, ի՞նչ ավանդների վերադարձման մասին է խոսքը: – Դուք
ունե՞ք առաջարկներ: – Վերցնենք Երեւան քաղաքը, որտեղ աշակերտության մոտ 30
տոկոսն է: Ես զրուցել եմ բոլոր մասնագետների հետ: Տեխնիկական առումով որեւէ դժվարություն
չկա: ՀԲ-ն, քաղաքաշինության նախարարությունը, միջազգային մի շարք ոչ կառավարական
կազմակերպություններ վերջին 10 տարում ստեղծել են կաթսայատների լոկալ ցանցեր՝ մոդուլներ:
Մեր դպրոցական շենքերը տիպային են եւ ըստ այդ մոդուլների՝ կարող ենք հարցը լուծել:
Եթե մասսայական շինարարություն է սկսվում՝ կաթսայատների կառուցումն ու սպասարկումը
շատ ավելի մատչելի է դառնում: – Գումարի հարցն ինչպե՞ս պետք է լուծվի: –
250 դպրոցական շենք կա Երեւանում, որից մոտ 50-ում, ըստ քաղաքապետարանի, կան լոկալ
կաթսայատներ: Մասնագետների կարծիքով, դպրոցի մեկ կաթսայատան եւ լոկալ ցանցի միջին
արժեքը 70 հազար դոլար է: 200 դպրոցի դեպքում 14 մլն դոլար է պետք: Կառավարության
երրորդ շենքն է հիմնանորոգվում: Թող դադարեցնեն այդ եւ այլ պետական հիմնարկների շինարարությունը,
գումարներն ուղղեն դպրոցների ջեռուցման հարցերի լուծմանը: 2006-ի բյուջեում կա կրթական
օբյեկտների հիմնանորոգման ծրագիր՝ ամբողջը թող ուղղեն դպրոցական շենքերի համար ջեռուցման
նոր համակարգերի կառուցմանը: «Լինսի» հիմնադրամի վերջին հատկացումներով 20 մլն դոլար
է նախատեսված դպրոցաշինությանը: Եթե այդ ամենը ճիշտ է՝ ուրիշ ի՞նչ ավելի կարեւոր
հարց կա: Վերցրել են փոքրաքանակ աշակերտություն ունեցող ամենահին դպրոցական շենքերը
եւ յուրաքանչյուրի վրա մեկ մլն դոլար պետք է ծախսեն, որպեսզի վերանորոգեն: Ես այդպես
էլ չեմ հասկանում այս ծրագրի տրամաբանությունը: Փորձեցի պարզել՝ որտե՞ղ, ինչպե՞ս
քննարկեցին ու հանգեցին նման որոշման: Ոչ մի պատասխան: Ի վերջո, ինչո՞ւ «Տաք
դպրոց» ծրագիրը չէր կարող լինել «Հայաստան» համահայկական հիմնադրամի թելեթոնի նյութ:
Միայն Արցախի համա՞ր ստեղծվեց այդ հիմնադրամը: Թե՞ երեխաների առողջությունը համահայկական
խնդիր չէ: Բայց, պարզվում է՝ չաշխատող դպրոցը բոլորին ձեռնտու է, ոչ ոք այս
հարցը չի բարձրացնում: Ոչ երեխան, ոչ նրա ծնողը, ոչ էլ նրա ուսուցիչն ու իշխանությունը:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել